Հազվագյուտ մոլորակային դասավորություն hունվարի 21-ին. ի՞նչ կտեսնեն Հայաստանի բնակիչները և ինչպե՞ս է դա ազդում Երկրի վրա

Մանրամասներ
մոլորակ

Այսօր՝ հունվարի 21-ին, մեկ գծով կշարվեն վեց մոլորակներ՝ Մարսը, Յուպիտերը, Ուրանը, Նեպտունը, Վեներան և Սատուրնը: Այս մասին NEWS.am Tech-ի հետ զրույցում ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։

Նրա խոսքով՝ այս հազվագյուտ աստղագիտական ​​իրադարձությունը կոչվում է մոլորակների հավասարեցում: Արեգակնային համակարգի բոլոր մոլորակները շարժվում են մոտավորապես նույն հարթությամբ, որը կոչվում է խավարածիր: Սա նրանց թույլ է տալիս պարբերաբար «շարված» երևալ Երկրից դիտելիս: Բայց  պետք է հասկանալ, որ այս ամենը պրոյեկցիա է. իրականում մոլորակները գտնվում են միմյանցից մեծ հեռավորության վրա, նրանք պարզապես կհայտնվեն Արեգակի մի կողմում շարված:

Թեև այս երևույթը կարելի է դիտարկել ամբողջ գիշեր, սակայն Միքայելյանը խորհուրդ է տալիս դա անել անմիջապես մայրամուտից հետո, քանի որ նախ Վեներան և Սատուրնը մայր են մտնելու, իսկ Մարսը տեսանելի կլինի ամենաերկարը՝ գրեթե մինչև առավոտ։ Նրա խոսքով՝ հատկապես լավ կլինի տեսնել ամենապայծառ մոլորակը՝ Վեներան, ինչպես նաև Յուպիտերը, Մարսը և Սատուրնը։ Այս մոլորակների մեծ մասը կարելի է տեսնել անզեն աչքով, բացի Ուրանից և Նեպտունից, դրանք, առանց հատուկ սարքավորումների, մնում են անմատչելի:

«Եթե աստղադիտակ օգտագործեք, դուք չեք կարողանա միաժամանակ տեսնել բոլոր մոլորակները, բայց դա ձեզ թույլ կտա տեսնել Ուրանը և Նեպտունը, ինչպես նաև մանրամասներ, օրինակ՝ Սատուրնի օղակները, նույնիսկ օգտագործելով ամենապարզ սարքը»,- նշեց Միքայելյանը։

Հարցին, թե արդյոք այս երևույթն ինչ-որ կերպ ազդում է Երկրի վրա, Միքայելյանն ընդգծեց, որ Լուսինն ու Արևը տիեզերքից ամենաուժեղ ազդեցությունն ունեն մեր մոլորակի վրա. նրանց համակցված ազդեցությունը զգալիորեն գերազանցում է մնացած բոլոր տիեզերական մարմինների ազդեցությունը։ Արևը, չնայած իր հեռավորությանը, ունի հսկայական զանգված, ուստի նրա ակտիվությունը, ներառյալ արևային բռնկումները, զգալիորեն ազդում է Երկրի վրա: Լուսինն իր հերթին ուժեղ ազդեցություն է ունենում մեր մոլորակին մոտ լինելու պատճառով:

«Մոլորակները գտնվում են Երկրից շատ ավելի մեծ հեռավորության վրա, ուստի նրանց ազդեցությունը միջինում 300 անգամ ավելի թույլ է, քան, ասենք, Լուսնի ազդեցությունը: Սա գրեթե աննկատ է դարձնում նրանց ֆիզիկական ազդեցությունը Երկրի և մարդկանց վրա»,- ընդգծեց նա։