Սաուդյան Արաբիայի թագաժառանգը հանդիպել է Զելենսկիի հետ

Մանրամասներ
այց

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ Ջիդդա քաղաքում։ Այս մասին հաղորդում է Մամուլի սաուդյան գործակալությունը (SPA)։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Սաուդյան Արաբիայի և Ուկրաինայի միջև հարաբերությունները, ինչպես նաև «ուկրաինական ճգնաժամին առնչվող վերջին իրադարձություններն ու հանգամանքները»։

Գահաժառանգը Զելենսկիի հետ հանդիպմանը հայտարարել է, որ աջակցում է Ուկրաինայում խաղաղության հասնելուն ուղղված ցանկացած միջազգային ջանքի։

Զելենսկին Սաուդյան Արաբիա էր ժամանել մարտի 10-ին։ Նա բանակցություններից հետո հեռացել է Ջիդդայից և չի մասնակցի մարտի 11-ին կայանալիք ամերիկա-ուկրաինական բանակցություններին։ Իսկ ուկրաինական պատվիրակությունը, որի կազմում են նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, արտգործնախարար Անդրեյ Սիբիհան և պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, կհանդիպեն ամերիկյան պատվիրակության հետ՝ քննարկելու ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հեռանկարները։ ԱՄՆ-ի կողմից բանակցություններին կմասնակցեն պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակ Սթիվ Ուիթքոֆը։

Ուիթքոֆի կարծիքով՝ Ջիդդայում հանդիպումը թույլ կտա առաջընթացի հասնել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում։

Պետքարտուղարության ժամանակացույցի համաձայն՝ ԱՄՆ պատվիրակության հանդիպումն Ուկրաինայի ներկայացուցիչների հետ կսկսվի մարտի 11-ին, տեղական ժամանակով կեսօրին (Երևանի ժամանակով ժամը 13:00-ին):