Սիրիայում դե ֆակտո իշխանության եկած Ահմեդ ալ Շարաան, որը հայտնի է նաև որպես Աբու Մուհամեդ ալ Ջուլանի, հայտարարել է, որ երկիրն ուժասպառ է եղել պատերազմից և վտանգ չի ներկայացնում հարևանների կամ Արևմուտքի համար: Նա այս մասին ասել է BBC-ին տված հարցազրույցում:
Նա նաև կոչ է արել չեղարկել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները:
«Այժմ, այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ, պատժամիջոցները պետք է հանվեն, քանի որ դրանք ուղղված էին հին ռեժիմի դեմ, չպետք է նույն կերպ վարվել զոհի և ճնշողի հետ»,- ասել է նա։
Շարաան առաջնորդել է նոյեմբերի վերջին սկսված և դեկտեմբերի 8-ին Բաշար ալ Ասադի իշխանության տապալմամբ ավարտված կայծակնային հարձակումը: Նա «Հայաթ Թահրիր ալ Շամ» խմբավորման առաջնորդն է:
Նրա խոսքով՝ «Հայաթ Թահրիր ալ Շամ»-ը պետք է հեռացվի ահաբեկչական խմբավորումների ցանկից: Այն ահաբեկչական է ճանաչվել ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից, քանի որ եղել է «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման մի թևը, սակայն դրանից անջատվել է 2016 թվականին:
Շարաան պնդել է, թե «Հայաթ Թահրիր ալ Շամ»-ն ահաբեկչական խմբավորում չէ, քանի որ չի թիրախավորել խաղաղ բնակիչներին կամ քաղաքացիական տարածքները: Իրականում նրանք իրենց համարում են Ասադի ռեժիմի հանցագործությունների զոհ։
Շարաան հերքել է, որ ցանկանում է Սիրիան վերածել Աֆղանստանի տարբերակի։
Նրա խոսքով՝ Սիրիան ու Աֆղանստանը շատ տարբեր են. Աֆղանստանում ցեղային հասարակություն էր, իսկ Սիրիայում, նրա խոսքով, այլ մտածելակերպ է:
Շարաան նաև ասել է, որ կողմ է կանանց՝ կրթություն ստանալուն:
«Մենք Իդլիբում համալսարաններ ունենք ավելի քան ութ տարի»,- ասել է Շարաան՝ նկատի ունենալով Սիրիայի հյուսիս-արևմտյան նահանգը, որը 2011 թվականից ի վեր գտնվում է ապստամբների վերահսկողության ներքո:
«Կարծում եմ՝ բուհերում կանանց տոկոսը 60%-ից ավելի է», - ասել է նա։
Իսկ այն հարցին, թե արդյոք կթույլատրվի ալկոհոլ օգտագործելը, Շարաան ասել է. «Շատ բաներ կան, որոնց մասին ես ուղղակի իրավունք չունեմ խոսելու, քանի որ դրանք իրավական խնդիրներ են»:
Նա հավելել է, որ լինելու է «իրավաբանական փորձագետների սիրիական կոմիտե՝ սահմանադրություն գրելու համար»:
«Նրանք կորոշեն: Եվ ցանկացած ղեկավար կամ նախագահ պետք է հետևի օրենքին», - եզրափակել է ապստամբների ղեկավարը:
BBC-ն նկատում է, որ շատ սիրիացիներ չեն հավատում նրան։ Սիրիայի նոր կառավարիչների գործողություններն առաջիկա մի քանի ամիսների ընթացքում ցույց կտան, թե ինչպիսի երկիր են նրանք ցանկանում դարձնել Սիրիան և ինչպես են ցանկանում կառավարել այն:
0Comments