Երևանում վարձակալության գները նվազել են շուրջ 50 տոկոսով: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց անշարժ գույքի անկախ մասնագետ Կարապետ Հովհաննիսյանը։
«Ռելոկանտների հոսքերը դադարել են, և լճացման ֆոնին գների կտրուկ անկում է նկատվում բնակարանների վարձակալության շուկայում։ Այն բնակարանը, որը նախորդ տարի վարձով էին տալիս 400 հազար դրամով, հիմա 230 հազարով չեն կարողանում տալ։ Անկումն ընդհանուր առմամբ կարելի է գնահատել մոտ 50%: Ըստ էության, մենք վերադառնում ենք նախկին գներին (մինչ ուկրաինական հակամարտությունը. խմբ.)»,- ասաց նա։
Փորձագետի խոսքով` դիրքերն առայժմ չի զիջում Արաբկիր վարչական շրջանը: Քիչ թե շատ բարձր գները պահպանվում են հենց այդ տարածքում, բայց այնտեղ էլ արդեն մատչելի գնային առաջարկներ կան։
Բնակարանատերերից շատերը դեռ չեն հարմարվել ցածր գներ թելադրող շուկայական իրողություններին։ Նրանք գումար են ծախսել թանկարժեք վերանորոգման վրա` ոգևորվելով զբոսաշրջիկների նոր հոսքից, և հիմա չեն կարողանում համակերպվել իրենց բնակարանները ցածր գնով հանձնելու գաղափարին։ Հովհաննիսյանը ենթադրում է, որ ի սկզբանե վարձակալության համար նախատեսված բնակարանների մի մասը կմտնի վաճառքի շուկա։
Արտակարգ աշխուժությունն ու դրան հաջորդած լճացումը նա բացատրում է այն հանգամանքով, որ Հայաստանում վարձակալության շուկան որևէ կերպ չի կարգավորվում։
Վրաստանում, օրինակ, օրենսդրորեն ամրագրված են այն մարդկանց կատեգորիաները, որոնց հնարավոր չէ վտարել նույնիսկ հիմքերի առկայության դեպքում, կամ նրանց վտարման ընթացակարգը շատ բարդ է։ Այդ շարքում են անչափահասները, անապահովները, հաշմանդամները, բազմազավակ ընտանիքները, ինչպես նաև նրանք, ովքեր այլ բնակարան և եկամտի աղբյուր չունեն։ Այս օրենքը բավական սառեցրել է բնակարանատերերի ոգևորությունը։
«Իսկ մեզ մոտ ռելոկացիայի ալիքների ժամանակ բնակարանների սեփականատերերը զանգվածաբար դուրս հանեցին տեղացիներին և տները կրկնակի գնով հանձնեցին ռելոկանտներին։ Արդյունքում բնակարանների գների չարդարացված աճը, ինչպես նաև ընդհանուր առմամբ Երևանում կյանքի թանկացումը ռելոկանտների մեծամասնությանը ստիպեցին մեկնել թեկուզ Վրաստան, որտեղ մեկ ընտանիքը, կոպիտ հաշվարկներով, 1 ամսում կարող է 1000 դոլար խնայել։ Ռելոկանտների արտահոսքի մեջ իր դերը խաղաց նաև հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը»,- նշեց Հովհաննիսյանը։
Միջնորդներն ու անշարժ գույքի սեփականատերերը ենթադրում էին, որ որոշակի ակտիվություն կապահովեն Արցախից տեղահանվածները, սակայն այդ կանխատեսումները չիրականացան. պարզվեց, որ նրանց մի մասն այստեղ բնակարան ունի։ Բացի այդ, նրանցից շատերը գերադասեցին բնակություն հաստատել ոչ թե մայրաքաղաքում, այլ մարզերում։
Փորձագետը օրինակ բերեց մի արցախցի ընտանիքի, որը մայրաքաղաքի չափազանց բարձր գների պատճառով ժամանակին հիմնավորվել է Աբովյանում։ Հիմա նրանք կարող են նույնպիսի բնակարան վարձել Երևանում, նույնիսկ ավելի ցածր գնով, բայց արդեն չեն ուզում. լիովին հարմարվել են այնտեղ, երեխաները դպրոց ու մանկապարտեզ են գնում։
Իսկ բռնի տեղահանվածների հաշվին «հարստանալու» ձգտումը Հովհաննիսյանը բարոյական տեսանկյունից անընդունելի է համարում։
Ինչ վերաբերում է 10% եկամտահարկին, որը վճարում է վարձատուն, ապա փորձագետի կարծիքով` դա միայն ծանրաբեռնում է շուկան։
«Քաղաքակիրթ երկրում դա միանգամայն արդարացված կլիներ, բայց մեզ մոտ բոլորովին այլ իրավիճակ է։ Մեր երկրում ԽՍՀՄ-ից հետո սոցիալական բնակարանաշինական ծրագրեր չեն եղել (եկամտահարկի վերադարձի մասին օրենքը սոցիալական ծրագիր չէ, այլ ընդամենը բանկերի և անշարժ գույքի շուկայի ակտիվացմանն ուղղված նախագիծ), այսինքն` մարդիկ արտոնյալ պայմաններով անշարժ գույք ձեռք բերելու հնարավորություն երբևէ չեն ունեցել։ Մյուս կողմից անհրաժեշտ է լուծել արցախցիներին բնակարանով ապահովելու հարցը»։
Պետությունը, նրա խոսքով, այս ամենը հաշվի առնելով պետք է առայժմ սպասեր և «քիթը չմտցներ» այդ ոլորտ, գոնե մինչև բռնի տեղահանվածների հարցը լուծելը։ Քանի որ հայտնի չէ, թե ինչ վիճակում կհայտնվեն արցախցիները հունվարի 1-ից հետո, երբ բնակարանի վարձակալության համար տրվող 50 հազար դրամ փոխհատուցումները դադարեցվեն։
«Պետությունը անընդհատ փորձում է «խցկվել» անշարժ գույքի գործարքների մեջ։ Եվ դա խորացնում է ճգնաժամը»,-ասաց փորձագետը։
Նա կանխատեսում է, որ շուկան կփլուզվի երկու պատճառով` անշարժ գույքի ավելցուկ և Երևանում կյանքի որակի անկում։ Չէ՞ որ կառուցապատման թույլտվություններ տրամադրելիս ոչ ոք չի մտածել, որ դա կհանգեցնի քաղաքի գերծանրաբեռնվածության, չեն մտածել ճանապարհային երթևեկության, կոյուղու, ջրահեռացման համակարգի մասին։ Մինչդեռ շենքեր սարքելուն զուգահեռ պետք էր զարգացնել նաև այդ համակարգերը։ Բայց չեն արել, և հիմա մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ նույնիսկ կարճատև անձրևները դառնում են հեղեղումների, ճանապարհային խցանումների, էլեկտրացանցերում մշտական վթարների պատճառ։ Իսկ վերջերս արդիական է դարձել նաև կոյուղաջրերի խնդիրը, մասնավորապես Կոնդում, Արաբկիրում, Աջափնյակում, Հրազդանի կիրճում։
Բնականաբար, այս բոլոր խնդիրները այս կամ այն կերպ ազդում են ինչպես վարձակալության արժեքի, այնպես էլ ընդհանուր առմամբ անշարժ գույքի վրա: Պետությունը կառուցապատողներին պետք է ներկայացներ իրական պատկերը. տները վաճառվելու են դանդաղ և բոլորովին ոչ այն գներով, որոնցով ի սկզբանե նախատեսվում էր։ Այդ դեպքում պահանջարկը, հնարավոր է, համապատասխաներ առաջարկին։
Հովհաննիսյանը եզրափակեց` ստեղծված իրավիճակում, երբ չկա ջրահեռացման ստորգետնյա ցանց, ստիպված ենք լինելու տեղափոխել մայրաքաղաքը։
0Comments