ԱՄՆ-ը կորցնում է նախաձեռնությունը բոլոր ճակատներում, իսկ հետխորհրդային տարածքում Վաշինգտոնի համար ձախողումներ են սկսվել։ Հայաստանը եւ Ադրբեջանը «այնքան էլ չեն լսում ԱՄՆ եւ ԵՄ խաղաղ կարգավորման խորհուրդներին՝ նախընտրելով ինքնուրույն լուծել բոլոր հարցերը»։ Այս մասին ասել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը «Разведчик» ռուսական ամսագրի հարցազրույցում։
«Ուկրաինայով Ամերիկայի «տարվածությունը» սկսում է ավերիչ ազդեցություն գործել Վաշինգտոնի կառուցած գլոբալ ֆինանսական եւ ռազմաքաղաքական համակարգի վրա։ ԱՄՆ-ը կորցնում է նախաձեռնությունը բոլոր ճակատներում. Մերձավոր Արեւելքից մինչեւ Ասիա եւ Աֆրիկա։ Իսկ հետխորհրդային տարածքում ընդհանրապես ձախողումներ է գրանցում»,- ասել է Նարիշկինը։
Այս համատեքստում նա բերել է Հարավային Կովկասի եւ Մոլդովայի օրինակը։
«Տեսեք, Վրաստանում, որտեղ դեռեւս մինչեւ վերջերս (Միխայիլ) Սաակաշվիլու մարիոնետային կառավարությունը փողապ էր համտեսում, արեւմտականներին չի հաջողվել խանգարել ընտրություններում կառավարող «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակին։ Գիտակցելով դեպի Արեւմուտք կողմնորոշման կործանարարությունը՝ Վրաստանի իշխանությունները որոշեցին գործել ի շահ իրենց եւ հիմա հեռանում են դրսից պարտադրված ուլտրալիբերալ օրակարգից։ Մոլդովայում (Մայա) Սանդուի ռեժիմը հազիվ պոկեց անհրաժեշտ արդյունքը ընտրություններում՝ դե-ֆակտո գրանցելով մոլդավական հասարակության խոր պառակտումը»,- նշել է Նարիշկինը։
«Արեւմուտքը իր առջեւ հավակնոտ նպատակ է դրել՝ խզել ոչ միայն տնտեսական, քաղաքական, այլեւ խորքային պատմական եւ հումանիտար կապերը մեր երկրների միջեւ։ Այս մոտեցումը բխում է անգլոսաքսերի հայտնի մաքսիմից՝ «Ով կառավարում է Եվրասիան, կառավարում է աշխարհը»։ Չնայած «կառավարելը» նրանց համար նշանակում է «կիսել», «քաոս սերմանել», իսկ հետո իրենց ներկայացնել արնաքամ ժողովուրդներին որպես «անվտանգության անաչառ երաշխավորներ»։ Թե ինչպես է դա տեղի ունենում՝ լավ երեւում է ուկրաինական օրինակով»,- նշել է Նարիշկինը։
Միեւնույն ժամանակ, ըստ Նարիշկինի, հետխորհրդային տարածքը մնում է գրոհների առաջնահերթ ուղղություն ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների կողմից, ինչի մասին վկայում է ծառայության ունեցած տվյալների վերլուծությունը։
0Comments