Սիրիայում ժամանակավոր կառավարություն կձևավորվի մինչև 2025-ի մարտի 1-ը․ «Ալ-Ջազիրա»

Մանրամասներ
Հալեպ սիրիա

Մուհամմեդ ալ-Բաշիրը հայտարարել է, որ նշանակվել է Սիրիայի ժամանակավոր կառավարության ղեկավար, դեկտեմբերի 10-ին հայտնել է Al-Arabiya-ն։ Նա այս պաշտոնը կզբաղեցնի մինչև 2025 թվականի մարտի 1-ը։

2024 թվականի հունվարից Մուհամմեդ ալ-Բաշիրը գլխավորում է Սիրիայի փրկության կառավարությունը, որը Իդլիբում ձևավորվել է իսլամիստական ​​«Հայաթ Թահրիր ալ-Շամ» կոալիցիայի կողմից։ Նրան անվանում են խմբավորման առաջնորդ Աբու Մուհամմադ ալ-Ջուլանիի (իսկական անունը՝ Ահմեդ ալ-Շարաա) մերձավորը։

Այն մասին, որ Մուհամեդ ալ-Բաշիրը Սիրիայում ժամանակավոր կառավարություն կձևավորի, դեկտեմբերի 9-ին հաղորդել է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը։ Դրանից հետո Սիրիայի տապալված նախագահ Բաշար ալ-Ասադի վարչապետ Մուհամմադ Ղազի ալ-Ջալալին հայտարարել է, որ համաձայն է իշխանությունը փոխանցել Իդլիբում տեղակայված Սիրիայի փրկության կառավարությանը։

Սիրիայում դեկտեմբերի 8-ին տապալվեց 24 տարի իշխանության ղեկին գտնվող Բաշար Ասադի ռեժիմը։ Ասադը հրաժարական տվեց նախագահի պաշտոնից և փախավ այն բանից հետո, երբ սիրիական զինված խմբավորումներն արագ հարձակման արդյունքում գրավեցին Դամասկոսը և այլ խոշոր քաղաքներ: Ասադն ընտանիքի հետ մեկնել է Ռուսաստան, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նրանց ապաստան է տվել։