Մոսկվա այցի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցելությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողով կարող է օգնել մի շարք ուղղությունների եւ արագացնել կազմակերպության անդամ երկրների միջեւ համագործակցությունը: Հունվարի 28-ին տեսակամուրջի ժամանակ այս մասին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի ինտեգրացիայի եւ մակրոտնտեսության հարցերով անդամ (նախարար) Տատյանա Վալովայան՝ ամփոփելով 2018 թվականի արդյունքները:
Այսպես, նրա խոսքով, 2019 թվականին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ապրանքների եւ ծառայությունների ազատ տեղաշարժման նոր որոշումներ կընդունի: «Եվրասիական երկրների հարկային ծառայությունների համար անչափ կարեւոր է, թե Միության ներսում ապրանքներն ինչպես են տեղաշարժվում, ով եւ որտեղ է դրանց համար ԱԱՀ եւ ակցիզներ վճարել, եւ արդյոք այդ ապարանքները չեն գնացել սեւ շուկա,- պարզաբանեց Վալովայան:
Նախարարը նշեց, որ իրենք հասկանում են, թե որքան կարեւոր է Հայաստանի համար նման վերահսկողության հարցը, որը ԵՏՄ մյուս երկրների հետ ընդհանուր սահման չունի: «Ակցիզային ապրանքների հարցը նույնպես Հայաստանի համար անչափ կարեւոր է: Ծխախոտի եւ ալկոհոլի հսկման հարցում, կարծում եմ, մենք կկարողանանք ինչ-որ պայմանավորվածության հասնել, ընդ որում՝ բավականին շուտ»,- ասաց Տատյանա Վալովայան՝ հավելելով, որ ապրանքների վերահսկմանն էլ հենց կօգնեն նոր թվայնացված համակարգերը:
0Comments