Դեկտեմբերի 28
Ահավասիկ այստեղ եմ: Իմ ներկայությունը զգալու չափազանց պահանջ մի ունեցեք: Այն զգալու համար չարաչար խնդրելը հավասար է «Նշան խնդրելու»: Այդ պահանջի պատասխանը նույնն է, ինչ որ տվեցի, երբ երկրի վրա ինձնից «նշան խնդրեցին»: (Հովնան մարգարեի նշանից բացի ուրիշ նշան չպիտի տրվի...):
Թանձր վարագույր կա կախված անհավատի տեսողության առջև: Հավատացյալի համար այդ վարագույրը ժամանակավոր է, որովհետև հաջորդելու է փառավոր Հայտնությունը:
Ձեր զգացածն ու կարծիքը բնավ էական չէ: Կարևորն այն է, թե իրականում ով Եմ Ես, ով էի և ով պիտի լինեմ ձեզ համար Հավիտյան: Ես հարուցյալ Տերն Եմ: Զգալը, որ Ես ձեզ հետ եմ, կարող է կախված լինել անցողիկ մի տրամադրությունից, իրադարձության փոփոխությունից, սոսկ մի աննշան բանից:
Իրադարձություններն Ինձ վրա չեն ազդում: Երբ Իմ Խոսքը Ասված է, նշանակում է՝ կիրականանա: Ես այստեղ եմ, միացած ձեզ՝ մտերիմ ու ջերմ բարեկամությամբ:
0Comments