Շիրակի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնի համար պայքարում են 2 թեկնածու։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանը՝ նշելով, որ ՇՊՀ ռեկտորի ընտրությունները տեղի են ունենում այսօր։
«Ի վերջո մնացին 2 թեկնածու՝ Լուսինե Ֆլջյանը եւ Անդրանիկ Սարգսյանը։ Մանուշակ Կարապետյանի թեկնածությունը չհաստատվեց, քանի որ դպրոցի տնօրեն աշխատելն ադմինիստրատիվ ստաժ չհամարվեց եւ նրա թեկնածությունը չհաստատվեց։ Առաջին թեկնածուն նոր ավարտեց իր ծրագրի ներկայացումը, պատասխանեց հարցերին, կես ժամ ընդմիջումից հետո Լուսինե Ֆլջյանը կներկայացնի իր ծրագիրը»,-ասաց նա։
Գագիկ Համբարյանը նշեց, որ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը իր կողմնակիցների հետ փորձում է խոչընդոտել ընտրություններին, տապալել դրանք եւ ընտրությունները հետաձգել մինչեւ աշուն։
Նշենք, որ ՇՊՀ-ի ռեկտորի թափուր պաշտոնի համար կարող է առաջադրվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որն ունի գիտական աստիճան, բուհում առնվազն 3 տարվա դասավանդման փորձ և վերջին 15 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա հանրային կառավարման կամ բարձրագույն կրթության համակարգում առնվազն 5 տարվա վարչական աշխատանքի փորձ:
Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ ընտրվել ռեկտորի պաշտոնում: Ռեկտորի պաշտոնում ընտրված կհամարվի այն թեկնածուն, որը կստանա խորհրդի ցուցակային կազմի 50 տոկոսից ավելի ձայն:
Շիրակի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնը թափուր է 2018 թվականի մայիսի 18-ից, երբ հրաժարական տվեց ռեկտոր Սահակ Մինասյանը։ Մինչ օրս բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն է նախկին պռոռեկտոր Երվանդ Սերոբյանը:
0Comments