Հունվարի 7
Բարեհաճությամբ նայիր մեզ, Ով Տեր, ե՞րբ կտեսնենք «Երկիրը, որ շատ հեռու է», թեպետ այժմ իսկ մոտ է՝ տեսնող աչքի ու լսող ականջի համար:
Սպասիր, հրաշքների երկինքը կբացվի, զգաստացիր, դողա Աստծո Երկյուղից: Առանց ցնցվելու ոչ ոք չի կարող կանգնել Հավիտենության շեմի վրա: Ես քեզ Հավիտենական Կյանք կտամ. անվճար մի պարգև, հրաշալի շնորհ, որ է՝ Կյանքը անսահման դարերի:
Լռությամբ է գալիս Թագավորությունը: Ոչ ոք չի կարող ստույգ իմանալ, թե երբ է հայտնվում Այն մարդու մեջ. միայն արդյունքից՝ պտուղներից է Այն հայտնի դառնում: Լուռ մնա և լսիր: Կարող է նաև այնպես լինել, որ երբեմն ոչ մի պատգամ չստանաք, բայց դուք դարձյալ իրար մոտ եկեք: Եթե ոչինչ էլ չլինի, ապա ամենաքիչը հոգևոր ջերմ մթնոլորտ կունենաք:
Լռությամբ է գալիս Թագավորությունը, սովորիր լռություն պահպանել. «Աստված Լռության մեջ է խոսում»: Լռությունը կամ մեղմ հովը, այս երկուսն էլ իրենց մեջ կարող են պատգամներ ունենալ՝ Իմ Ասելիքը սրտին հասցնելու. թեկուզ ոչ ձայնով ու ոչ բառերով: Քո ամեն բառը կամ մտածումը կարող է ընկնել ու մարգարիտի նման մնալ գաղտնարանում մի ուրիշ սրտի, ինչը և անհրաժեշտության դեպքում՝ կրողն իբրև գանձ կգտնի և, ճանաչելով, կանդրադառնա նրա արժեքին:
Շատ մի ջանա ԿԱՏԱՐԵԼ, այլ ԵՂԻՐ: Ես ասացի. «Կատարյալ եղեք» և ոչ թե ՝ Կատարեք կատարյալ բաներ: Աշխատիր լավ ըմբռնել այս ճշմարտությունը:
Անհատական ճիգերն առանձնապես ոչ մի օգուտ չեն տա: Այստեղ կարևորը՝ Տիեզերական Հոգին՝ Իմ Հոգին է: Սևեռվիր այս մտածումի վրա և խոկումի նյութ դարձրու: Այս ճշմարտությունը ընկալելու համար Ամբողջ մի կյանքի տևողություն հարկավոր եղավ Սրբերին:
0Comments