«Առավոտյան գրառումով հարց էի շոշափել, թե ի՞նչ մակարդակի փաստաթուղթ է լինելու Վաշինգտոնում ստորագրվողը, որովհետեւ հայտարարությունը, որ ստորագրվելու է ռազմավարական գործընկերության փաստաթուղթ, շատ ընդհանրական է:
Փաստորեն, ստորագրվողը ոչ համաձայնագիր է, ոչ հռչակագիր, այլ հանձնաժողովի կանոնադրություն»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը՝ անդրադառնալով Արարատ Միրզոյանի և Էնթոնի Բլինքենի կողմից ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրմանը։
«Այլ կերպ ասած, ստորագրված փաստաթղթի առնչությամբ ասել, որ Հայաստանն ու ԱՄՆ այլեւս ռազմավարական գործընկերներ են, թերեւս կլինի շատ ձգված:
Համեմատության համար, դա մոտավորապես կլինի նույնը, ինչ ասել, որ ստորագրելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովների կանոնադրությունը, նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն այլեւս սահմանազատված ու սահմանագծված պետություններ են:
Ըստ այդմ, իր կարեւորությամբ հանդերձ, այդուհանդերձ պետք է թերեւս հանրության մոտ չձեւավորել թյուր տպավորություն եւ արձանագրել, որ խոսքը պարզապես ռազմավարական գործընկերության հարցերի հանձնաժողովի՝ կանոնադրության մասին է:
Իսկ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը, ըստ ամենայնի, դեռ պետք է լինի այդ հանձնաժողովի աշխատանքի արդյունք»,–գրել է նա:
0Comments