Հայաստանը պատրաստ է հյուրընկալել «3+3» ձևաչափով հերթական նախարարական հանդիպումը, ինչի մասին ՀՀ իշխանությունները հայտարարել էին դեռևս 2024 թվականին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ պատասխանելով մեր գրավոր հարցմանը։
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը մայիսին հայտարարել էր, որ «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի hաջորդ հանդիպումները պետք է կայանան Երևանում և Բաքվում՝ կողմերի որոշած հերթականությամբ։
«Դեռևս 2024 թ. հոկտեմբերի 18–ին Ստամբուլում կայացած «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի 3–րդ հանդիպման շրջանակում Հայաստանը հայտարարել է նախարարների հաջորդ հանդիպումն ընդունելու պատրաստակամության մասին»,– ասված է ԱԳՆ–ի պատասխանում։
Գերատեսչությունը հավելել է, որ հաջորդ հանդիպման ժամկետների և անցկացման վայրի մասին որոշակիություն լինելուն պես անպայման կտեղեկացնեն լայն հանրությանը:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ «3+3» հարթակի վերջին նիստը տեղի է ունեցել Ստամբուլում 2024 թվականի հոկտեմբերին։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզպետի աշխատակազմը մշակել է նախագիծ, որից պարզ է դառնում՝ միաձուլվելու են Սյունիքի մարզի Որոտանի և Լծենի հիմնական, Շամբի և Վաղատինի միջնակարգ դպրոցները: Արդյունքում գործելու է Վաղատինի միջնակարգ դպրոց։ Որոտանի դպրոցում սովորում է 20, Լծենի դպրոցում՝ 8, Շամբի դպրոցում՝ 46, Վաղատինի դպրոցում՝ 46 աշակերտ։
Նշվում է՝ իրավական ակտի ընդունումը բխում է գյուղական բնակավայրերում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության և հանրակրթության որակյալ արդյունքի ապահովման անհրաժեշտությունից։ Նախագծի ընդունման պարագայում բնակավայրերի դպրոցահասակ երեխաների կրթության կազմակերպումը կիրականացվի Սյունիքի մարզի «Վաղատինի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում՝ ապահովելով նրանց տեղափոխումը։
Որոշման ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Ֆինանսավորումն իրականացվելու է ԿԳՄՍՆ 2022 թ. դեկտեմբերի 7-ի N79-Ն հրամանով, դրա արդյունքում ակնկալվում է պահակների, հավաքարարների, հաշվապահների, տնօրենների և այլ հաստիքների մասով 15489,2 հազար դրամ գումարի տնտեսում (գումարի մեջ չի հաշվարկվել միաձուլման արդյունքում առաջացող ծախսերը՝ վերջնահաշվարկի, ծանուցումների և նախորդ ամսվա պահպանման ծախսերի մասով):
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Ռուսական հինգ օդանավակայաններ գիշերը սահմանափակումներ են մտցրել, հայտնում է «Ռոսավիացիան»։
Գերատեսչության տվյալներով՝ Իվանովոյի (Յուժնի), Կալուգայի (Գրաբցևո), Նիժնի Նովգորոդի (Ստրիգինո), Տամբովի (Դոնսկոյե) և Յարոսլավլի (Տունոշնա) օդանավակայաններում Մոսկվայի ժամանակով ժամը 07:00-ին վերացվել են ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումները։
Նշվում է, որ սահմանափակումները մտցվել են ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։
«Ինքնաթիռների անձնակազմերը, օդային երթևեկության կարգավարները և օդանավակայանի ծառայությունները ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ միջոցները թռիչքների անվտանգությունն ապահովելու համար. սա առաջնահերթություն է», - նշել է Ռոսավիացիան։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է մշակել միջոցառումներ՝ ասիական երկրներից ռուսական շուկա փաթեթավորման նյութերի, մասնավորապես՝ «ТетраПак»-ի մատակարարումները սահմանափակելու համար՝ տեղական արտադրողներին աջակցելու նպատակով։
Պուտինի՝ ձեռնարկատերերի հետ հանդիպման ժամանակ «Փաթեթավորման համակարգեր» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Կրիվոլապովը հայտնել է, որ կաթի, հյութերի և այլ ապրանքների փաթեթավորման նյութերի ռուսաստանյան արտադրողները ներկայում դժվարանում են մրցակցել ասիական երկրների, դրանց թվում՝ Հնդկաստանի և Չինաստանի ընկերությունների հետ։
Միաժամանակ, տնտեսական զարգացման նախարարության ղեկավար Մաքսիմ Ռեշետնիկովը պարզաբանել է, որ ըստ Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոնների, Մոսկվան չի կարող 5%-ից բարձր մաքսատուրք սահմանել բարեկամ Հնդկաստանից և Չինաստանից փաթեթավորման նյութերի ներմուծման համար։
«Նուրբ մեխանիզմներ կան… Պետք է գործարկել դրանք, կան բոլոր մեխանիզմները։ Հանգիստ և ռիթմիկ աշխատելու դեպքում ամեն ինչ կարելի է անել», -մեկնաբանել է Պուտինը։
«Դրանք այնքան մեծ են, մեր բոլոր այդ մրցակիցները, ճարտար և հմուտ վարպետներ, նրանք այնքան շատ են մանիպուլացնում այդ բոլոր տոկոսները...», - Ըստ РИА Новости-ի՝ հավելել է ՌԴ առաջնորդը։
ՀԱՄԱՍ-ն ընդունել է Գազայում հաշտություն հաստատելու վերաբերյալ ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի առաջարկը. գրում է Reuters-ը՝ հղում անելով խմբավորմանը մոտ կանգնած պաղեստինցի պաշտոնյային: Այս քայլը կարող է ճանապարհ հարթել պատերազմի ավարտի համար:
Առաջարկը, որը ներառում է 10 պատանդի ազատում և 70-օրյա հաշտություն, ՀԱՄԱՍ-ին է փոխանցվել միջնորդների միջոցով: Այն նաև նախատեսում է Իսրայելի կողմից պաղեստինցի մի շարք բանտարկյալների, այդ թվում՝ երկարաժամկետ ազատազրկման դատապարտված հարյուրավոր անձանց ազատում:
Հնչում է ինչպես գիտաֆանտաստիկ սյուժե, բայց սա գիտական փաստ է. Նյու Յորքի ֆիզիկոսները առաջին անգամ փորձարարորեն հաստատել են «ժամանակի հայելիների» գոյությունը՝ մի երևույթ, որի դեպքում ալիքները բառացիորեն շրջվում են ժամանակի մեջ։ News.am-ը հայտնում է, որ CUNY-ի առաջադեմ հետազոտությունների կենտրոնի դոկտոր Հուսեյն Մուսայի գլխավորությամբ թիմը օգտագործել է ֆուտուրիստական մետամատերիալ՝ մետաղական շերտ՝ ներկառուցված էլեկտրոնային բաղադրիչներով: Ճշգրիտ էներգետիկ իմպուլսից հետո կառույցի ներսում անհնարինն է տեղի ունեցել. էլեկտրամագնիսական ալիքը փոխել է իր ուղղությունը... ժամանակի ընթացքում։
Ինչպես գրում է Earth.com-ը, դա նման է «տիեզերքի վրա չեղարկման կոճակը սեղմելուն»։ Կամ, ինչպես ասում է TikTok-ի օգտատերերից մեկը. «Ժամանակը գիծ չէ։ Սա ալիք է։ Եվ մենք նոր ենք սկսում սովորել, թե ինչպես սերֆինգ անել դրա վրա»։
Ի տարբերություն սովորական հայելու, որը արտացոլում է ազդանշանը տարածության մեջ, «ժամանակի հայելին» փոխում է ժամանակային հաջորդականությունն ինքնին. ալիքի հաճախականությունը փոխվում է, և ամեն ինչ տեղի է ունենում այնպես, կարծես իրականությունը վերաշարադրվել է։
Հայտնագործությունը, որը հրապարակվել է Nature Physics ամսագրում, ապագայում կարող է արմատապես փոխել տվյալների փոխանցման եղանակը և համակարգիչների աշխատանքի եղանակը։ Առայժմ դա պարզապես պայթեցնում է սոցիալական ցանցերի և գիտական շրջանակների մտքերը։
Սակայն ֆիզիկոսները միակը չեն, ովքեր նայում են ժամանակի սահմաններից այն կողմ։ Նյարդաբանները պնդում են, որ մարդու ուղեղը, հնարավոր է, նման հնարքներ է խաղացել երկար ժամանակ։
2021 թվականին Ֆրանսիայի և Նիդեռլանդների գիտնականները, դիտարկելով էպիլեպսիայով հիվանդներին, որոնց ուղեղում էլեկտրոդներ էին տեղադրված, հայտնաբերեցին այսպես կոչված «ժամանակի բջիջներ»՝ նեյրոններ, որոնք ակտիվանում էին որոշակի հաջորդականությամբ նույնիսկ արտաքին խթանների լիակատար բացակայության դեպքում։
«Մենք պարզեցինք, որ ուղեղն ունի ժամանակի ներքին զգացողություն, որը անկախ է արտաքին աշխարհից»,-Vice-ին ասել է նյարդաբան Լեյլա Ռեդդին։
Հենց այս ժամանակավոր նեյրոններն են, ըստ հետազոտողների, որոնք կարող են հիմք հանդիսանալ «մտավոր ժամանակի մեջ ճանապարհորդության» երևույթի՝ ոչ միայն տեղի ունեցածը հիշելու, այլև այն ժամանակն ու տեղը հիշելու կարողության համար։ Պարզ ասած, ձեր ուղեղը կարող է «հետ պտտել» անցյալը, ինչպես հին VHS ժապավենը։
Այսօր ֆիզիկոսները սովորում են կառավարել ժամանակը մետամատերիալների միջոցով, իսկ նյարդաբանները՝ վերծանել մեր ներքին քրոնոմետրը։ Մի բանի շուրջ նրանք համաձայն են՝ որ անցյալն այլևս այդքան անփոփոխ չի թվում, իսկ ապագան շատ ավելի տարօրինակ է, քան մենք կարծում էինք։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի երեկոյան Կրեմլում ընդունել է այցով Մոսկվայում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հիշեցրել էր, որ Մոսկվայում Ֆիդանի հետ բանակցություններում գլխավոր գործընկերը լինելու է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, և «այդ բանակցությունների գլխավոր թեման կլինի երկկողմ հարաբերությունների քննարկումը»։ «Իհարկե, ուկրաինական հարցի շուրջ կարծիքների փոխանակումը նույնպես պարտադիր կլինի»,- ասել է Պեսկովը։
Ըստ թուրքական լրատվամիջոցների, երկուշաբթի կեսօրին Ֆիդանը արդեն հանդիպել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու հետ, ով գլխավորում էր ռուսական պատվիրակությունը վերջին երեք տարվա ընթացքում Ստամբուլում ռուս-ուկրաինական առաջին ուղիղ բանակցություններում։
Իրանի փոխարտգործնախարար Սայիդ Խաթիբզադեն հայտնել է, որ իրանական կողմը պլանավորում է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցը Երևան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իրանցի պաշտոնյան ասել է «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում:
Փոխնախարարը շեշտել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները շատ լավ մակարդակի վրա են, իրականացվում են դիվանագիտական ամենաբարձր մակարդակի փոխայցեր: Իրանցի փոխնախարարը նշել է, որ հենց այս շաբաթվա ընթացքում ևս հինգ պաշտոնական պատվիրակություններ պետք է այցելեն Հայաստան՝ միաժամանակ հիշեցնելով, որ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նախորդ շաբաթ այցելել է Իրան:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:
Կրեմլը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությունը, թե Վլադիմիր Պուտինը «լիովին խելագարվել է», բացատրել է Ուկրաինայի հարցով բանակցությունների մեկնարկից հետո «հուզական գերծանրաբեռնվածությամբ»։
