«Երկրի ղեկավարի հայտարարությունները չեմ մեկնաբանում»

ՃՈ պետի տեղակալը՝ «Սաշիկի արագաչափեր» ձեւակերպման մասին

Արագաչափերի բիզնես հասկացություն գոյություն չի կարող ունենալ: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՃՈ պետի տեղակալ Արմեն Չիլինգարյանը: Նրա խոսքով՝ ճանապարհաիյն ոստիկանության կողմից օգտագործվող ամբողջ գույքը, այդ թվում՝ արագաչափերը, տեսախցիկները, պարեկային ավտոմոբիլների եւ դրանցում տեղադրված սարքավորումները հանդիսանում են պետության սեփականությունը:

«Այլ բան է, որ ճանապարհներին տեղադրված արագաչափերը, եւ Երեւանում տեղադրված տեսախցիկները հանձնված են հավատարմագրային կառավարմանը: Բայց ասել՝ դա արագաչափերի բիզնես է, կարծում եմ, որ դա ճիշտ չէ, եւ իրականությանը չի համապատասխանում»,- ասաց Չիլինգարյանը:

Անդրադառնալով արագաչափերի հավատարմագրային կառավարչին՝ նա ասաց, որ  հավատարմագրային կառավարիչը հանդիսանում է «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը. «Եթե կա «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հետ կապված հարցադրումներ, թե ով է հիմնադիրը կամ սեփականատերը, այդ դեպքում՝ դիմեք այդ ընկերությանը»,- ասաց նա: Եվ նշեց, որ նախորդ կառավարությունն է կնքել տվյալ ընկերության հետ պայմանագիր, այլ ոչ թե Ճանապարհային ոստիկանությունը:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ «Սաշիկ Սարգսյանի արագաչափեր» ձեւակերպմանը, Չիլինգարյանն ասաց, որ երկրի ղեկավարի հայտարարությունները չի մեկնաբանի: