«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունների սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի բիզնեսներում վերջին շաբաթներին հարկային աննախադեպ ստուգումներ են անում։ «Ալեքս» ընկերության աշխատակիցներից մեկն ասաց՝ կարելի է ասել, հարկայինի տեսուչները գիշերում են ընկերություններում, քրքրում փաստաթղթերը, արտադրանքը: Լուրեր կան, որ անգամ սպիրտի արտահանումը մոտ մեկ ամիս է՝ կասեցված է։ Աշխատակիցների ականջին հասել է, որ իշխանությունները 6 միլիարդ դրամ են պահանջել Լֆիկից՝ մոտ 15 մլն դոլար:
Ըստ այդ աղբյուրի, իշխանությունների սրտի օլիգարխը հրաժարվել է «մուծվել»՝ ասելով, որ գործերը լավ չեն, ու հայտնվել է հարկայինի թիրախում։ Ասում են` նման քայլերի պատճառը բյուջեի դեֆիցիտն է: Իշխանությունները, որ 18-ից հետո զերծ էին մնում բիզնեսին հարվածելուց, հիմա քերթում են գործարարներին` կամայական թվեր են նրանց վրա դնում՝ պահանջելով հոգալ պետության կարիքները։ Փողը պակասել է, պահանջները` մեծացել, ցինիզմը` շատացել, եւ իշխանություն պահելու համար այլեւս բիզնեսմենների օգնության կարիքը չեն զգում:
ՊԵԿ-ից մեր հարցին ի պատասխան, ըստ էության, չհերքեցին ստուգումների փաստը. «ՊԵԿ հսկողական աշխատանքների հիմքում ռիսկերի վերլուծական գործիքների արդյունքներն են՝ անկախ այն հանգամանքից, թե որ կազմակերպություններում են նկատվել այդ ռիսկերը։ Ստուգումները չեն իրականացվում ըստ կազմակերպության անվանումների։ Հարկային մարմիններում ընկերությունները հաշվառվում են ըստ իրենց ՀՎՀՀ-ների, ուստի Ձեր հարցադրման հետ կապված՝ կարող ենք հաղորդել այսքանը»։
«Հրապարակ» թերթը գրել է.
Մարտի 25-ին խորհրդարանի հերթական նիստերի օրակարգում, ինչպես հայտնի է, ընդգրկվելու է նաեւ նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանին եւ Երեւանի նախկին քաղաքապետ, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդագրերի քննարկման հարցը։
Տեղեկացանք, որ Սերժ Սարգսյանի գլխավորած ՊՈՒ-ի պատգամավորներն արդեն իսկ որոշել են չմասնակցել այդ նիստերին՝ հայտարարելով, որ գործ ունեն իրավական ֆարսի հետ: Բացի այդ, մեզ ասացին, որ Տարոն Մարգարյանն է նման ցանկություն հայտնել, որ ստիպված չլինի ամբիոնից բացատրություններ տալ եւ ենթարկվել ՔՊ-ականների հարձակումներին, իսկ «Հայաստան» դաշինքում դեռ վերջնական որոշում չունեն` այդ քննարկումներին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ։
Կանադայի նոր նորընտիր վարչապետ Մարկ Կարնին իր առաջին պաշտոնական այցը կսկսի Եվրոպայից։
Արտասահմանյան ուղևորության ընթացքում Կարնին կլինի Փարիզում և Լոնդոնում՝ նպատակ ունենալով ամրապնդել Եվրոպայի հետ երկրի դաշինքը։
Այս այցը հատկանշական է Դոնալդ Թրամփի՝ իշխանության գալուց հետո Կանադայի և Միացյալ Նահանգների միջև աճող լարվածության ֆոնին:
Պուտինն ու Թրամփն իրենք կսահմանեն իրենց հանդիպման ժամկետները։
Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա հավելել է, որ առայժմ Կրեմլում սպասում են առաջնորդների հեռախոսազրույցին, որը պետք է տեղի ունենա երեքշաբթի:
Պեսկովը նշել է, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահների նոր զրույցը կարևոր քայլ է, որը երանգ է հաղորդում երկկողմ հարաբերությունների վերակենդանացմանը:
Մարտի 17-ին սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտ է տեղափոխել 2 քաղաքացու, որոնցից 1-ը մահացած վիճակում, իսկ մյուսը՝ վիրավոր։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Հիվանդանոց մեկնած քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի փողոցի 19 շենքի մոտից և հիվանդանոցից ոստիկանները ժամանել են հանցագործության վայր։
Դեպքի վայրում հայտնաբերվել է արնանման հետքեր, հագուստներ։
Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը և դեպքի հանգամանքները, և ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ մասնակիցներին և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ հանգամանքներ չեն հրապարակվում։
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Գևորգ Քոչարյանին արդարադատության նախարարի տեղակալ նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գևորգ Քոչարյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:
Հնդկաստանում, Գուջարաթ նահանգի Ամրելի շրջանում, հազվագյուտ ասիական առյուծները երկու շաբաթում հարձակվել են երեք մարդու վրա։ Այս մասին հայտնել է The Indian Express-ը։
Առաջին ողբերգական դեպքը տեղի է ունեցել փետրվարի վերջում, երբ յոթամյա տղան գնացել է գետից ջուր բերելու և այլևս չի վերադարձել։ Նրա հարազատները սկսել են որոնումները և շուտով գտել են նրան, սակայն արդեն ուշ էր։ Տեղական անտառային վարչության աշխատակիցները արագ գտել և բռնել են երկու առյուծի, որոնք եղել են հարձակման վայրի մոտ։ Գիշատիչներին ուղարկել են հատուկ կենտրոն «հետազոտության» համար, բայց որոշ ժամանակ անց նրանց ազատ են արձակել՝ բնակավայրերից հեռու։
Վերջին մահվան ելքով հարձակումը տեղի է ունեցել նույն նահանգում մարտի 6-ին։ Անտառային վարչության աշխատակիցները անտառում գտել են մարդու մարմնի մասեր։ Հետագայում պարզվել է, որ դրանք պատկանում են 34-ամյա Նազիմ Քուրեշիին, որի ստորին մասը առյուծները կերել էին։ Քննիչները նշել են, որ դեպքի ճշգրիտ պատկերը դեռ չի վերականգնվել, սակայն Քուրեշիի կողքին հայտնաբերվել են առյուծի հետքեր։
Թարգմանությունը՝ Lurer.com-ի
Կարծում եմ՝ հայ-ամերիկյան զnրավարժությունների նախապատրաստական աշխատանքներ են տարվում, որի մասին շուտով կհայտարարվի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
«Այսօր տեղեկություններ տարածվեցին առ այն, որ ԱՄՆ-ն նախատեսում է Գերմանիայում գտնվող իր ռազմակայաններից հարյուրներով տեխնիկա և տրանսպորտային միջոցներ տեղափոխել Հայաստանի զորավարժարաններ։
Նշվում էր նաև ժամկետ․ փոխադրումը նախատեսված է հուլիսի 16-ին և կտևի մինչև օգոստոսի 7-ը։ Սա բառացիորեն այն նույն ժամանակահատվածն է, երբ 2024թ. տեղի ունեցան հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները։ Կարծում եմ՝ հիմա էլ զորավարժությունների նախապատրաստական աշխատանքներ են տարվում, որի մասին շուտով կհայտարարվի։
