ԵԿՄ վարչության կազմում ՀՀԿ–ականներ չեն լինի. Սասուն Միքայելյան

Միքայելյանի խոսքով՝ ԵԿՄ–ն իր շուրջն է համախմբելու ոչ միայն ազատամարտիկներին, այլև այն անձանց, ովքեր իրենց մասնակցությունն են ունեցել պատերազմական գործողություններին

ԵԿՄ վարչության փակ նիստի ընթացքում որոշվել է կրճատել վարչության անդամների թիվը՝ 184-ից դարձնելով 25: Այս մասին այսօր՝ մարտի 4–ին ԵԿՄ վարչության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԵԿՄ վարչության նախագահի թեկնածու, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։ Նա տեղեկացրեց, որ ԵԿՄ վարչության անդամները կընտրվեն ապրիլի 7–ին կալանալիք արտահերթ համագումարի ընթացքում։

Դիտարկմանը, թե  ժամանակին ինքը հայտարարել էր, որ Մանվել Գրիգորյանի տեղի վրա աչք չունի, Սասուն Միքայելյանն ասաց. «Այն ժամանակ Մանվել Գրիգորյանն իր տեղում էր, բացի այդ, հիմա տղերքն ուզում են, որ ես լինեմ»:

Հարցին, արդյոք ԵԿՄ վարչության նոր կազմում լինելու են ՀՀԿ–ականներ, Միքայելյանը պատասխանեց. «Նման բան չի կարող լինել, ես էլ եմ հանրապետական եղել և 15 տարի պայքարել եմ արդարության համար, այսօր էլ այստեղ եմ ի փառս իմ մարտական ընկերների, ովքեր ուզում են, որ այս կառույցը նորմալ «ռելսերի վրա դրվի», ես համաձայնել եմ և իմ գործունեությունը ԵԿՄ–ում դա է լինելու»,–ասաց նա։

Միքայելյանի խոսքով՝ ԵԿՄ–ն իր շուրջն է համախմբելու ոչ միայն ազատամարտիկներին, այլև այն անձանց, ովքեր իրենց մասնակցությունն են ունեցել պատերազմական գործողություններին, այդ թվում՝ ապրիլյան պատերազմին։

Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 4–ին ԵԿՄ վարչության անդամները փակ նիստում միաձայն որոշում են կայացրել ապրիլի 7-ին անցկացնել ԵԿՄ արտահերթ համագումար, եւ առաջադրել Սասուն Միքայելյանի թեկնածությանը վարչության նախագահի պաշտոնում: