Այս պահին ԱՄՆ ներկայացուցիչները մեկնում են Ռուսաստան՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների, հայտարարել է Թրամփը, հույս հայտնել, որ կհաջողվի զինադադարի համաձայնություն կնքել։
Ավելի վաղ՝ Սաուդյան Արաբիայից վերադառնալու ճանապարհին, իռլանդական Շենոնի օդանավակայանում, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն լրագրողներին ասել էր՝ «այսօր կապ կհաստատենք Ռուսաստանի հետ Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի հետ ձեռքբերված համաձայնության հարցով»:
Ուկրաինան երեկ համաձայնել էր 30-օրյա հրադադարի առաջարկին՝ պայմանով, որ Ռուսաստանը ևս կընդունի այն։ Մոսկվայից առայժմ չեն շտապում հստակություն մտցնել: Կրեմլի խոսնակն ասել է՝ ոչինչ մեկնաբանել չեն կարող, քանի դեռ ԱՄՆ-ից մանրամասն տեղեկություն չեն ստացել բանակցությունների մասին։
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Քիչ առաջ, արդեն 5-րդ անգամ, ձերբակալեցին օրենսդրությամբ նախատեսված պահնորդական ծառայություն մատուցող ընկերության աշխատակիցներին, որոնք օրենքով թույլատրված պայմանագրային հիմունքներով ծառայություն են մատուցում Արթուր Վանեցյանին։
Ուղիղ եմ ասում, սա ոստիկանության կողմից կատարվող հանցագործություն է․․․»
Արդեն 1 օր է՝ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում ավելի քան 200 ուղևոր է մնացել. UTair ավիաընկերության դեպի Երևան չվերթը հետաձգվել է ինքնաթիռի շարժիչի խափանման պատճառով, հայտնել է Shot թելեգրամյան ալիքը:
Boeing 767-ը պետք է օդ բարձրանար երեկ ժամը 21:40-ին, սակայն թռիչքը նախ հետաձգվել է 3 ժամով, իսկ հետո՝ 5 անգամ անընդմեջ։ Կատաղած ուղևորները բողոքում են, որ ավիաընկերությունը ոչ մի բացատրություն չի տալիս։
Նրանց խոստացել էին, որ չվերթը կիրականացվի այսօր ժամը 15:00-ին, սակայն թռիչքը կրկին հետաձգվել է։ Մեկնումը տեղափոխվել է 21:50-ին, բայց սա միանշանակ չէ։
Այս պահին ավիաընկերությունը ուղևորներին սննդի համար վճարել է մոտ 1400 ռուբլի։
Քիչ առաջ երկրաշարժ է գրանցվել Հայաստանում։ Ֆեյսբուքյան օգտատերերն իրենց գրառումներում հայտնում են, որ թույլ ցնցումներ են զգացել: Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ուժգնությունը կազմել է 2,8 մագնիտուդ, օջախը գտնվել է Երևանից 7 կմ հեռավորության վրա:
ԱՄՆ-ն դրական պատասխան է սպասում Ռուսաստանից՝ ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկի վերաբերյալ, Sky News-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
Վաշինգթոնը Մոսկվային կոչ է անում դադարեցնել ռազմական բոլոր գործողությունները։ «Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- նշել է նա:
Ռուբիոն նաև ասել է, որ ԱՄՆ-ն ուկրաինական պատվիրակության հետ բանակցությունների ընթացքում քննարկել է տարածքային զիջումների հարցը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ծրագրում է այսօր կապ հաստատել Ռուսաստանի հետ, սակայն դեռ պարզ չէ՝ ինչպես Մոսկվան կարձագանքի հրադադարի առաջարկին:
Երևանում մարտի 12-ի ցերեկը, 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:
Մարզերում մարտի 12-ի ցերեկը, 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևելյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 12-ի ցերեկը, 13-17-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Կառավարությունն ապրիլից կկրճատի տեղահանված արցախցիներին տրվող 50 հազարական դրամի աջակցության ծրագիրը։
Tert.am-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը:
Նախորդ տարեվերջից նոր ծրագիր է ընդունվել, որը տրամաբանական շարունակությունը պետք է լիներ 40+10 հազար դրամ ծրագրի։ Մանուչարյանի խոսքով՝ 2025 թվականի հունվար ամսից Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար գործում է աջակցության ծրագիրը, իսկ 40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը հունվարից այլևս չի գործում.
«Դրա փոխարեն ընտանիքի ամեն մի անձին 50 հազար դրամի չափով աջակցության ծրագիր ենք գործարկել, որը բոլորի համար չէ ու առաջիկա ամիսներին գնալով նվազելու է: Այս պահին ոչ միայն խոցելի խմբերը, այլ բոլորը, հունվարից մինչև մարտ ամսվա վերջ ստանալու են անձը 50 հազար դրամ, իսկ արդեն ապրիլից ստանալու են թիրախային խմբերը՝ որոնք են ՝ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, կերակրողին կորցրած անձինք, մինչև 18 տարեկանները և կենսաթոշակառուները։ Այս անձինք ապրիլ, մայիս և հունիս ամիսներին ստանալու են անձը 40 հազար դրամ աջակցություն, իսկ արդեն հուլիսից այդ 40 հազարը կդառնա 30 հազար դրամ», -ասաց Մանուչարյանը:
Թե ինչով է պայմանավորված այս նվազումը, Մանուչարյանը պարզաբանում է ՝ նախարարությունը միշտ ասում է, որ անում են միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր, սա մեկն էր միջնաժամկետ ծրագրերից։
«Երկարաժամկետը բնակապահովման ծրագիրն է, որը այս պահին էլ գործում է, որին մեր հայրենակիցները դիմում են և սերտիֆիկատ են ստանում։ Նախարարությունը զուգահեռ իրականացնում է նաև բնակապահովման պետական աջակցության ծրագիրը: Դեռ նախորդ տարվանից մեր հայրենակիցներին ծանուցել ենք, որին զուգահեռ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մեկ այլ ծրագիր է դրել հանրային քննարկման, որ աջակցություն տրվի այն ընտանիքներին, ովքեր անապահով են և ունեն լրացուցիչ աջակցության կարիք»,-ասաց Մանուչարյանը:
Այժմ աջակցության ծրագիրը հանրային քննարկման փուլում է, որը առաջիկայում կքննարկվի կառավարության նիստում:
Ուկրաինայի Նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձելու են 30 օրում լիակատար հրադադար հաստատել ռազմաճակատի ողջ երկայնքով։ Այս մասին հայտնել է Վլադիմիր Զելենսկին Facebook-յան իր էջում։
«Ամերիկյան կողմը հասկանում է մեր փաստարկները, ընդունում է մեր առաջարկները: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Նախագահ Թրամփին մեր թիմերի զրույցի կառուցողական լինելու համար», - ասել է Զելենսկին։
Ամերիկյան կողմից առաջարկ է եղել անհապաղ կատարել առաջին քայլը և փորձել 30 օրում լիակատար հրադադար հաստատել ռազմաճակատի ողջ երկայնքով:
«ԱՄՆ-ն պետք է համոզի Ռուսաստանին դա անել», - հավելել է նա։
«Ուկրաինան պատրաստ է խաղաղության։ Ռուսաստանը պետք է ցույց տա, որ պատրաստ է դադարեցնել պատերազմը կամ շարունակել այն։ Ժամանակն է ամբողջական ճշմարտության», - եզրափակել է նախագահը։
Իշխանական օլիգարխ-պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի թիկնապահներն ազատ են արձակվել։
Հիշեցնենք, որ ՆԳՆ դիմակավորված անձինք երեկ Թումանյան փողոցում կանգնեցրել են Խաչատուր Սուքիասյանի` «Գռզո»-ի թիկնապահներին, գետնին պառկեցրել ու բերման ենթարկել։
ՆԳՆ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ երեկ 4 անձ բերման է ենթարկվել՝ ապօրինի զենք պահելու հիմքով: Նրանք արդեն ազատ են արձակվել։
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի զրույցը տեղի կունենա հաջորդ ուրբաթ։ Այս մասին, ըստ Լուրերի, Telegram-ի իր ալիքում հայտնել է Կրեմլի լրագրող Դմիտրի Սմիրնովը։
«Պուտինի զրույցը Թրամփի հետ տեղի կունենա ուրբաթ օրը, և դա կլինի ավելին, քան պարզապես հեռախոսազանգ»,- Eadaily-ի փոխանցմամբ՝ գրում է Սմիրնովը։
Նա այսպես է մեկնաբանել Թրամփի այսօրվա հայտարարությունը.
ԱՄՆ առաջնորդը Սպիտակ տան մոտ լրագրողներին ասել է, որ այս շաբաթ կզանգահարի Պուտինին։
«Ես կխոսեմ Վլադիմիր Պուտինի հետ, տանգոյի համար երկուսն են պետք, ինչպես ասացի։ Հուսով եմ, որ նա նույնպես կհամաձայնի, և ես վստահ եմ, որ սա արդեն 75 տոկոսով կլինի այս խնդրի լուծումը, մնացածը վերաբերում է փաստաթղթերին, ցամաքային բանակցություններին։ (Այս շաբաթ կխոսե՞ք նրա հետ։) Կարծում եմ՝ այո»,- ասել է Թրամփը։
Թարգմանությունը՝ Մանուել Թամազյանի