Ռուսական կողմի հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակությունը կգլխավորի հանրապետության պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, իր Telegram ալիքում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Բանակցությունները սպասվում են հունիսի 2-ին Ստամբուլում:
Պետության ղեկավարը նշել է, որ մինչ Թուրքիայում պատվիրակությունների հանդիպումն ինքը «սահմանել է Կիևի դիրքորոշումները»։ Դրանք ներառում են կրակի ամբողջական և անվերապահ դադարեցում, գերիների ազատ արձակում և առևանգված երեխաների վերադարձ: Զելենսկին նաև հայտարարել է ամենաբարձր մակարդակով հանդիպում նախապատրաստելու անհրաժեշտության մասին։ Հիմնական հարցերը, նշել է նա, կարող են լուծել միայն երկու երկրների ղեկավարները։
Հունիսի 2-ին Ստամբուլում սպասվում է ռուսական և ուկրաինական պատվիրակությունների բանակցությունների երկրորդ փուլը, որոնց անցկացման առաջարկը ներկայացրել է ՌԴ արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը։ Նա հայտարարել է, որ ռուսական կողմն արդեն պատրաստել է հուշագիր՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման ասպեկտների վերաբերյալ դիրքորոշումներով։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը Ստամբուլում հայտարարել է Ռուսաստանի հետ բանակցություններին երկրի պատրաստակամության մասին։
Կրեմլը նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս հանդես է եկել ամենաբարձր մակարդակով շփումների օգտին, սակայն նախ պետք է արդյունքի հասնել կողմերի պատվիրակությունների բանակցություններում: Եթե դա հաջողվի, ապա հնարավոր կլինի խոսել ամենաբարձր մակարդակով շփումների մասին։
Ռուս-ուկրաինական բանակցությունների առաջին փուլը կայացել է մայիսի 16-ին Ստամբուլում։ Արդյունքում կողմերը պայմանավորվել են նախապատրաստել իրենց դիրքորոշումները կարգավորման վերաբերյալ, իրականացնել ռազմագերիների լայնածավալ փոխանակում «1000 1000-ի դիմաց» բանաձևով և շարունակել երկխոսությունը։
Ռուսաստանյան զորքերը հրթիռային հարված են հասցրել Ուկրաինայի ԶՈՒ ցամաքային զորքերի ուսումնական ստորաբաժանմանը։ Կիևի ժամանակով ժամը 12:50-ի դրությամբ հայտնի է առնվազն 12 զոհի և ավելի քան 60 վիրավորի մասին, հայտնում է «Украинская правда»-ն։
Ըստ Ուկրաինայի ԶՈՒ ցամաքային զորքերի մամուլի քարտուղար Վիտալի Սարանցևի, նախնական տվյալներով ռուսաստանյան ուժերը հարված են հասցրել «Իսկանդերով»։
«Օդային տագնապի հայտարարման պահին ամբողջ անձնակազմը գտնվել է թաքստոցներում, բացառությամբ նրանց, ովքեր, հնարավոր է, չեն հասցրել այնտեղ հասնել։ Նախնական տվյալներով հայտնի է, որ դա «Իսկանդեր» է եղել, սակայն վերջնական տվյալները կլինեն այն բանից հետո, երբ փորձագետներն ուսումնասիրեն հարվածի վայրը»։
Նշվում է, որ օդային տագնապի ժամանակ անձնակազմի որևէ շարում կամ զանգվածային հավաք չի եղել։
«Ընդգծում ենք, որ անձնակազմի որևէ շարում կամ զանգվածային հավաք չի անցկացվել։ Օդային տագնապի ազդանշանի հայտարարումից հետո անձնակազմի մեծ մասը գտնվել է թաքստոցներում։ Տուժածներին անհրաժեշտ որակյալ բժշկական օգնություն է ցուցաբերվում»,- ասել է նա։
Հանրապետությունում հունիսի 2-ին և 5-6-ը կեսօրից հետո առանձին շրջաններում, հունիսի 3-4-ը գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 3-4-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ի ցերեկը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, հունիսի 3-4-ը կնվազի 3-5 աստիճանով։
Երևանում հունիսի 3-4-ը գիշերը և կեսօրից հետո, 5-ի և 6-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Այս տարվա առաջին եռամսյակում Հանրապետությունում միջին աշխատավարձը կազմել է 298 հազար դրամ։ Այս մասին հայտնում է Ազգային վիճակագրական կոմիտեն։
Դիտարկվող ժամանակաշրջանում գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճի (5.7%) միտում գրանցված գնաճի (2.5%) նկատմամբ:
Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Հանրապետությունում աշխատուժի միջին թվաքանակը 2024թ. 4–րդ եռամսյակում կազմել է 1 մլն 326 հազար 5 հարյուր մարդ, որոնց 87.1% կամ 1 154.8 հազ. մարդ զբաղված են եղել տնտեսության մեջ, այդ թվում 15.7%-ը՝ գյուղատնտեսության ոլորտում:
ՀԱՄԱՍ-ն արձագանքել է Գազայում հրադադարի՝ ԱՄՆ առաջարկին և համաձայնել է ազատել 10 գերու և Իսրայելին փոխանցել 18 պատանդի մարմին:
Փոխարենը՝ իսրայելական բանտերից պետք է ազատ արձակվեն պաղեստինցի կալանավորներ: Այս պայմանը ներառված էր ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆի առաջարկում։
Սպիտակ տան տվյալով՝ Իսրայելը համաձայնել էր ամերիկյան նախաձեռնությանը մի քանի օր առաջ։ Սակայն ՀԱՄԱՍ-ն առաջ է քաշել նաև սեփական պայմանները՝ մշտական հրադադար, իսրայելական զորքերի լիակատար դուրսբերում Գազայից և մարդասիրական օգնության երաշխիքներ։ Արդյոք կողմերը կգա՞ն վերջնական համաձայնության՝ դեռ հայտնի չէ:
Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում մեքենան մխրճվել է ֆուտբոլասերների ամբոխի մեջ, հայտնում է Le Parisien-ը։
Երկրպագուները քաղաքի կենտրոնում տոնում էին ՊՍԺ-ի հաղթանակը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։
Չորս մարդ վիրավորվել է, նրանք 17-ից 46 տարեկան են՝ երկու կին և երկու տղամարդ։
Տուժածները հոսպիտալացվել են։ Ֆուտբոլասերներին վրաերթի է ենթարկել տրամվայի գծերով մեծ արագությամբ ընթացող վարորդը։
Le Parisien-ը, հղում անելով իր աղբյուրին, նշում է, որ վարորդի գործողությունները միտումնավոր չեն եղել։
Այսօր՝ հունիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09:30-ի սահմաններում Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհի 3-րդ իմ հատվածում բախվել են Գեղարքունիքի 29-ամյա Արտակ Կ.-ի վարած բեռնատար «Գազելն» ու 30-ամյա Վարդան Գ-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենան։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 6 հոգի տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։
Հասարակական գործիչ Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Նիկոլին անվստահություն չհայտնող պատգամավորը պատմում է բարձր աշխատավարձով նիկոլի համար բոքսի տանձիկի աշխատանքի նրբությունների մասին:
Էս ա իրանց պատկերացրած լուրջը))»։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի գրառումը․ «Մերձընդդիմական լրատվականները տեղեկացնում են, թե առաջիկա օրերին բարձրաստիճան հոգևորականների ժողով է տեղի ունենալու, որի ժամանակ եկեղեցական վերնախավը որոշելու է իր անելիքները վարչապետի սկսած արշավի կապակցությամբ։
Ոչ այնքան հարգելի եպիսկոպոսներ և ավելի բարձր. ցավով պիտի տեղեկացնեմ, որ որոշելու բան չկա: Ամեն ինչ որոշված է»։
Սպիտակ տան բանագնաց Սթիվ Ուիթքոֆը շաբաթ օրը Իրանին միջուկային գործարքի վերաբերյալ «մանրամասն և ընդունելի առաջարկ» է ուղարկել, հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։
Ինչպես գրում է Axios պարբերականը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, ԱՄՆ-ի գրավոր առաջարկը խնդիրը լուծելու փորձ է, որի պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Իրանի՝ սեփական տարածքում ուրանի հարստացումը շարունակելու պահանջը։
Գաղափարներից մեկը, որն առաջարկել է Օմանը և ընդունել ԱՄՆ-ն, նախատեսում է տարածաշրջանային կոնսորցիումի ստեղծում, որը ուրան կհարստացնի քաղաքացիական միջուկային նպատակներով՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) և ԱՄՆ-ի վերահսկողության ներքո, ըստ ամերիկացի պաշտոնյայի և հարցին տեղյակ աղբյուրի,։
Ինչպես նշում է լրատվամիջոցը, գլխավոր հարցերից մեկն այն է, թե որտեղ են տեղակայվելու ուրանի հարստացման կոնսորցիումի ձեռնարկությունները։ ԱՄՆ-ն ցանկանում է, որ դրանք լինեն Իրանի սահմաններից դուրս, ասել է իրավիճակին տեղյակ աղբյուրը։
Մյուս գաղափարն այն է, որ ԱՄՆ-ն ճանաչի ուրանի հարստացման Իրանի իրավունքը, մինչդեռ Իրանը լիովին կդադարեցնի ուրանի հարստացումը։
Իրանը բազմիցս հայտարարել է, որ չի ստորագրի որևէ գործարք, որը թույլ չի տալիս ուրանի հարստացում, մինչդեռ ամերիկացի պաշտոնյաները հրապարակավ հայտարարում են Իրանին այդ հնարավորությունից զրկելու իրենց պատրաստակամության մասին։ Գործարք կնքելու համար պետք է ինչ-որ բան զիջել։
ՄԱԳԱՏԷ-ի՝ շաբաթ օրը հրապարակված զեկույցում ասվում է, որ Իրանը կուտակել է ավելի քան 400 կգ մինչև 60% հարստացված ուրան։ Մինչև 90% հարստացման դեպքում այդ քանակությունը բավարար է 10 միջուկային ռումբ ստեղծելու համար, գրում է լրատվամիջոցը։
«ՄԱԳԱՏԷ-ի երկրորդ զեկույցը, որը հրապարակվել է շաբաթ օրը, հստակ ցույց է տալիս, որ Իրանը բավարար պատասխաններ չի տվել ՄԱԳԱՏԷ-ի հետաքննություններին՝ երկրում գտնվող մի քանի չհայտարարագրված միջուկային օբյեկտների վերաբերյալ։
Թարմացված առաջարկը Հռոմում Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հինգերորդ փուլի արդյունքն է, որը տեղի է ունեցել մեկ շաբաթ առաջ, ասում են աղբյուրները», հաղորդում է Axios-ը։