Այս օրերին Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումներն առաջին արդյունքներ են տալիս: Նախ նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անցած շաբաթավերջին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպումներ ունեցան Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ առանձին, ապա նրանց մասնակցությամբ կայացավ նաև նախարարների հանդիպումը։
Իրենց հայտարարությունում միջնորդները ողջունեցին արտգործնախարարների առաջին հանդիպումը 2020 թվականի նոյեմբերից ի վեր՝ այն գնահատելով որպես «տարածաշրջանում անվտանգությանը, կայունությանը և բարգավաճմանը նպաստելու նպատակով ուղիղ երկխոսության միջոցով խաղաղ գործընթացում վերստին ներգրավվելու՝ երկու երկրների վճռականության նշան»:
Համանախագահներ Իգոր Խովաևը, Էնդրյու Շեֆերը, Ստեֆան Վիսկոնտին և Անջեյ Կասպրչիկը, ինչպես նաև Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցերով ավագ տնօրեն Ամանդա Սլոութը, ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով առաջին օգնականի տեղակալ Դերեք Հոգանը նախօրեին քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:
Ըստ Պետքարտուղարության հաղորդագրության, Հոգանն ու Սլոութը «ողջունել են համանախագահների ջանքերը և Հայաստանի ու Ադրբեջանի վճռականությունը՝ կրկին երկխոսության միջոցով ներգրավվել խաղաղ գործընթացում՝ ուղղված տարածաշրջանում անվտանգության, կայունության և բարգավաճման խթանմանը»: Պետդեպարտամենտի փոխանցմամբ, Միացյալ Նահանգները խոստանում է շարունակել աշխատանքը՝ նպատակ ունենալով օգնել Ադրբեջանին և Հայաստանին՝ լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող կամ դրանից բխող բոլոր չլուծված խնդիրները՝ ներառյալ ձերբակալվածների, անհետ կորածների հարցերը և մարդասիրական ականազերծման ջանքերը: Ի դեպ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը France24-ին տված հարցազրույցում նշել է, որ չի առարկի Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման հարցում։
Ալիևը հարցազրույցում նշել է, որ եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները (Ֆրանսիա, ԱՄՆ և Ռուսաստան) հանդիպում կազմակերպեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ապա ինքն առարկություն չի ունենա:
Իր հերթին՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօրվա ասուլիսի ընթացքում ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կվերսկսեն իրենց այցերը տարածաշրջան: Նա հայտնեց, որ բառացիորեն օրերս երեք համանախագահները հանդիպեցին Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ:
«Նրանք, որքան ես հասկանում են, համաձայնել են վերսկսել իրենց այցերը տարածաշրջան (Արցախ)` այցելելու և տեղում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ զրույցների համար, հանդիպումներ նախատեսված են նաև Ստեփանակերտում»,- ասել է Լավրովը:
Նրա խոսքով, անցյալ տարի ձեռք բերված եռակողմ համաձայնության գլխավոր արդյունքը հակամարտության գոտում իրավիճակի կայունացումն է:
«2020թ. նոյեմբերի 9-ից հետո մոտ մեկ տարվա գլխավոր արդյունքն այն է, որ հաստատվել է կայունություն, որը պահպանվում է, ռուս խաղաղապահ զորամիավորումը նպաստում է դրան, որևէ բռնի գործողություն մենք այժմ չենք նկատում: Մանր միջադեպեր կային սկզբնական փուլում, որոնք արագ լուծվեցին: Եվս մեկ անգամ կրկնեմ. այնտեղ այժմ իրավիճակը կայուն է, չնայած, իհարկե, խնդիրները քիչ չեն»,- ասել է Լավրովը:
168.am-ի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտն ասաց, որ տարածաշրջանային այցերը վերսկսելու պայմանավորվածությունը կարևոր է, որը նշանակում է, որ համանախագահների գործունեությունը մասամբ վերականգնվում է:
«Ինչո՞ւ մասամբ: Հարցն այն է, որ, ի վերջո, կարևորը այդ ձևաչափի գործունեության բովանդակային կողմն է, բովանդակային հարցերի շուրջ կոնսենսուսն ու աշխատանքը՝ այս դեպքում բանակցությունները անխափան բնույթը: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատերազմից հետո ոչ մի կերպ չէր հաջողվում ճանապարհ հարթել միջնորդների աշխատանքի համար, ավելին՝ համանախագահներն ունեցան տապալված այց և ջերմ չընդունվեցին Ադրբեջանում, որից հետո չայցելեցին այլևս տարածաշրջան, ապա այս պայմանավորվածությունը կարելի է համարել ոչ վատ արդյունք: Սա նշանակում է նաև, որ կա աշխարհաքաղաքական շատ թույլ կոնսենսուս համանախագահների գործունեության վերաբերյալ, այդ պատճառով կողմերի դիմադրությունը ևս անիմաստ է»,- ասաց Ստյուարտը:
Նրա խոսքով, ուշագրավ հանգամանք է, որ այդ մասին հայտնում է ռուսական կողմը, կարծես անուղղակիորեն իր աջակցությունը հայտնելով գործընթացի վերսկսմանը:
«Հասկանալի է դառնում, որ Մինսկի խմբի միջոցով Ռուսաստանն իր խնդիրները պետք է անուղղակիորեն փորձի լուծել տարածաշրջանում: ՌԴ-ն երկարաժամկետ է դիտարկում, հասկանում է, որ Ադրբեջանի հետ որոշ ուղղություններով խնդիրները խորանալու միտում ունեն և պետք է որոշակի դաշտ տեղափոխել այդ ամենը, հատկապես, երբ Արևմուտքը չի հրաժարվում կարգավիճակի հարցից: Ուստի այցի մասին պայմանավորվելը կարևոր էր, սակայն կարևոր է, թե ինչ թեմաներ են համաձայնեցված կերպով քննարկվելու այդ այցի ընթացքում, և եթե Ադրբեջանը մերժում է ընդհանրապես կարգավիճակի հարցը, այստեղ լուրջ խնդիրներ են սպասվում համանախագահներին»,- նկատեց նա:
Ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն ևս այն կարծիքին է, որ տարածաշրջան այցերը վերականգնելու շուրջ պայմանավորվածությունը աննշան քայլ է՝ հաշվի առնելով այն խնդիրները կողմերի միջև, որոնք կան:
«Ես չգիտեմ, թե այս նոր իրավիճակում Մինսկի խումբն ինչպես է տեղավորվելու, քանի որ կան հստակ օրակարգեր, պահանջներ, գործընթացներ, իսկ ՄԽ համանախագահների տարածած պաշտոնական հաղորդագրությունում որևէ հստակություն չկար:
Նույն տեքստերին մենք ականատես էինք դառնում նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո, երբ համանախագահներն անընդհատ առաջարկում էին կողմերի հետ աշխատել նրանց իսկ ցանկալի օրակարգով, սակայն դա որևէ արդյունքի չհանգեցրեց»,- նման կարծիք հայտնեց Մալաշենկոն:
Նրա կարծիքով, ԵԱՀԿ ՄԽ գործընթացի վերսկսման կարևորության և հեռանկարայնության մասին կարելի կլինի խոսել միայն նրանց տարածած առաջին բովանդակային հաղորդագրություններից հետո:
«Ներկայումս նման տեքստեր չկան, կարծես տեխնիկական աշխատանք է ընթանում, որպեսզի հնգակողմ աշխատանքները վերականգնվեն: Գուցե կան գործընթացներ, որոնք վերապահված են Մինսկի խմբին, օրինակ, Խաղաղության համաձայնագիր բանակցելը կամ այլ հարցեր․ սպասենք, կտեսնենք առաջին լուրջ արդյունքներից»,- ասաց նա:
0Comments