Ֆրանսիայում տեղի ունեցած երկրաշարժի և դրան հաջորդած հետցնցումների հետևանքով մի շարք շինություններ են վնասվել

Մանրամասներ

Ֆրանսիայի Դյու-Սևր դեպարտամենտում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով բազմաթիվ շինություններ լուրջ վնասներ են կրել։ Այս մասին ասված է շրջանի վարչակազմի թվիթերյան միկրոբլոգում։

Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, երկրի արևմուտքում նախորդ գիշեր տեղի ժամանակով 18:38-ին 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Էպիկենտրոնը գտնվել է Սուրջերս կոմունայից 14 կիլոմետր հյուսիս։ Որոշ ժամանակ անց նշված տարածքում 3,1 և 4,4 մագնիտուդ ուժգնությամբ հետցնցումներ են գրանցվել։

Որոշ համայնքներում շենքերի զգալի վնասներ են գրանցվել։ Ծովափնյա Շարանտի դեպարտամենտի Կուրսոն քաղաքում եկեղեցին զգալիորեն վնասվել է։ Իսկ Արսե կոմունայում փլուզվել է տաճարի աշտարակների մի մասը։ Լա Լեն կոմունայում զգալիորեն վնասվել է եկեղեցու աշտարակը, տասնյակ տներ պատերի ճաքերի պատճառով ճանաչվել են վթարային։

Բուն Շարանտիում ավելի քան հազար մարդ վնասված էլեկտրահաղորդման գծերի պատճառով մնացել է առանց էլեկտրականության։

Հաղորդվում է, որ ստորգետնյա ցնցումների հետևանքով տուժել է մեկ մարդ։ Վերջինս թեթև վնասվածքներ է ստացել և նրան օգնության են հասել փրկարարները։

Պաշտոնական հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ միջադեպից հետո տեղի իշխանություններն անվտանգության գոտի են սահմանել եկեղեցիներից մեկի շուրջը։