Դժվար ճանապարհ. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Կյանքում չկա ավելի դժվար բան, քան սպասելը, այնուհանդերձ, ասում եմ ձեզ՝ սպասեք, սպասեք, մինչև որ Իմ Կամքը հայտնեմ ձեզ

Հիսուս

Փետրվարի 11

Ճանապարհը, իրոք, դժվարին է, այն դժվարին է նաև ձեզ համար: Կյանքում չկա ավելի դժվար բան, քան սպասելը, այնուհանդերձ, ասում եմ ձեզ՝ սպասեք: Սպասեք, մինչև որ Իմ Կամքը հայտնեմ ձեզ: Ձեր երկուսին դժվար ու մեծ գործեր տալը ապացույցն է Իմ Սիրո ու Վստահության և Իմ աշակերտները լինելու: Ուստի կրկնում եմ՝ սպասեք: Շարժվելը շատ ավելի դյուրին է, քան սպասելը: Այս է պատճառը, որ Իմ հետևորդներից շատերը ձախողել են իրենց ձեռնարկած գործերը և իրենց ակտիվ գործունեությամբ պարզապես արգելք են եղել Իմ Թագավորության գալուն:

Սպասեք, չափից ավելի չեմ պրկի ձեր հոգու ուժը: Դուք երկուսդ շատ եք նման նրանց, ովքեր հայտնվելով օվկիանոսում՝ անօգնական քշվում ու տարուբերվում են լաստանավի վրա: Բայց ահա, ջրերի վրա քայլելով՝ ձեզ է գալիս Մեկը՝ նման Մարդու Որդուն: Երբ Նա հասնի ձեզ, և դուք լաստանավի վրա կվերցնեք Նրան, ձեզ հետ էլ կպատահի այն, ինչ աշակերտների հետ պատահեց: Եվ դուք էլ շուտով կհասնեք այնտեղ, ուր կամենում էիք:

Ճամփորդությունը նման բարեհաջող ավարտի չէին կարողանա հասցնել ոչ ձեր տանջալի թիավարումը, ոչ էլ՝ գործի դրված ձեր ավյունն ու ջանքը: Ասում Եմ դարձյալ՝ սպասեք ու վստահեք: Սպասեք, մի վախեցեք: