Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կետերի համաձայնեցումը։
Այս մասին նախարարը հայտարարել է խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ։
«Մեծ յոթնյակի հանդիպման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը ավարտեցին բանակցությունները պատմական խաղաղության համաձայնագրի շուրջ։
Մենք ջերմորեն ողջունում ենք այս ձեռքբերումը և երկու կողմերին կոչ ենք անում հնարավորինս շուտ սկսել ստորագրման գործընթացը»,- ասել է Դեյվիդ Լամին։
Այսօր՝ մարտի 18-ին, սպանություն է տեղի ունցել Լոռու մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում «Սպիտակ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել անչափահաս տղայի դի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Սպիտակի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ մահացածը, ով մարմնի վրա ունեցել է դանակի մի քանի հարվածի հետք, Լոռու մարզի բնակիչ 17-ամյա Գրիշա Պ․-ն է։
2025 թվականի հունվարին, 2024 թվականի հունվարի համեմատ, Երևանում անշարժ գույքի գները նվազել են: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նրա խոսքով, Երեւանում նվազել է նաև գործարքների թիվը։
Գալստյանը նշեց, որ դեկտեմբերը գործարքների առումով պիկ ամիս էր և դա պայմանավորված էր նրանով, որ հիփոթեքային վարկերի տոկոսների փոխհատուցման նպատակով եկամտահարկի վերադարձի ծրագրի ավարտի ֆոնին նկատվել է շտապողականություն՝ ավարտին հասցնել առքուվաճառքի գործարքը։
ԿԲ նախագահը նաև նշեց, որ մարզերում անշարժ գույքի գներն աճում են՝ ի տարբերություն Երևանի, որտեղ գները կայունանում են։
«Կարելի է ենթադրել, որ անշարժ գույքի շուկայում կտրուկ տատանումների հետ կապված մտավախությունները վաղաժամ էին»,- նշեց նա։
«Մենք կտրականապես մերժում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի 2025 թվականի մարտի 18-ի հայտարարությունը, որը Ադրբեջանի հասցեին բոլորովին անհիմն պնդումների հետ մեկտեղ խեղաթյուրում է տեղում իրողությունները և սահմանամերձ շրջաններում տեղի ունեցած կրակոցների փաստերը»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն։Նրա պնդմամբ՝ փաստերը քննելու վերաբերյալ հայկական կողմի առաջարկները «անհիմն են և վերացական»։
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ «եթե Հայաստանի կառավարությունն առաջնորդվում է խաղաղության օրակարգով, ինչպես հայտարարել է վարչապետի աշխատակազմը, ապա տեղին կլինի բացատրել, թե ինչպես է Հայաստանի զանգվածային ռազմականացումը, ներառյալ սահմանամերձ շրջաններում հարձակողական զենքի տեղակայումը, ծառայում նման օրակարգին».
«Խաղաղության համաձայնագրի տեքստի վերջնականացման և երկու երկրների միջև միջպետական հարաբերությունների հաստատման հարցում Հայաստանի ենթադրյալ բարի կամքի հետ կապված, հարկ է հիշել այն փաստը, որ Հայաստանն ամեն կերպ խաթարում է գործընթացը, չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը առաջին քայլերն արեց՝ առաջարկելով աշխատել խաղաղ համաձայնագրի վրա դեռևս 2022թ.։
Միևնույն ժամանակ, խորապես մտահոգիչ է, որ Հայաստանը անտեսել է Սահմանադրությունը փոփոխելու մեր վաղեմի պահանջը՝ դադարեցնելու իր տարածքային պահանջները Ադրբեջանի դեմ՝ չնայած տեղյակ լինելով այս կոչին։
Մենք կրկնում ենք Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումը, որ բանակցային տեքստի ստորագրման հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է՝ Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ պահանջները վերացնելու նպատակով։ Միևնույն ժամանակ մենք ընդգծում ենք հնացած և անգործունակ ԵԱՀԿ Մինսկի խմբի և հարակից կառույցների լուծարման անհրաժեշտությունը»,-ասել է նա։
«Կոմունիկացիաների բացման հարցում, չնայած Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող հաղորդակցությունների բացման գրավոր և ստորագրված պարտավորություններին, Հայաստանը 4 տարի չի կատարում այդ պարտավորությունները։ Փոխարենը առաջարկներ են ներկայացրել էապես անտեղի, դժվար իրագործելի և գործնականում երկար ուղիների համար՝ ուշադրությունը գործընթացից և պարտավորություններից շեղելու համար»,-կարծում են Բաքվում։
Նշվում է, որ «եթե հայկական կողմն իսկապես շահագրգռված է տարածաշրջանում հաղորդակցությունների բացմամբ, ապա չպետք է խուսափի իր պարտավորություններից և գործնական քայլեր ձեռնարկի տարածաշրջանում նոր իրողություններին համապատասխան հաղորդակցությունների բացման ուղղությամբ»։
«Ադրբեջանը կշարունակի իր խաղաղության ջանքերը բոլոր ուղղություններով և վճռականորեն կկանխի այս գործընթացի դեմ ուղղված քայլերը»։
Իսրայելը նախապես զգուշացրել է ԱՄՆ-ին, որ կվերսկսի հարվածները Գազայի հատվածին, հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։
«Իսրայելը ծանուցել է Թրամփի վարչակազմին օդային հարվածների մասին և հայտնել թիրախների մասին»,- ասվում է պորտալի կայքում։
Իսրայելի պաշտպանության ուժերի Telegram ալիքի հրապարակման համաձայն՝ Իսրայելը զանգվածային ավիահարվածներ է հասցնում Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին։
Հունվարի 19-ից մարտի 1-ը Գազայի հատվածում գործում էր հրադադար՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պաղեստինցի գերիների դիմաց իսրայելցի պատանդներին ազատ արձակելու համաձայնագրի շրջանակներում: Վեց շաբաթվա ընթացքում պաղեստինյան խմբավորումները ազատել են 30 պատանդների և հանձնել են արձակել ութ մահացածների մարմինները։ Դրա դիմաց Իսրայելն ազատ է արձակել մոտ 1700 պաղեստինցի բանտարկյալների, այդ թվում՝ ահաբեկչության համար ցմահ ազատազրկման դատապարտվածներին, իսկ բանակը լքել է Գազայի հատվածի ներքին տարածքը։
ՀԱՄԱՍ-ը շարունակում է ևս 59 պատանդ պահել Գազայի հատվածում, որոնց մոտ կեսը պաշտոնապես մահացած է հայտարարվել։ Զինադադարի սկզբից ի վեր Գազայի հատված մարդասիրական օգնության ներմուծումը զգալիորեն աճել է։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է քննարկեն երկու երկրների հարաբերությունների կարգավորումը և Ուկրաինայում տիրող իրավիճակը: Այս մասին հայտարարել Է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Lenta-ն։
«Կան նաև մեծ թվով հարցեր՝ և մեր երկկողմ հարաբերությունների հետագա կարգավորման, և Ուկրաինական կարգավորման մասին։ Այս ամենը պետք է քննարկեն երկու նախագահները», - ասել Է Պեսկովը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ ՌԴ-ն և ԱՄՆ-ն արդեն համաձայնեցրել են դիրքորոշումը շատ հարցերի շուրջ՝ շնորհիվ Ստամբուլում կայացած բանակցությունների, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի Մոսկվա այցի և Պուտինի ու Թրամփի առաջին հեռախոսազրույցի:
Այսօր Շվեյցարիայի դաշնային ժողովի վերին պալատը՝ Կանտոնների խորհուրդը, ընդունեց №24.4259 նախագիծը՝ «Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» վերնագրով։ 46 անդամներից 29-ը կողմ քվեարկեցին նախաձեռնությանը, որով կոչ է արվում Շվեյցարիայիիշխանություններին հիմնել առանձնացված հարթակ՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության համար։ Այս նախաձեռնությաննպատակն է ապահովել բռնի տեղահանված հայ բնակչության անվտանգ, հավաքական և արժանապատիվ վերադարձը իրենց պատմական հայրենիք։
Կանտոնների խորհրդի որոշումը հաջորդում է Ազգային խորհրդի՝ խորհրդարանի ստորին պալատի կողմից նույն առաջարկի ընդունմանը, որը կայացել է 2024 թ. դեկտեմբերի 17-ին։ Երկու պալատների հավանությամբ №24.4259 նախագիծը ստանում է օրենքի ուժ՝ պարտավորեցնելով Դաշնային խորհուրդը սկսել իրիրականացումը։ Կանտոնների խորհրդում զեկուցող էր պատգամավոր Տիանա Անգելինա Մոզերը (Կանաչ Լիբերալ կուսակցություն / Ցյուրիխ), մինչդեռ Ազգայինխորհրդում առաջարկի հեղինակն ու զեկուցողը պատգամավոր Էրիխ Ֆոնտոբելն էր (Շվեյցարական ժողովրդական կուսակցություն / Ցյուրիխ)։ Սա առաջին դեպքն է, երբ խորհրդարանի երկու պալատներն էլ ընդունել են որոշում, որը վերաբերում է հայկական հարցին։
Բռնի տեղահանված անձանց վերադարձի իրավունքը միջազգային իրավունքի հիմնասյուներից է, որը հաստատված է բազմաթիվ իրավական նախադեպերով ևմիջազգային հռչակագրերով։ Մասնավորապես՝ Միջազգային արդարադատության դատարանի 2023 թ. նոյեմբերի որոշումն ու Եվրոպական խորհրդարանի 2024 թ. մարտի և հոկտեմբերի բանաձևերը վերահաստատում են այս սկզբունքը՝ կոչ անելով Ադրբեջանին ապահովել, որ Լեռնային Ղարաբաղի հայերը կարողանան ապահովու արժանապատվորեն վերադառնալ իրենց տները։ Խաղաղության այս ֆորումի նախաձեռնությամբ Շվեյցարիան վերահաստատում է իր հավատարմությունըհումանիտար երկխոսությանը, միջազգային իրավունքին և կառուցողական դիվանագիտությանը՝ ի նպաստ Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության։
Երևանի ավագանին ընդունեց տրանսպորտի սակագնի նոր արտոնություններ սահմանելու նախագիծը։
Տրանսպորտն անվճար կդառնա նաև զինվորական ծառայության հետ պատճառական կապով 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող ՀՀ բոլոր քաղաքացիների համար։
«Նման շնորհակալություն մենք ունենք ասելու այն մարդկանց, որոնք առանց մի ակնթարթ մտածելու գնացել, պայքարել են 90-ականներին, 2016 թ., 44-օրյա պատերազմի ժամանակ, և կորցրել են առողջության մի մասը»,- ասել է «Հանրային ձայն» խմբակցության անդամ Վահան Ավագյանը։
Նշենք, որ նմանատիպ նախագիծ էր բերել նաև «Մայր Հայաստան» խմբակցությունը, սակայն ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունները չեն մասնակցել քննարկմանը՝ տապալելով այն:
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրել է. «Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտման վերաբերյալ ապատեղեկատվության տարածումը: Ընդ որում, տարածում են այնպիսի ինտենսիվությամբ, որ մինչ, օրինակ՝ արձանագրում ես, թե քանի անգամ են հաղորդագրություն տարածել երկու օրվա ընթացքում, արդեն հայտնվում է նոր հաղորդագրություն:
Այս պահի դրությամբ, օրինակ, երկու օրվա ընթացքում արդեն տարածել են յոթ այդպիսի հաղորդագրություն: Հայկական կողմը ամեն հաղորդագրությունից հետո տարածել է հերքում, ու նաեւ եղել է վարչապետի աշխատակազմի հայտարարություն: Հայտարարության մեջ հիշեցնում են 2024 թվականի հունիսից արված առաջարկը՝ ստեղծել հրադադարի խախտումների հետաքննության համատեղ մեխանիզմ:
Ադրբեջանը, բնականաբար, չի արձագանքել դրան, եւ, իհարկե, չի էլ արձագանքի: Ադրբեջանի համար հրադադարի խախտումների վերաբերյալ տեղեկատվական «գործիքը» խաղաքարտերից մեկն է, որից, իհարկե, Բաքուն չի հրաժարվի:
Մեզանում այդ գործիքի կիրառումը ընկալվում է որպես սադրանքի նախապատրաստում: Այսինքն՝ Բաքուն մտադիր է դիմել սադրանքի, բայց դրանից առաջ ստեղծում է տեղեկատվական «պատկեր», թե իբր հայկական կողմն է լարողը:
Իհարկե, դա կա: Բայց, չեմ կարծում, թե դա է այդ խաղաքարտի միակ նշանակությունն ու կիրառման մոտիվը:
Տեղեկատվական այդ գործիքը Բաքվի համար ունի բազմիմաստ նշանակություն, բազմաֆունկցիոնալ է: Ընդհանուր առմամբ, այն տեղավորվում է ուժի վրա հիմնված քաղաքականության մեթոդաբանության շրջանակում, որ կիրառում է Ադրբեջանը:
Ընդ որում, բոլորովին բացառելի չէ եւ այն, որ Ադրբեջանն այդ գործիքի կիրառում կարող է անել նաեւ, այսպես ասած, պաշտպանական նպատակով կամ նկատառումով: Իհարկե, խոսքը Հայաստանից պաշտպանվելու մասին չէ, որովհետեւ Հայաստանն Ադրբեջանին չի սպառնում որեւէ կերպ, այլ հակառակը՝ Բաքուն է սպառնում Հայաստանին:
Խոսքը միջազգային հարաբերություններում իր համար ռիսկերից պաշտպանվելու մասին է: Ադրբեջանն այդուհանդերձ ունի ռիսկեր, որոնց այսօր ավելացել է, իհարկե, նաեւ ԱՄՆ-ԵՄ, եւ Վաշինգտոն-Լոնդոն դիմակայությունը:
Հարց կառաջանա, թե ինչ կապ ունի այդտեղ հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ապատեղեկատվությունների գործիքը: Կարծում եմ՝ բացառել պետք չէ, որ Ադրբեջանն այդպիսով «սրելով» ուշադրությունը, կարող է փորձել, այսպես ասած, թուլացնել իր հանդեպ կուլիսային ակնկալիքների բեռն ու ճնշումը, որոնք մեծ հավանականությամբ առկա են Լոնդոնում:
Առաջին հայացքից ստացվում է Ադրբեջանի «արդարացում»: Այսինքն, կարող է ստեղծվել տպավորություն, որ «խեղճ Ադրբեջանը» փորձում է հրադադարի խախտման վերաբերյալ ապատեղեկատվությամբ թուլացնել Լոնդոնի ճնշումը:
Իրականում, խոսքը «խեղճ Ադրբեջանի» մասին չէ: Ադրբեջանը Հայաստանի հանդեպ ագրեսիվ, ռազմատենչ ու առավելապաշտ է, ու դա իր համար ռազմավարություն է: Բայց, Բաքուն նաեւ խելագար չէ: Ուժի կիրառման հարցում այնտեղ թերեւս բավականին բծախնդիր են ժամանակի, պահի, միջավայրի ընտրության առումով:
Հնարավոր է, որ այժմ շոշափում են հողը, ստուգում արձագանքները եւ այլն: Բայց երկու օրվա ընթացքում արդեն յոթ անգամ հայտնելով իբրեւ թե հայկական կողմից հրադադարի խախտման մասին, Ադրբեջանը կարծես թե բովանդակային առումով չի տվել «դինամիկա»:
Դա թույլ է տալիս եզրակացնել, որ ապատեղեկատվության տարածումը այդուհանդերձ գոնե այս պահին չունի սադրանքի կայացված որոշման սպասարկման նպատակ:
Սա, անշուշտ, բացարձակապես չի նշանակում, որ պետք է թուլացնել զգոնությունը: Ավելին, պետք է գործել վատթար նպատակի կանխավարկածով, ինչպես ասում են՝ միշտ լինել պատրաաստ վատթարին: Բայց, համենայն դեպս դիտարկման մակարդակում, կարծում եմ, որ ապատեղեկատվության մեջ բովանդակային դինամիկայի բացակայությունը վկայում է առնվազն այս պահին սադրանքի որոշման և նախապատրաստվածության բացակայության մասին: Իհարկե, պետք է հետեւել բովանդակային դինամիկային»:
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ և խոսնակ Օմար Չելիքը անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին և վերջին համատեղ հայտարարությանը։
Նա նշել է, որ դեռևս երկու կետ մնում է չլուծված՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը և ՀՀ Սահմանադրության և օրենքների մեջ փոփոխությունների կատարումը։
«Հայաստանի համար չափազանց կարևոր է լինելու փոխել օրենքները կամ Սահմանադրության որոշ հոդվածներ, որոնք ուղղված են Ադրբեջանի դեմ։ Ժամանակն է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը տարիներ շարունակ ստեղծվել է այս խնդիրը լուծելու համար, սակայն լուծելու փոխարեն բարդացրել է այն և այլևս առաքելություն չունի:
Այսուհետ, երբ ձեռնարկվեն բոլոր այս քայլերը, Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը թափ կհավաքի, և դրանից կշահեն տարածաշրջանի բոլոր ժողովուրդները։ Կովկասում խաղաղությունը ձեռնտու կլինի»,- հայտարարել է նա։