«Իհարկե, բանակցային գործընթացի սկիզբը, որի համար ամերիկյան կողմը մեծ ջանքեր է գործադրել, շատ կարևոր նվաճում է։ Մենք շնորհակալ ենք ամերիկացիներին և անձամբ նախագահ Թրամփին՝ բանակցային գործընթացը կազմակերպելու և մեկնարկի հարցում ցուցաբերած աջակցության համար։ Սա շատ պատասխանատու պահ է, որը կապված է բացարձակապես բոլորի հուզական ծանրաբեռնվածության և հուզական արձագանքների հետ»,- ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ Պուտինը կայացնում է որոշումներ, որոնք «անհրաժեշտ են Ռուսաստանի անվտանգությունն ապահովելու համար», իսկ Ուկրաինայի տարածքում հարվածները որակել է որպես ուկրաինական հարձակումներին պատասխան։ «Ուկրաինացիները հարվածում են մեր սոցիալական ենթակառուցվածքներին, մեր խաղաղ ենթակառուցվածքներին։ Սա պատասխան հարված է»,- ասաց Կրեմլի խոսնակը։
Թրամփը նախորդ օրը լրագրողներին ասել էր, որ «դժգոհ է Պուտինի քայլերից» և «անվերապահորեն» քննարկում է Ռուսաստանի դեմ ավելի խիստ պատժամիջոցներ կիրառելու հարցը։ Ավելի ուշ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել էր. «Պուտինի հետ ինչ-որ բան է պատահել, նա «խելագարվել է»։
Ֆրանսիան և Վիետնամը ստորագրել են Airbus ինքնաթիռների, պաշտպանական և այլ ոլորտներում համագործակցության վերաբերյալ համաձայնագրեր, որոնց արժեքը գերազանցում է 10 միլիարդ դոլարը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Համաձայնագրերը ստորագրվել են նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հանոյ այցի շրջանակում, որի նպատակն է ԱՄՆ-ի կողմից սահմանված բարձր մաքսատուրքերի ռիսկերի ֆոնին մեծացնել Ֆրանսիայի ազդեցությունը նախկին գաղութում։
Մակրոնը նշել է, որ իր այցի ընթացքում Վիետնամում ստորագրել է 9 միլիարդ եվրոյի (10,25 միլիարդ դոլար) համաձայնագրեր։
Դրանք վերաբերում են 20 Airbus ինքնաթիռների գնմանը, միջուկային էներգիայի, պաշտպանության, երկաթուղային և ծովային տրանսպորտի, Airbus-ի Երկրի դիտարկման արբանյակների և Sanofi պատվաստանյութերի ոլորտում համագործակցությանը։
Այցը նշանակալից է նաև այն առումով, որ գրեթե մեկ տասնամյակի ընթացքում առաջին անգամ է Ֆրանսիայի նախագահ այցելում Վիետնամ։
Ընդհանուր առմամբ, ստորագրվել է 14 համաձայնագիր՝ չնայած Ելիսեյան պալատն այցից առաջ ավելի մեծ թիվ էր ասել, սակայն պաշտոնյաներից մեկի խոսքով՝ մայիսի 27-ին ակնկալվում է ավելի շատ համաձայնագրերի մասին հայտարարություն։
Մամուլի համար արված հայտարարություններում Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը նավարկության ազատությանը, ինչը Վիետնամի համար չափազանց կարևոր հարց է, քանի որ երկիրը Հարավչինական ծովում վիճելի սահմանների պատճառով հաճախ բախվում է Պեկինի հետ։
Վիետնամի նախագահ Լուոնգ Կուոնգն իր հերթին նշել է, որ պաշտպանական գործընկերությունը ներառում է «ռազմավարական հարցերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակում» և պաշտպանական արդյունաբերության, կիբերանվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում ավելի ուժեղ համագործակցություն։
Ֆրանսիան մոտ 70 տարի կառավարել է Վիետնամը, մինչև 1954 թվականին դուրս է մղվել երկրի հյուսիսում գտնվող Դիեն Բիեն Ֆու քաղաքի մոտ կրած խոշոր պարտությունից հետո։ Վերջին տասնամյակներում կապերը բարելավվել են՝ նախորդ տարի հասնելով ամենաբարձր մակարդակի։