Առողջության համար ի՞նչ ռիսկեր է պարունակում ժամանակին չկատարված աղբահանությունը

Հիվանդությունների վերահսկման եւ պրոֆիլակտիկայի կենտրոնի տնօրենի տեղակալ Նունե Բակունցը նշում է, որ աղբի կուտակումները կարող են առողջության համար վտանգներ պարունակել

Երեւանի բնակիչները շարունակում են դժհոգություն հայտնել «Սանիթեք» ընկերության կողմից իրականացվող աղբահանության որակի վերաբերյալ:  Հիվանդությունների վերահսկման եւ պրոֆիլակտիկայի կենտրոնի տնօրենի տեղակալ Նունե Բակունցը  նշում է. շոգ եղանակին աղբի կուտակումները կարող են առողջության համար վտանգներ պարունակել:

Հունիսի 5-ին մամուլի ասուլիսին փորձագետը նշեց, որ չհավաքված աղբը գրավում է միջատներին, կրծողներին եւ թափառող կենդանիներին, որոնք կարող են վտանգավոր ինֆեկցիայի փոխանցողներ լինել: Օրինակ՝ ճանճերը աղիքային հիվանդությունների հարուցիչների փոխանցողներ են, իսկ անտուն կատուները կամ շները  կարող են տարբեր հիվանդությունների, ընդհուպ մինչեւ կատաղության աղբյուր լինել:

Իրավիճակը խորացնում է այն, որ մայրաքաղաքի բնակիչները երբեմն աղբը նետում են դրա համար չնախատեսված վայրում: Օրինակ՝ այն թողնում են հենց փողոցում, շենքի մուտքի կամ աղբարկղերի մոտ, որոնք նախատեսված են օրգանիկ աղբի վրա:

NEWS.am Medicine-ի հետ զրույցում Բակունցը մատնանշեց այն, որ օրգանիզմի վրա կարող է բացասաբար ազդել օրգանական թափոնների գազը շնչելը, որն արտադրվում է աղբից:

«Դա ծծումբն է, ածխաթթու գազը, որը բարձր կոնցենտրացիայի դեպքում, ինչպես նաեւ տվյալ նյութերի նկատմամբ մարդու զգայունության դեպքում կարող են գրգռող ազդեցություն ուենալ լորձաթաղանթի վրա», - նշեց նա:

Փորձագետը նաեւ հավելեց, որ կրծողները եւ թափառող կենդանիները կարող են տուլյարեմիայի փոխանցողներ լինել, իսկ թափառական շների հետ շփվող մժեղները՝ լեյշմանիոզի:

Հաշվի առնելով այս գործոնները՝ ժամանակին կատարվող աղբահանությունը կարեւոր նշանակություն ունի մարդու առողջության համար: