Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների իրականացմանը և քննարկել, թե ինչ է պետք անել դրանց արագ իրականացման համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «РИА Новости»-ն։
«Մենք, իհարկե, ցանկանում ենք այսօր քննարկել, թե ինչպես են ընթանում գործերը Ադրբեջանի հետ ձեր բանակցություններում։ Գիտեմ, որ բոլորովին վերջերս Եվրոպայում շփումներ են եղել, լրատվամիջոցները լի են տարբեր ասեկոսեներով ու ենթադրություններով։ Իհարկե, այսօր կարևոր կլիներ մտածել, թե էլ ինչ կարող ենք անել, որպեսզի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները հնարավորինս շուտ իրականանան»,- ասել է Լավրովը՝ Աստնայում բացելով իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ բանակցությունները։
Նա նշեց, որ նորմալացման համար արդեն շատ բան արվել է, այդ թվում՝ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերում, կան «ուրվագծեր» սահմանների դելիմիտացիայի հարցերում։ «Մեր մերձավոր հարևանների և ընկերների միջև հարաբերությունների ամբողջական կարգավորումը լիովին համապատասխանում է մեր շահերին, մենք պատրաստ ենք նպաստել այդ գործընթացին»,- հավելել է ռուս նախարարը։
Միրզոյանը նշել է, որ բազմաթիվ հարցեր կան, որոնց վերաբերյալ Հայաստանը ցանկանում է լսել Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը։ «Մենք լիովին հավատարիմ ենք մեր երկրների ղեկավարների եռակողմ 3 հայտարարություններին, բարձր ենք գնահատում նախագահ Պուտինի և Ռուսաստանի անձնական ներդրումը Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման գործում։ Զուգահեռաբար մենք տեսնում ենք, որ ադրբեջանական ախորժակը միայն աճում է, խոսքը միայն Լեռնային Ղարաբաղի մասին չէ, թեև այնտեղ խնդիրները չեն լուծվել, այլ նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների»,- ասել է Հայաստանի արտգործնախարարը։
«Այստեղ մենք՝ Հայաստանը, ինչպես դուք ասացիք, Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է եւ մենք ակնկալում ենք Ռուսաստանի Դաշնության հստակ դիրքորոշումը»,- ասաց նա։
Միրզոյանը նշել է, որ այդ հարցը քննարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, և «որոշ երկրներ, որոնց հետ բարեկամության և ռազմավարական գործընկերության երկար պատմություն չկա, հայտարարություններ են արել, որոնք ավելի օբյեկտիվ և հստակ են արտացոլում այն իրավիճակը, որը ստեղծվել է հայ- ադրբեջանական սահմանին»:
«Իրադարձությունները ինտենսիվ են ընթանում, բանակցությունները՝ ինտենսիվ ռեժիմով։ Շատ կողմեր կան, որոնք առաջարկում են իրենց միջնորդական ջանքերը, մոտեցումները, հարթակները։ Մեզ համար շատ կարևոր է իմանալ Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցերում, մենք ցանկանում ենք զգալ Ռուսաստանի թիկունքը և առաջ շարժվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ եռակողմ պայմանավորվածությունների ոգով, մենք պատրաստ ենք դրան»,- ընդգծել է Միրզոյանը:
0Comments