Ռուսաստանի, Բելառուսի և Տաջիկստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն և Էմոմալի Ռահմոնը շաբաթ օրը ոչ պաշտոնական հանդիպում են անցկացրել, որի ընթացքում հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությանը։
«Տեղի է ունեցել ջերմ, բարեկամական զրույց, որի ընթացքում ղեկավարները քննարկել են միջպետական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող մի շարք հրատապ հարցեր»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Նշված երկրների առաջնորդները պայմանավորվել են հանդիպել մայիսի 9-ին Մոսկվայում՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնական միջոցառումների ժամանակ։
Երևանում մարտի 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 18-ի ուշ երեկոյան, 19-20-ին սպասվում է անձրև։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Մարզերում մարտի 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 18-ի ուշ երեկոյան, 19-20-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում գիշերային ժամերին՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ: Մարտի 17-ին, 19-20-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ, 18-ին՝ 18-23մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մարտի 16-17-ին աստիճանաբար կբարձրանա ևս 1-3 աստիճանով, մարտի 19-20-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։
Նարեկ Մալյանը գրում է. «Հարգելի Բագրատ Սրբազան, Ձեր այսօր հրապարակված տեսանյութից տպավորություն ստացա, որ նախապատրաստվում եք չարիքի իշխանության դեմ փողոցային պայքարի:
Ես քաղաքական գործիչ չեմ՝ սովորական ցուցարար եմ, մեկը այն հազարավորներից ով 7 տարի է մասնակից է պայքարի բոլոր հնարավոր եղանակներին:
Հետևաբար վերջին 7 տարիների պայքարի անարդյունավետության տեղ տեղ դառը փորձը հաշվի առնելով, կան որոշ հարցեր, որոնք կարիք ունեն նախապես հրապարակային բարձրաձայնման հատկապես այն պատճառով, որ անխտիր բոլոր տապալված պայքարների պատասխանատվությունը վերջում դրվում է մեզ՝ ժողովրդի վրա:
Հարցերը հետևյալն են՝
1. Ո՞ր եղանակով եք պատրաստվում իրականացնել իշխանափոխություն՝ հրաժարականի պահանջ, թե Իմպիչմենտ:
2. Եթե Իմպիչմենտ՝ կխնդրեինք մինչև փողոցային պայքարի կոչ անելը հրապարակել Իմպիչմենտի պատրաստ փաստաթուղթը առնվազն մեկ պատգամավորի ստորագրությամբ:
3. Ունե՞ք արդյոք փողոցային պայքարի քայլ առ քայլ ծրագիր՝ հրապարակ դուրս գալուց մինչև չարիքի իշխանության հեռացում, եթե այո ապա խոնարհաբար խնդրում եմ հրապարակել այդ ծրագիրը:
Հուսով եմ հարցերիս հանդգնության համար ներողամիտ կլինեք, բայց խնդրում եմ մեզ էլ հասկացեք: Նախորդ պայքարների խաբված փորձը ցույց է տվել , որ չի կարող լինել փողոց դուրս գալու որոշում առանց վերոգրյալ հարցերի նախապես հստակեցման:
Կանխավ շնորհակալ եմ:
Հ.Գ. Ցանկության դեպքում սիրով հրավիրում եմ մարտի 19-ին «կամեր 23» փաբ՝ որտեղ նախաձեռնել ենք նույն թեմայով քննարկում:
Գրող-հրապարակախոս Նարեկ Մալյան»
Այսօր՝ մարտի 15-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 20։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարի թաղում կրակոցներ են հնչել և կան տուժածներ։
Պարզվել է, որ կրակոցները հնչել են Սարի թաղ 6-րդ փողոցի 28 տան բակում, որտեղ հայտնաբերվել է բավականին շատ արնանման հետքեր, հողաթափեր, իրեր։ Տարածքը պարեկները սահմանազատել են ու մինչ ոստիկանները դեպքի վայրում աշխատում էին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը մահացել է։
Դեպքի փաստով Ն․ Սիմոնյանի որոշմամբ «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանություն ու քննչական բաժինը ձեռնարկում անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու, մահացածի և վիրավորի ինքնությունը ճշտելու, ինչպես նաև դեպքի մասնակիցներին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը անդրադարձել է Ադրբեջանի կողմից հնչեցրած նոր պահանջներին․
«Ադրբեջանը ժամանակ չի կորցնում, ու նորից առաջադրում է մեզ համար կործանարար պահանջների նոր ցանկը։
… Ալիևը նաև հայտարարել է, որ Հայաստանը պետք է բացի «Զանգեզուրի» միջանցքը, ստեղծի ապառազմականացված գոտի և ապամոնտաժի սահմանային ռազմական ենթակառուցվածքները։
Նա նախազգուշացրել է, որ եթե Հայաստանը չկատարի այս պայմանները, Ադրբեջանը կարող է դուրս գալ խաղաղության պայմանագրից։
Բոլոր կետերն էլ անխտիր մեր պետությունը վերացնելուն են ուղղված, բայց հատկապես վերջինները հուշում են, որ նպատակ է դրված ոչ թե խաղաղության հասնել մինչև 2026-ը, այլ քանի դեռ Հայաստանում դե-ֆակտո իշխում է հանձնողների թիմը, Հայաստանից պոկել ամեն հնարավորը՝ հետագայում մեր վերականգնում ու հզորացումը բացառելու համար»։
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հետևյալ հայտարարությունն է արել Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» պայմանագրի վերաբերյալ տարածվող վաղաժամ տեղեկությունների կապակցությամբ.
««Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը ձգտում է իրական խաղաղության՝ արդար և տևական խաղաղության, որը հարգում է հայ ազգի իրավունքները և ապահովում է հայերի վերադարձը Արցախ՝ ոչ թե կեղծ «խաղաղության»՝ Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության միակողմանի զիջման, որը Երևանին պարտադրվում է զենքի սպառնալիքի ներքո», հայտարարեց Համբարյանը։
Մամուլի հրապարակումների համաձայն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտվել են, և երկու կառավարություններն էլ հայտնել են, որ պատրաստ են ստորագրելու դեռևս չբացահայտված պայմանագիրը։ Հայկական և ադրբեջանական պաշտոնյաների հայտարարությունների համաձայն՝ այս համաձայնագիրը նպատակ ունի պաշտոնականացնել երկու երկրների հարաբերությունները՝ անտեսելով Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները, հայ ռազմագերիների անօրինական կալանավորումը և խոշտանգումները, Հայաստանի նկատմամբ շարունակվող գոյութենական սպառնալիքները, Հայաստանի սահմանադրությունը փոփոխելու պահանջները, ինչպես նաև Արցախ վերադարձի հավաքական, պաշտպանված և արժանապատիվ իրավունքի խոչընդոտումը։ 2020 թվականին Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Արցախի (Լեռնային Ղարաբաղի) և Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմի արդյունքում Ադրբեջանը իրականացրեց 10-ամսյա դաժան շրջափակում, որն ավարտվեց Արցախի ցեղասպանական էթնիկ զտումով. 2023 թվականի սեպտեմբերին հարձակումներից հետո 120,000 հայ քրիստոնյաներ բռնի տեղահանվեցին իրենց պատմական հայրենիքից։
Վաղաժամ գնահատվող հայտարարության մեջ, հաշվի առնելով արդար և երկարատև խաղաղության բազմաթիվ խոչընդոտները, պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշել է.
«ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը։ Սա հնարավորություն է, որպեսզի երկու երկրները շրջեն տասնամյակների հակամարտության էջը՝ համաձայն ավելի խաղաղ աշխարհի՝ նախագահ Թրամփի տեսլականի։ Այժմ խաղաղության հանձնառության, պայմանագրի ստորագրման և վավերացման, Հարավային Կովկասի ժողովուրդների համար նոր բարեկեցիկ դարաշրջանի հռչակման ժամանակն է»։
Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը շարունակում է հանդես գալ այնպիսի խաղաղության օգտին, որը կավելացնի Հայաստանի անվտանգությունն ու ինքնիշխանությունը, կպաշտպանի նրա սահմանադրական ամբողջականությունը և կապահովի Արցախի բռնի տեղահանված հայերի վերադարձի իրավունքը դեպի իրենց պատմական հայրենիքը՝ Արցախ»։
Քուվեյթը ողջունել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության բանակցությունների ավարտը՝ հույս հայտնելով, որ այս պատմական քայլը կնպաստի երկու երկրների միջև նոր էջի բացմանը՝ ուղղված դեպի ավելի մեծ կայունությանն ու բարգավաճմանը, ինչպես նաև՝ կովկասյան տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդմանը։
Այս մասին նշված է Քուվեյթի Արտաքին գործերի նախարարության X-ի հարթակում։
Քուվեյթի ԱԳ նախարարությունը վերահաստատել է Քուվեյթի աջակցությունը հակամարտությունները երկխոսության և խաղաղ ճանապարհով լուծելու և կարգավորելու՝ տարածաշրջանային և միջազգային բոլոր ջանքերին։
Կատարը ողջունել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնության ձեռքբերումը՝ հույս հայտնելով, որ երկու երկրները կանեցնեն համագործակցության նոր՝ զարգացման և բարգավաճման փուլ։ Այս մասին հայտնում է Կատարի արտաքին գործերի նախարարությունը։
Արտաքին գործերի նախարարությունը նշում է, որ այս համաձայնագիրը նաև ամրապնդում է անվտանգությունն ու կայունությունը կովկասյան տարածաշրջանում և վերահաստատում է խաղաղ միջոցների արդյունավետությունն ամբողջ աշխարհում անլուծելի վեճերի և հակամարտությունների լուծման գործում։
Նախարարությունը վերահաստատել է Կատարի լիակատար աջակցությունը տարածաշրջանային և միջազգային բոլոր ջանքերին, որոնք ուղղված են հանուն ավելի խաղաղ, անվտանգ և բարգավաճ աշխարհի համար երկխոսության հարթակների ամրապնդմանը։
Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։
Բազմաթիվ երկրներ արդեն ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումը խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ և հույս են հայտնել, որ այն կստորագրվի հնարավորինս շուտ։
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսությունը հաստատված է և այն իրականացվում է մի քանի ուղիներով, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել՝ նման երկխոսություն հաստատվել է և այն պարբերաբար իրականացվում է մի շարք ուղիներով»,- ասել է Ուշակովը։
Ջիդդայում մարտի 11-ին տեղի ունեցած բանակցություններից հետո ԱՄՆ-ն ու Ուկրաինան համատեղ հայտարարություն տարածեցին՝ նշելով, որ Ուկրաինան համաձայնել է ընդունել անհապաղ 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը և քայլեր ձեռնարկել Ռուսաստանի ներխուժումից հետո կայուն խաղաղության վերականգնման ուղղությամբ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ ասաց, որ «գնդակն այժմ Մոսկվայի դաշտում է»։
ՀՀ առողջապահության նախարարությունն անդրադարձել է մամուլում շրջանառվող լուրերին, որ դեղատներից հետ են կանչվել որոշ դեղեր։
Նախարարության պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ հետկանչի միակ պատճառն ու հիմքը փաստաղթղթային անճշտությունն է, ու որոշման հիմք հանդիսացող թերությունը որևէ վտանգ չի ներկայացնում մարդու առողջության համար, քանի որ չի առնչվում դեղի որակին, անվտանգությանը և արդյունավետությանը:
«Պաշտոնապես հայտնում ենք՝ այդ դեղերի հետկանչը կապված չէ որակի հետ և ովքեր, որ արդեն դեղատներից ձեռք էին բերել ու օգտագործել այդ դեղերից, անհանգստանալու որևէ առիթ չունեն․ դրանք ոչ միայն անվտանգ են առողջության համար, այլ՝ չկա նաև որևէ խնդիր արդյունավետության հետ կապված։ Հետկանչի միակ պատճառն ու հիմքը փաստաղթղթային անճշտությունն է։
«Դեղերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ դեղի գրանցման հավաստագրի իրավատերը պատասխանատվություն է կրում գրանցված արտադրանքի անվտանգության, արդյունավետության և որակի համար:
Այդ պարտավորության շրջանակներում մի շարք դեղերի գրանցման հավաստագրի իրավատեր «Մերկ» ՍՊԸ-ն տեղեկացրել է, որ միջնորդ կազմակերպություններից ներմուծվող որոշ դեղերի հավաստագրերի տվյալները չեն համապատասխանում իր կողմից տրամադրված բնօրինակ հավաստագրերին:
Տեղեկությունը ստանալուց հետո ՀՀ ԱՆ ընդլայնել է դեղերի ներմուծման (համապատասխանության) հավաստագրման ժամանակ իրականացվող փորձաքննության գործիքակազմը, ներառյալ՝ գրանցման հավաստագրի իրավատերերի և արտահանող երկրի իրավասու մարմինների հետ համագործակցությունը՝ ուղեկցող փաստաթղթերի իսկությունը հաստատելու համար, որի ընթացքում անհրաժեշտություն է առաջացել նաև դադարեցնելու որոշ դեղերի շրջանառությունը և իրականացնելու հետկանչ»,- նշված է պարզաբանող հայտարարության մեջ։