Նշված ամերիկյան տեխնիկան կմնա մինչև սեպտեմբերի 20-ը, ինչպես նախորդ զորավարժություններից հետո»,-գրել է նա:
Մեծ Բրիտանիան մտադիր է անժամկետ խաղաղապահ զորակազմ տեղակայել Ուկրաինայի տարածքում, գրում է The Times-ը՝ վկայակոչելով Թագավորության կառավարությունում բարձրաստիճան աղբյուրին:
«Սա երկարաժամկետ պարտավորություն կլինի․ խոսքը տարիների մասին է։ Այնքան, որքան կպահանջվի խաղաղության համաձայնագրի պահպանման և Ռուսաստանին զսպելու համար», - ասել է թերթի զրուցակիցը։
Նախնական ծրագրերի համաձայն՝ Ուկրաինա է մեկնելու մոտ 10 հազար խաղաղապահ։
Ինչպես պարզել Է The Times-ը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ստացել է «էապես ավելի մեծ թվով» երկրների աջակցություն, որոնք պատրաստ են քննարկել խաղաղապահներ ուղարկելու հարցը:
«Դրանք կլինեն զգալի ուժեր՝ զորքեր բազում երկրների կողմից և շատ ավելի մեծ խմբով, որոնք իրենց ներդրումն են ունենալու այլ եղանակներով», - հավելել Է թերթի աղբյուրը:
Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով Միացյալ Նահանգները շփման մեջ է եվրոպական շահագրգիռ երկրների հետ։ Այդ մասին CNN հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակ Սթիվեն Ուիթքոֆը՝ նաև մանրամասներ հայտնելով ՌԴ նախագահի հետ օրերս տեղի ունեցած հանդիպումից։
«Մենք քննարկումներ ենք անցկացնում Ուկրաինայի հետ։ Մենք քննարկումներ ենք անցկացնում Եվրոպայի բոլոր շահագրգիռ երկրների հետ: Դրանք են Ֆրանսիան, Բրիտանիան, Նորվեգիան, Ֆինլանդիան, մյուսները», – ասել է նա։
Ուիթքոֆը նաև «դրական» է գնահատել մարտի 13-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպումը, որը տևել է 3-4 ժամ։
«Հանդիպումը տևեց մոտ 3-4 ժամ։ Այն դրական էր։ Դա լուծումներին ուղղված քննարկում էր, ես այն այդպես կբնութագրեի», – ասել է Ուիթքոֆը։
Իսկ CBS News-ին տված հարցազրույցում Ուիթքոֆն ասել է, որ Ուկրաինայի հարցով ՌԴ-ի և ԱՄՆ-ի շփումների շրջանակներում քննարկվում են նաև Զապորոժիեի ատոմակայանին և Սև ծովի նավահանգիստների հասանելիությանը վերաբերող հարցերը։
«Կան տարածաշրջաններ, որոնց վրա, ինչպես բոլորս գիտենք, ռուսները կենտրոնացած են են: Այնտեղ գտնվում է միջուկային ռեակտոր, որը բավականաչափ էլեկտրաէներգիա է մատակարարում Ուկրաինային: Դրա հարցը պետք է որոշել։ Կա նավահանգիստներ մուտքի հարցը, Սև ծովի վերաբերյալ հնարավոր համաձայնությունը: Այնքան շատ տարրեր կան այս հրադադարի իրագործման համար», – ասել է Ուիթքոֆը:
Նա նաև նշել է, որ երբեմն համեմատում է ռուս-ուկրաինական հակամարտությունը և Գազայի հատվածում տիրող իրադրությունը։ Միևնույն ժամանակ պաշտոնյան ընդգծել է, որ Գազան «սահմանափակ, որոշակի տարածություն է»՝ ի հակադրություն Ուկրաինայի և Ռուսաստանի։
«Այնպես որ, սա շատ ավելի բարդ իրադրություն է, և, այնուամենայնիվ, ոչ ոք չի հանձնվում…. Բոլոր շահագրգիռ կողմերը, ներառյալ եվրոպացիները, տրամադրված են, որ անհրաժեշտ ամեն ինչ արվի հաջող կարգավորման համար», – հավելել է ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակը: