Մեր երկարամյա պատմության աղետալի էջերից բազմաթիվների պատճառը մեր իրականության մեջ արդարության և արդարադատության պակասն է, որը ազգը, ժողովուրդը պառակտող ամենահզոր գործոնն է: Երբ մարդիկ բաժանվում են առաջին և երկրորդ կարգի, երբ իրավունքը լինում է էլիտար կիրառման գործիք: Այս մասին այսօր՝ Դատախազության կոլեգիայի նիստի ժամանակ, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքերով, պատահական չէ, որ մեր իրականության մեջ դեռ մինչև այսօր ամենատարածված ասույթներից մեկը հետևյալն է՝ «Տերով տերն է տարել, անտերին՝ գելը». «Ցավոք, երկար ժամանակ մեր իրավապահ համակարգը հաճախ գործել է այս տրամաբանությամբ: Այս խնդիրը վերջին տասնամյակների խնդիր չէ: Այն շատ երկար ժամանակ՝ երբեմն հատվածաբար ուղկեցել է մեզ: Այս խնդրի լուծումը հիմա մեր ամենակարևոր առաքելությունն է»:
Վարչապետը նշեց, որ հենց դատախազության և իրավապահ համակարգի գործունեության արդյունքում է, որ «Տերովին տերն է տարել, անտերին՝ գելը» արտահայտությունը պետք է դառնա թանգարանային, բանահյուսական պատմություն, որևէ աղերս չունենա մեր այսօրվա իրականության հետ. «ՀՀ ցանկացած քաղաքացի պետք է զգա, որ պետությունն ամուր կանգնած է իր թիկունքին: ՀՀ-ում յուրաքանչյուր մարդ պետք է զգա, որ մեր երկրում պաշտպանված է այնպես, ինչպես՝ կայացած ընտանիքներում: Ընտանիքներում էլ մարդիկ պետք է իրենց այնպես պաշտպանված զգան, ինչպես՝ կայացած պետություններում: Այս կարևոր առաքելության մեջ դատախազությունն ունի իր առաջնորդող դերակատարում»:
0Comments