Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) նոր զեկույց է հրապարակել նախագահ Բաշար Ասադի հեռանալուց հետո Սիրիայի ռազմավարական ներուժի ոչնչացման մասին. ըստ այդմ, ոչնչացվել է «երկիր-օդ» դասի հրթիռների հայտնաբերված պաշարների ավելի քան 90 %-ը և կործանիչ ավիացիայի 5 էսկադրիլիա:
ՑԱԽԱԼ-ի տվյալներով՝ մի քանի շաբաթվա ընթացքում Իսրայելի ռազմական հետախուզությունն (АМАН) իրականացրել է Սիրիայի ներքին իրավիճակի համալիր գնահատում և նախապատրաստել է սիրիական ռազմավարական սպառազինությունների ոչնչացման հարձակման պլան, որն իրագործվելու էր զինված ընդդիմության հաղթանակի դեպքում:
Վերջին օրերին Իսրայելի ռազմաօդային ուժերի հարյուրավոր ինքնաթիռներ հարձակվել են սիրիական ավիացիայի տեղակայման վայրերի, ռադարների, զենքի արտադրության գործարանների և այլ ռազմական օբյեկտների վրա:
«Հարվածները զգալի վնաս են հասցրել Սիրիայի ՀՕՊ համակարգին՝ ոչնչացնելով հայտնաբերված «երկիր-օդ»դասի ռազմավարական հրթիռների ավելի քան 90 %-ը։ Բացի այդ, հարվածներ են հասցվել Սիրիայի ռազմաօդային ուժերի բազաներին։ Ավիահարվածներից մեկն ուղղվել է Դամասկոսից հյուսիս գտնվող Т4 օդանավակայանին, որտեղ ոչնչացվել է Սիրիայի ռազմաօդային ուժերի 2 էսկադրիլիա՝ բաղկացած Սու-22 և Սու-24 ինքնաթիռներից: Եվս մեկ թիրախ է դարձել «Բլայ» օդանավակայանը, որտեղ տեղակայվել են կործանիչների էսկադրիլիաներ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Իսրայելը հարձակվել է զենքի արտադրության գործարանների և բազմաթիվ պահեստների վրա մասնավորապես Հոմսի շրջանում, որտեղ արտադրվել և պահվել են «Սկադ» հրթիռները:
Նշենք, որ վերջին օրերին Իսրայելի բանակը գրավել է Գոլանի բարձունքների չեզոք գոտին և դրան հարող մի շարք շրջաններ Սիրիայի հարավում՝ խախտելով ուժերի սահմանազատման մասին 1974թ.սիրիա-իսրայելական համաձայնագրի դրույթները: Բացի այդ, հրեական պետության ռազմաօդային ուժերը զանգվածային հրթիռահրետանային հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքում գտնվող ռազմական, քաղաքացիական օբյեկտներին:
0Comments