Էլեկտրոնային շարժիչով ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան կազատվի ԱԱՀ-ից

Սա կնպաստի նման մեքենաների ձեռքբերմանն ու օդի աղտոտվածության նվազեցմանը

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը: Բնապահպանության նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը նշեց, որ նախագծով էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը կազատվի ավելացված արժեքի հարկից:
«Ներկայացված օրենքի նախագծով նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու, մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման, ինչպես նաև էներգետիկ կախվածության նվազեցման համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ղափլանյանը:
Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:
Էլեկտրական շարժիչով մոտոցիկլների (ներառյալ մոպեդները) կիրառման ավելացումը, բացի վերը նշված դրական ազդեցություններից, կնպաստի նաև խցանումների նվազմանն ու երթևեկության անվտանգության մեծացմանը:
Արտոնությունը կգործի մինչև 2022 թվականը: