Նույնիսկ եթե ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվի, համաշխարհային ազդեցիկ խաղացողներն անպայման կշարունակեն վերադառնալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, այդ թվում` այն բանից հետո, երբ պայմանական «Պոտսդամ 2»-ից կամ «Յալթա 2»-ից հետո նոր գլոբալ աշխարհակարգ հաստատվի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 8-ին սոցցանցերում հրապարակեց իր 12 առաջարկները, որոնք, ըստ նրա, կօգնեն երկարատև կայունություն և խաղաղություն հաստատել տարածաշրջանում։ Դրանցից մեկն էլ վերաբերում էր Մինսկի խմբի լուծարմանը։
«Մինսկի խմբի լուծարման ադրբեջանական առաջարկին աջակցելը նշանակում է հայտարարել, որ Ղարաբաղյան հակամարտությունը սպառված է։ Այսինքն` այն այլևս չկա։ Հենց դա է արձանագրում Փաշինյանն իր վերջին առաջարկներում։ Այսինքն` Փաշինյանն ասում է. «Խնդիրը լուծված է։ Վերջ, Արցախում չկա հայ, չկա արցախյան հարց», - կարծում է Հարությունյանը։
Հայաստանի կառավարության նախկին ղեկավարի խոսքով` Մինսկի խումբն իր ստեղծման պահից՝ 1992-ից մինչև 2018-ը, աշխատել է և շատ լուրջ ներդրում է ունեցել տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում: Ավելին` սա միակ ձևաչափն է, որը ՄԱԿ-ի մաս կազմող կառույցների կողմից ստացել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մանդատ։
Սակայն վերջին տարիներին Ադրբեջանը բռնել է «կարգավորման» ռազմական ճանապարհը: Իսկ հիմա էլ պնդում է, որ Մինսկի խումբը լուծարվի, քանի որ Բաքվում կարծում են, որ հակամարտությունն արդեն «կարգավորված» է։
«Միջազգայնորեն ճանաչված ցանկացած ձևաչափով խաղաղ բանակցություններն այլընտրանք չունեն։ Միջազգային իրավունքի համաձայն՝ հակամարտությունները չեն կարող համարվել կոպիտ ուժով կարգավորված, ընդ որում՝ ցեղասպան գործողություններով։ Դա միջազգային իրավունքի այբուբենն է։ Անկախ նրանից, թե ինչ է արել Ալիևը հողի վրա, ես նկատի ունեմ 2023-ի սեպտեմբերի իրադարձությունները, արցախահայության նկատմամբ ցեղասպանությունը, և անկախ նրանից, թե ինչ է նա մտածում այդ մասին, հակամարտությունը նախկինի պես կարգավորված չէ»,- ասաց մեր զրուցակիցը։
Հարությունյանի դիտարկմամբ՝ նույնիսկ այն դեպքում, երբ Մինսկի խումբը դե ֆակտո անգործության է մատնված, և՛ ԱՄՆ-ն, և՛ Ֆրանսիան, և՛ Ռուսաստանը Հարավային Կովկասում ներկայացուցիչներ նշանակելու հրամաններում շարունակում են մատնանշել, որ իրենք նաև ՄԽ համանախագահներ են: Եվ չնայած Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջև լարվածությանը՝ Մինսկի խումբը մի օր կարող է նաև հարթակ դառնալ նրանց միջև հարաբերությունների կարգավորման համար:
Հարությունյանն ընդգծեց, որ գլոբալ աշխարհը որոշակի հավասարակշռության բերելու համար կպահանջվեն միջազգային նորմեր, որոնք կազմվել են` նաև հաշվի առնելով ոչ վաղ անցյալի իրադարձությունները: Նա նաև վստահություն հայտնեց, որ Իլհամ Ալիևի ցեղասպան քաղաքականությունը լռության մատնելով, անհետևանք թողնելով` ազդեցիկ դերակատարները հնարավորություն կստեղծեն այլ տարածաշրջաններում նման երևույթների կրկնության համար, ինչը ոչ մի կերպ չի բխում նրանց շահերից:
«Չեմ ուզում ասել, որ արցախյան հիմնախնդիրը գլոբալ աշխարհի համար ամենակարևորներից մեկն է։ Բայց ես խորապես համոզված եմ՝ Մինսկի խումբը լուծարեն, թե չլուծարեն, ինքնին արցախահայության նկատմամբ ցեղասպանության երևույթը հավերժ կմնա դատապարտելի, ու միշտ կզգացվի միջազգային կառույցների կողմից դատապարտման անհրաժեշտությունը, այլապես ինքը` աշխարհը, չի կարող բալանսավորված լինել։ Այլապես նոր աշխարհակարգը բալանսավորված, անվտանգության տեսանկյունից երաշխավորված կռվաններ չի ունենա», - եզրափակեց նախկին վարչապետը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հունվարի 11-ին հայտնեց, որ Հայաստանը դիտարկում է Մինսկի խմբի լուծարման հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը:
0Comments