Վարչապետի մոտ առաջացել է անսխալականության սինդրոմ

Հիմա մենք ապրում ենք այնպիսի մի շրջանում, որտեղ հստակ չէ Հայաստանն ու՞ր է գնում

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը ԵԽԽՎ-ում ցույց տվեց իրականությունը։ Ելույթի մեծ մասը նվիրված էր անցյալին, տեղի ունեցած հեղափոխությանը, ինչը վկայում է, որ հեղափոխությունից մեկ տարի անց ներքաղաքական օրակարգում դատարկություն է, ոչ մի հարց չկա»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: 

Նրա խոսքով՝ այսօր ներքաղաքական օրակարգում բացակայում են դատաիրավական բարեփոխումների, Սահմանադրության, գիտության, կրթության, հարկային մարմինների վերաբերյալ հայեցակարգերը և փոխարենը ինչ-որ շոուներ են տեղի ունենում տարբեր տեսակի, թե մաքսատան դեպքի հետ կապված, թե ֆեյքերի հետ կապված, այսինքն՝ ներքաղաքական կյանքը լցված է գործողություններով, որոնք ընդամենը երկու օր քննարկվում են ու անցնում գնում։

«Հիմա մենք ապրում ենք այնպիսի մի շրջանում, որտեղ հստակ չէ Հայաստանն ու՞ր է գնում, բարեփոխումների մասին խոսք չկա ընդհանրապես։ Ստեղծվել է ներքաղաքական մի իրավիճակ, որ քննարկելու հարց չկա։ Վարչապետը հասկանում է, որ իր հեղինակությունն ընկնում է, բայց կարծում է, որ դրա պատճառն այն է, որ նախկին իշխանության ներկայացուցիչները միլիոններ են ծախսում, ֆեյքեր են պահում, որոնք մանիպուլացնելով ժողովրդի գիտակցությունը, իջեցնում են իր վարկանիշը։ Բնականաբար ստեղծվում է իր մոտ այդ պատկերը, որ ինքը ճիշտ է, շրջապատն ամբողջովին սխալ է և պետք է պայքարել դրանց դեմ։ Իր մոտ առաջ է գալիս թշնամիներ փնտրելու երևույթը, նա միշտ թշնամի է փնտրում, մի տեղ թշնամին ԲՀԿ-ն է, մի տեղ՝ մաքսայինի այդ երիտասարդը, մի տեղ հանրապետականը՝ որը անձանգիր էր տվել տրանսգենդեր քաղաքացուն, չնայած անձնագիր ոստիկանությունն է տալիս։ Նրա մոտ առաջացել է անսխալականության սինդրոմ»,- նշեց քաղտեխնոլոգը։

Լրագրողի հարցին, թե հնարավոր է ժողովուրդն էլի փողոց դուրս գա՝ Բադալյանը պատասխանեց. «Ժողովուրդն ինքնաբուխ փողոց դուրս չի գալիս, դրա համար պետք է ինչ-որ կառույց լինի, որ դա կազմակերպի»։