Իշխանությունները թույլատրել են հայկական եկեղեցի կառուցել Չելյաբինսկում

Հարավային Ուրալում հայկական համայնքի նախագահ, եկեղեցու երեցփոխ Գագիկ Մխիթարյանի խոսքով՝ այժմ Չելյաբինսկում մոտ 10 հազար հայ է ապրում

Չելյաբինսկում հավանություն են տվել առաջին հայկական եկեղեցու կառուցմանը։ Այն կկառուցվիԿուրչատովի շրջանի Բեյվելի փողոցում։ Թույտվությունը  ստորագրել է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Նատալյա Կոտովան, տեղեկացնում է «Չելյաբինսկ օնլայն»-ը։

Փաստաթուղթը հրապարակվել է Չելյաբինսկի վարչակազմի պաշտոնական կայքում։ Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը թույլ է տվել եկեղեցին կառուցել հանրային լսումների հիման վրա, որոնցում մայիսի 30-ին եկեղեցու կառուցման նախագիծը հավանության է արժանացել։

Եկեղեցու զբաղեցնելիք մակերեսը 315 քառակուսի մետր է։ Այն կունենա երկու գմբեթ եւ կկրի Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունը։ Հաշվարկված է 200-300 մարդու համար։

Հարավային Ուրալում հայկական համայնքի նախագահ, եկեղեցու երեցփոխ Գագիկ Մխիթարյանի խոսքով՝ այժմ Չելյաբինսկում մոտ 10 հազար հայ է ապրում: Սակայն նրանք քաղաքում իրենց եկեղեցին չունեն, մարդիկ ստիպված են եկեղեցի գնալու համար Եկատերինբուրգ մեկնել:

Սեփական եկեղեցին կառուցելու ծրագրերը հայտնվել էին դեռեւս 10 տարի առաջ: Մոտ 3 տարի առաջ սփյուռքին Կուռչատովյան շրջանում հող էին հատկացրել, սակայն ավելի ուշ այնտեղ արգելել էին ցանկացած աշխատանք:

Այս անգամ հողը հատկացրել են հայկական «Նոյ» սրճարանի մոտ՝  Բեյվել փողոցում: Տարածքն իրենից ամայի տեղ է ներկայացնում, որի կողքին ոչինչ չկա: Նրա հետեւում միայն անտառ է:

Եկեղեցական կանոններով վանքը պետք է մինչեւ 7 տարի կառուցվի, սակայն հայկական համայքնը պատարստվում է ավելի վաղ կառուցել այն: