ՀՀ ԱԺ ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացնում է, որ դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին.
«Քաղաքացիների աշխատանքային իրավունքները պաշտպանող պետական մարմին է անհրաժեշտ
Հարգելի՛ գործընկերներ,
Այսօր գրությամբ դիմել եմ վարչապետին՝ առաջարկելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմում ստեղծել աշխատանքի պետական տեսչություն։
Խնդիրն այն է, որ արդեն մի քանի տարի է, ինչ չի գործում աշխատանքի պետական տեսչությունը, իսկ ներկայիս առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը չունի լիազորությունների այն ողջ ծավալը, ինչ ուներ աշխատանքի պետական տեսչությունը (աշխատանքի տևողություն, արձակուրդ, ստաժ, չհրամանագրված աշխատողներ, աշխատավարձին առնչվող խնդիրներ և այլն)։
Ընդ որում, այստեղ խոսքը հատկապես բազմաթիվ գործատուների կողմից իրականացվող զանգվածային և պարբերական խախտումների մասին է։ Այսպես, հազարավոր քաղաքացիներ աշխատում են ծայրահեղ վատ պայմաններում՝ առանց օրենքով սահմանված ժամաքանակի սահմանափակման, առանց նորմալ հանգստյան օրերի՝ ստանալով չնչին աշխատավարձ։ Մյուսներն ընդհանրապես հրամանագրված չեն, ինչի հետևանքով հետագայում զրկվելու են աշխատած տարիները ստաժում հաշվարկելու իրավունքից և այդ տարիների համար չեն ստանալու աշխատանքային կենսաթոշակ և այլն։
Այսպիսով, թվարկված աշխատանքային բնագավառի խնդիրների կարգավորման մասով որևէ պետական մարմին չի զբաղվում և հետևաբար, աշխատողը կարող է միայն իր ոտնահարված իրավունքների պաշտպանության համար դիմել դատարան։ Իսկ դատարան դիմելը, հայտնի փաստ է, որ ծախսատար և ժամանակատար պրոցես է․ դատարան դիմելու համար անհրաժեշտ են խորը իրավական գիտելիքներ կամ դիմել փաստաբանի ծառայությանը։
Մի՞թե նշյալ պայմաններում աշխատող քաղաքացին կդիմի դատարան։ Ակնհայտորեն ոչ․ քաղաքացիների մեծ մասն ուղղակի խուսափում է դատապրոցեսում ներգրավվելուց, քանի որ վստահ չէ, որ անգամ ճիշտ լինելու պարագայում միայնակ կարող է հաղթել գործատուին։ Իսկ գործատուներն օգտվում են այդ փաստից և շարունակում խախտել աշխատողի իրավունքները, քանի որ երկրում գործազրկության մակարդակը շատ բարձր է և այլ աշխատող գտնելն առանձնապես բարդ խնդիր չէ։
Այսինքն, պետությունը մենակ է թողել իր քաղաքացուն գործատուի հետ, մինչդեռ, քաղաքացիների աշխատանքային իրավունքների պաշտպանության մասով ունի պոզիտիվ պարտականություն։
Այսպիսով, անհրաժեշտ է վերստեղծել աշխատանքի պետական տեսչություն, որի լիազորությունը կլինի աշխատանքային իրավունքի բնագավառում վերահսկողությունը՝ ինչպես սեփական նախաձեռնությամբ, այնպես էլ համապատասխան դիմումի հիման վրա»։
0Comments