«Փաստ» օրաթերթը գրում է.
Հաճախ կարելի է քաղաքական գործիչներին ու հատկապես լրատվամիջոցներին ուղղված դիտողություններ լսել, թե Փաշինյանի ասածներին, ամեն մի ստին չարժե անդրադառնալ: Ուղղակի պետք է արհամարհել և այսպիսով նրան որոշակի «բլոկադայի» ենթարկել: Դիտողություններ անողները նկատում են, որ Փաշինյանի ուզածն էլ հենց այն է, որ իր ցանկացած արտահայտություն, այդ թվում՝ արտաքուստ սենսացիոն, արձագանք ստանա ու այդպիսով տարածվի:
Առհասարակ, ասվածի մեջ որոշակի ճշմարտություն կա: Այո, դա ագրեսիվ «փիարի» եղանակներից մեկն է (ինչպես, ասենք, այն մոտեցումը, թե՝ «կարևոր չէ՝ ինչ են խոսում քո մասին, կարևորը, որ խոսում են»):
Բայց...Լրատվամիջոցները, մեծ հաշվով, չեն կարող չանդրադառնալ: Դա իրենց աշխատանքի մի մասն է: Ինչ վերաբերում է քաղաքական դաշտին կամ գործիչներին, ապա այստեղ պետք է մի քանի հակա-դիտողություն անել: Տեսեք, եթե չեն հակադարձում ստերին, դրանք չեն մերկացնում, հասարակությանը չեն բացատրում, թե ինչն է սուտ, կամ որտեղ ու ինչով են իրեն մոլորեցնում, դա նշանակում է, որ թույլ են տալիս, որ այդ սուտը հանրային ընկալման մեջ ավելի արմատավորվի:
Առավել ևս, որ տարիներ շարունակ, նույն «նախկինների» օրոք, հաճախ պատշաճ հակադարձում չի եղել նույն Փաշինյանի ու ոչ միայն նրա կողմից տարածվող ստերին, կեղծիքներին, նենգախեղումներին: Հետևա՞նքը: Իսկ հետևանքն ահավոր է:
Հենց այդ՝ ժամանակին չհակադարձված ու չմերկացված ստերի վրա հյուսվել են կայուն կաղապարներ, «միֆեր», ա ն խախտ «պատկերացումներ » , որոնք ոչ մի աղերս չունեն իրականության հետ: Կան միջազգային ուսումնասիրություններ, որոնց համաձայն, Հայաստանում նախկին տարիների հետ կապված ինֆորմացիոն կեղծիքը կազմում է մոտ 80 տոկոս: Այսինքն, Փաշինյանի ու նրա նման «քարոզիչների» հյուսած պատկերները և դրանց վրա ձևավորված հանրային պատկերացումներն առնվազն 80 տոկոսով շեղվում են իրականությունից:
Այնպես որ, ստերի ու մանիպուլյացիաների մերկացումը պարտադիր է: Առանց այն էլ խեղաթյուրված ընկալումների առումով բավականին ծանր վիճակում ենք: Մարդկանց աչքի առաջ իրենց երկրի մի ահռելի մասը տվեցին թշնամուն, իսկ շատերը խոսում էին... ինչից ասես, միայն թե ոչ դրանից:
Ի դեպ, հիմա արդեն կարելի է նաև լսել, թե մարդկանց աչքերը վերջապես բացվում են, մարդիկ սկսում են տեսնել: Կարծում ենք, որ դա տեղի է ունենում նաև այն բանի շնորհիվ, որ կան պաշտոնական քարոզչության ու թիվ 1 քարոզիչի ստերն առանց հոգնելու գրանցողներ, նրա ասածների սուտը «բռնողներ» ու մերկացնողներ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրու ընտրություններից առաջ իշխանությունն այլեւս չի կարողանում քողարկել իր ջղաձգումները։ Շուրջօրյա ռեժիմով աղմկահարույց շոուներ են բեմադրվում՝ իշխանության՝ շրիշակից ցածր վարկանիշը բարձրացնելու եւ այս անգամ էլ ընտրություններում հաղթելու համար:
Այդ ճանապարհին չեն խնայում անգամ յուրայիններին․ նախօրեի գիշերը մասկի-շոու արեցին Խաչատուր Սուքիասյանի թիկնազորի նկատմամբ, երեկ գլխավոր դատախազը միջնորդություն ուղարկեց ԱԺ՝ երկու պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, հերթական` 5-րդ անգամ բերման էր ենթարկվել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի թիկնազորը, որն օրինական կարգով ձեւակերպված ծառայություն է մատուցում:
Ուրբաթ օրը ՔՊ-ի հետ փակ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը չի թաքցրել իր տագնապներն ու վախերը Գյումրու ընտրությունների հետ կապված եւ հասկացրել է թիմին, որ դա իրենց վերջի սկիզբն է լինելու, ուստի յուրաքանչյուր ոք պետք է անմասն չմնա մարտի 30-ին կայանալիք ընտրություններից։
Տեղեկացանք նաեւ, որ Փաշինյանն ուժային կառույցներին հրահանգել է՝ ինչքան հնարավոր է, շատ աղմկահարույց գործեր բացահայտել եւ հրամցնել հանրությանը, որ համոզեն, թե ինքը կատարում է իր խոստումները»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
«Հրապարակ» թերթը գրում է. «Ամիսներ առաջ վառելանյութի գործով արդարացված ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին երեկ նոր մեղադրանք ներկայացվեց՝ առանձնապես խոշոր չափերով յուրացման կամ վատնման, պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։
Ըստ դատախազության, այս գործն առնչվում է Երեւանի Իսակովի պողոտային եւ Եռաբլուր պանթեոնին հարակից տարածքների հողամասերի ապօրինի օտարմանը: Իրականում այդ հողամասերը բավականին հեռու են Եռաբլուրից, պարզապես հատուկ քարոզչական նկատառումներով ընդգծում են «Եռաբլուր» անունը, որ հանրության մոտ ցասում առաջացնեն նախկինների նկատմամբ:
Խնդրո առարկա հողակտորների մեծ մասը դիմացի մայթին են: Չնայած երեկ Սերժ Սարգսյանի փաստաբանը լրատվամիջոցներին հրաժարվել էր հայտնել, թե ում են վաճառվել այդ հողերը, սակայն մենք պարզեցինք, որ հողակտորների մեծ մասը վաճառվել է կառավարության որոշման հիման վրա՝ ՀՀ-ում Չինաստանի դեսպանությանը։
Գործարքը տեղի է ունեցել 2005 թվականին, այժմ այդ տարածքում է տեղակայված ՀՀ-ում Չինաստանի դեսպանությունը, տարածքը, ըստ էության, նրանց սեփականությունն է հանդիսանում, եւ այս գործով, փաստորեն, կարող են սեպ խրել նաեւ հայ-չինական հարաբերություններում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարո
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ներկայացուցիչներն այս պահին Ռուսաստանի ճանապարհին են։ Այս մասին, Sputnik Արմենիայի փոխանցմամբ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը փաստել է, որ ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ շփումների մասին պայմանավորվածություն դեռևս չկա:
«Դրան դեռ չի հասել»,-Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը:
Նրա խոսքով՝ Վլադիմիր Զելենսկին նախկինում չէր ցանկանում Ուկրաինայում խաղաղություն հաստատել, սակայն այժմ համաձայնել է։ «Այժմ նա համաձայնել է խաղաղության, տեսնենք, թե ինչ կլինի հետո»,- ասել է ամերիկացի առաջնորդը։
Ավելի վաղ ամերիկացի առաջնորդը հայտարարել էր, որ սպասում է անհապաղ հրադադարի առաջարկին ՌԴ-ի համաձայնությանը, արդեն Մոսկվա է մեկնել ամերիկյան պատվիրակությունը:
Թրամփն ասել է, որ ուկրաինական կարգավորման համատեքստում քննարկվել է ոչ միայն հրադադարի, այլև տարածքային հարցը։
«Մենք քննարկել ենք նաև հողային և այլ հարցեր, որոնք կապված են սրա հետ... Մենք մանրամասն քննարկել ենք, թե ինչից պետք է հրաժարվել, քանի որ չենք ուզում ժամանակ կորցնել»,- ասել է նա։
Նախօրեին կայացել են Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների բանակցությունները, որոնց արդյունքում ամերիկյան վարչակազմը կոչ է արել անհապաղ հրադադարի ռեժիմ հաստատել: Վլադիմիր Զելենսկու գրասենյակը հրապարակել է Կիևի և Վաշինգտոնի համատեղ հայտարարությունը բանակցությունների արդյունքների վերաբերյալ, որում նշվում է, որ Ուկրաինան պատրաստ է 30 օրով հրադադար հաստատելու ԱՄՆ-ի առաջարկին, այն կարող է երկարաձգվել կողմերի համաձայնությամբ: Փաստաթղթում նաև ասվում է, որ ԱՄՆ-ն անմիջապես չեղարկում է հետախուզական տվյալների փոխանակման դադարը և վերականգնում է ռազմական մատակարարումներն Ուկրաինային: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կիևը պատրաստ է լիակատար հրադադարի, այժմ Վաշինգտոնը սպասում է Մոսկվայի արձագանքին:
Մարտի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ավանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ նույն օրը ժամը 12։00-ի սահմաններում Ավան վարչական շրջանի դպրոցներից մեկի 7-րդ դասարանի դասասենյակում վիճաբանության է տեղի ունեցել աշակերտների միջև։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ օպերատիվ տեղեկության, վիճաբանության ժամանակ նշված դասարանի աշակերտներ՝ Երևանի բնակիչներ 12-ամյա Հ․ Ա․-ն և 12-ամյա Ա․ Վ․-ն ձեռքերով հարվածներ են հասցրել Երևանի բնակիչ 13-ամյա Ս․ Զ․-ի դեմքին և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Ոստիկանության Ավանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ Հ. Ա․-ին և Ա. Վ․-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Ավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, մարտի 5-ին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նազարբեկյան թաղամասի 15/8 հասցեում գտնվող «Սայադյան» ՍՊԸ մանկապարտեզից առգրավված տեսագրությունների զննությամբ պարզվել է, որ 2021 թվականի փետրվարի 25-ին ժամը 16։10-ի սահմաններում միջին խմբի դաստիարակ Սիլվի Ջ․-ն մոտենալով սաներից Ս․ Հ․-ին բռնում է հագուստի գլխարկի շրջանից, բարձրացնում աթոռից և ձեռքով հարկադրաբար նստեցնում գետնին, որից հետո երեխայի ձեռքից վերցնելով բարձրացնում է վերև և նույն գործողությունը կատարում է մի քանի անգամ, մինչև երեխան գետնից հավաքում է մատիտները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեսագրությունում երևում է նաև, որ նույն օրը ժամը 16։45-ի սահմաններում Սիլվի Ջ․-ն մոտենում է աթոռին նստած սաներից Մ․ Պ․-ին, ով ընկնում է գետնին, որից հետո ձեռքից քաշելով բարձրացնում է երեխային և մեկ անգամ ձեռքով հարվածում դեմքին, իսկ քիչ անց Սիլվի Ջ․-ն մեկ անգամ հարվածում է նաև սաներից Դ․ Զ․-ի դեմքին:
Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 196 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Բացարձակ իրականության հետ կապ չունեցող մեղադրանք է, ամբողջությամբ քաղաքացիա-իրավական գործարքներ են, որոնք Դատախազության կարծիքով, իրենց տված գնահատականներով՝ բերել քրեականացրել են քաղաքացիա-իրավական գործարքները», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը՝ անդրադառնալով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ ներկայացվող մեղադրանքին։
«Պարոն նախագահը եղել է պաշտպանության նախարար, ինչպես հիմա, այնպես էլ առաջ պետության սեփականություն համարվող գույքեր օտարվել են, Դատախազությունը ըստ իր ճաշակի օտարման գործարքները որակել է որպես Քրեական օրենսգրքի այս կամ այն հոդվածով»:
Մակինյանն «Ազատությանը» փոխանցեց՝ այդ հողամասերը բավականին հեռու են Եռաբլուրից, մեծ մասը դիմացի մայթին են։
«Բացարձակ իրականության հետ կապ չունեն փաստական առումով, որովհետև այդ հողատարածքները բավականին մեծ հեռավորության վրա են Եռաբլուր զինվորական պանթեոնից, սա ընդգծում են հուզական ֆոն ստեղծելու, այդ տպավորությունը հանրության մոտ իրականություն ներկայացնելու համար: Սա բացարձակ ապատեղեկատվություն է», - պնդեց փաստաբանը:
Ամիսներ առաջ վառելանյութի գործով արդարացված երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է ներկայացվել 20 տարվա վաղեմության գործարքների համար: Գլխավոր դատախազությունն «Ազատության» հարցմանն ի պատասխան այսօր հայտնեց, որ դատախազը հունվարին 23 դրվագներով քրեական հետապնդում է հարուցել առանձնապես խոշոր չափերով յուրացման կամ վատնման, ինչպես նաև պաշտոնական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար:
Երրորդ նախագահը մեղքը չի ընդունում: Նրա կուսակից Էդուարդ Շարմազանովը փոխանցեց. - «Նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ կարվել է հերթական շինծու մեղադրանքը։ Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ սա ոտքից գլուխ շինծու մեղադրանք է և շինծու քրեական հետապնդում»:
Ըստ Դատախազության, այս քրեական գործն առնչվում է Երևանի Իսակովի պողոտային և Եռաբլուր պանթեոնին հարակից տարածքների հողամասերի ապօրինի օտարմանը: Նախկին նախագահը ստորագրություն է տվել չբացակայելու մասին:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
Այս պահին ԱՄՆ ներկայացուցիչները մեկնում են Ռուսաստան՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների, հայտարարել է Թրամփը, հույս հայտնել, որ կհաջողվի զինադադարի համաձայնություն կնքել։
Ավելի վաղ՝ Սաուդյան Արաբիայից վերադառնալու ճանապարհին, իռլանդական Շենոնի օդանավակայանում, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն լրագրողներին ասել էր՝ «այսօր կապ կհաստատենք Ռուսաստանի հետ Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի հետ ձեռքբերված համաձայնության հարցով»:
Ուկրաինան երեկ համաձայնել էր 30-օրյա հրադադարի առաջարկին՝ պայմանով, որ Ռուսաստանը ևս կընդունի այն։ Մոսկվայից առայժմ չեն շտապում հստակություն մտցնել: Կրեմլի խոսնակն ասել է՝ ոչինչ մեկնաբանել չեն կարող, քանի դեռ ԱՄՆ-ից մանրամասն տեղեկություն չեն ստացել բանակցությունների մասին։
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Քիչ առաջ, արդեն 5-րդ անգամ, ձերբակալեցին օրենսդրությամբ նախատեսված պահնորդական ծառայություն մատուցող ընկերության աշխատակիցներին, որոնք օրենքով թույլատրված պայմանագրային հիմունքներով ծառայություն են մատուցում Արթուր Վանեցյանին։
Ուղիղ եմ ասում, սա ոստիկանության կողմից կատարվող հանցագործություն է․․․»
Արդեն 1 օր է՝ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում ավելի քան 200 ուղևոր է մնացել. UTair ավիաընկերության դեպի Երևան չվերթը հետաձգվել է ինքնաթիռի շարժիչի խափանման պատճառով, հայտնել է Shot թելեգրամյան ալիքը:
Boeing 767-ը պետք է օդ բարձրանար երեկ ժամը 21:40-ին, սակայն թռիչքը նախ հետաձգվել է 3 ժամով, իսկ հետո՝ 5 անգամ անընդմեջ։ Կատաղած ուղևորները բողոքում են, որ ավիաընկերությունը ոչ մի բացատրություն չի տալիս։
Նրանց խոստացել էին, որ չվերթը կիրականացվի այսօր ժամը 15:00-ին, սակայն թռիչքը կրկին հետաձգվել է։ Մեկնումը տեղափոխվել է 21:50-ին, բայց սա միանշանակ չէ։
Այս պահին ավիաընկերությունը ուղևորներին սննդի համար վճարել է մոտ 1400 ռուբլի։