Զելենսկին չեղարկել է գարնանային զորակոչը

Մանրամասներ
ա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չեղարկել է զինվորական ծառայության գարնանային զորակոչը։ Այս մասին է վկայում թիվ 230/2022 հրամանագիրը, որը հրապարակվել է պետության ղեկավարի պաշտոնական կայքում։

Փաստաթղթի համաձայն, չեղյալ են հայտարարվել նախապես սահմանված ժամկետներն ապրիլ-հունիս ամիսներին զորակոչի համար:

Բացի այդ, փաստաթղթի համաձայն, անհետաձգելի զինվորական ծառայության սահմանված ժամկետներն անցած զինվորականները կարող են տեղափոխվել պահեստազոր «սահմանված կարգով զորացրման մասին հայտարարությունից հետո»։

Փոփոխությունները կատարվել են Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության պատճառով՝ համաձայն Ուկրաինայի նախագահի փետրվարի 24-ի «Ուկրաինայում ռազմական դրություն մտցնելու մասին» հրամանագրի։

Այսպիսով, Ուկրաինայում համընդհանուր մոբիլիզացիայի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերում  համալրումն իրականացվում է ժամկետային զինծառայողների և պահեստազորի մուտքի հաշվին։