Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել

Մանրամասներ
հհկ

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունը․

«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝

- Ողջունելով Շվեյցարիայի Դաշնային Ժողովի վերին պալատի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձին վերաբերող նախագծի ընդունումը,

- Շնորհակալություն հայտնելով Շվեյցարիայի բարեկամ ժողովրդին հայ ժողովրդի հանդեպ մշտապես ցուցաբերվող ուշադրության եւ համերաշխության համար,

- Բարձր գնահատելով Լեռնային Ղարաբաղի հայերի ճակատագրի նկատմամբ բոլոր միջազգային դերակատարների եւ գործիչների ջանքերը,

- Շահագրգռված լինելով Հարավային Կովկասում իրական, արդար եւ կայուն խաղաղություն հաստատելու հարցում,

- Հիմք ընդունելով շվեյցարական խորհրդարանի կողմից վերը նշված փաստաթուղթը

ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ Է՝

- Ի հակառակ Հայաստանի եւ Ադրբեջանի գործող իշխանությունների հայտարարություններին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ,

- Լեռնային Ղարաբաղի հայությունը ենթարկվել է ցեղասպանական գործողության՝ էթնիկ զտման,

- Մինչեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերականգնումը խնդրի լուծմանն ուղղված լրացուցիչ ձեւաչեփերը կարող են իրենց նպաստը բերել կարգավորման հարցում,

- Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ միջազգային ճնշում գործադրելու հնարավորությունները եւ հիմքերը առկա են, սակայն Հայաստանի գործող վարչախումբը դիտավորյալ այդ գործիքակազմից չի օգտվում,

-  Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը որևէ կերպ չի արծարծվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «խաղաղության համաձայնագրի» շրջանակներում, ինչը օրվա կառավարիչների միակողմանի զիջողականության հերթական դրսևորումն է

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, հետապնդելով բացառապես հայ ժողովրդի ազգային եւ պետական շահերը, շարունակելու է  ԼՂ հիմնախնդրի եւ արցախահայության անվտանգ եւ երաշխավորված վերադարձի հարցերը ներկայացնել եւ պաշտպանել իրեն հասանելի միջազգային ձեւաչափերում»։