ՀՀ կառավարությունը պատրաստ է 1 ամսով երկարաձգել «40+10» աջակցությունը մեկ պայմանով

Մանրամասներ
վրան օպերա

ՀՀ իշխանությունները պատրաստ են Արցախից բռնի տեղահանված անձանց տրամադրվող «40+10» աջակցությունը մեկ ամսով երկարաձգել` պայմանով, որ վրանը դուրս կբերվի Ազատության հրապարակից։ Արցախցիները, սակայն չեն պատրաստվում նման զիջման գնալ։ Այս մասին 168.am-ին ասել է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ, «Արցախի երիտասարդական թև» ՀԿ նախագահ Նժդեհ Իսկանդարյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագիրը 2025 թվականի ապրիլի 1–ից կրճատվել է։ Աշխատունակ արցախցիներն այլևս չեն ստանալու 40 000+10 000 դրամ բնակվարձի գումարը։ Իրենց իրավունքների համար պայքարող բռնի տեղահանված արցախցիներն արդեն 2 անգամ հանդիպել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ։ Առաջին հանդիպման ժամանակ նա հայտնել էր, որ «40+10» ծրագրին հետդարձ չի լինելու, իսկ երկրորդին ընդգծել` պատրաստ են երկարաձգել տրամադրվող աջակցությունը, այդ ընթացքում ձևավորել փորձագիտական խմբեր և ի մի բերել բարձրաձայնվող բոլոր խնդիրները` պայմանով, որ վրանը կհանվի։

«Իրենք ընդունում են, որ բնակարանային ծրագիրը չի գործում: Նրանք առաջարկում են 1–2 ամսում առկա խնդիրներին լուծում տալ։ Խորհրդի հետ քննարկումներից հետո եկել ենք այն եզրակացության, որ պայքարը շարունակվում է: Վրանն այն տեղն է, որտեղ արցախցիները գալիս են, լսում ենք իրենց կարծիքները, փորձում ենք մտահոգությունները ներկայացնել կառավարությանը: Այս փուլում մենք այդ զիջմանը չենք գնալու: Մինչև ապրիլի 15-ը քննարկումներ ենք անցկացնելու արցախյան և հայաստանյան քաղաքական ուժերի հետ: Կառավարությունը կոմպրոմիս համարում է այն, որ մեկ ամիս կարող են 50 հազար դրամը տրամադրել, բայց դա լուծում չէ: Մինչև ապրիլի 15-ը քննարկումներ կունենանք, ամսի 15-ին կհայտարարենք հետագա անելիքների մասին: Սպասվում են հստակ գործողություններ»,– ասել է Իսկանդարյանը։

Նա ընդգծել է` իրենց բարձրացրած հարցերից ՀՀ իշխանությունները պատրաստակամ են քննարկել միայն սոցիալական խնդիրները: Արցախցի երիտասարդը նշել է, որ կարևոր է նաև քննարկել արցախցիների հավաքական վերադարձի, գերիների վերադարձի հարցերը:

Իսկանդարյանը շեշտել է, որ ՀՀ կառավարությունը երբեք կոմունիկացիաներ չի պահել Արցախի իշխանությունների, հասարակական սեկտորի հետ: Ընդգծել է` այժմ այնպիսի իրավիճակ է, եթե հետքայլ անեն, ապա հարցը չի լուծվի ու կանգնելու են բազմաթիվ խնդիրների առաջ:

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն առաջարկում է՝ հնարավորության դեպքում աջակցության ծրագրերը գործեն մինչև տարեվերջ, որի ընթացքում կառավարությանը կներկայացնեն իրենց առաջարկությունները։

Նա վստահ է` կառավարության հետ քննարկումները պարզապես իմիտացիա են և չեն բերելու խնդիրների լուծման։ Ըստ նրա՝ բոլոր խնդիրները գալիս են այնտեղից, որ Հայաստանի իշխանությունները չեն ընդունում Արցախի իշխանություններին և Արցախի գոյությունը։

Հիշեցնենք, որ արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից մարտի 29-ին Երևանի Ազատության հրապարակում կազմակերպված մեծ հանրահավաքում ներկայացվեց պահանջագիր՝ ուղղված ՀՀ իշխանություններին և միջազգային հանրությանը: