Սկսել ենք Թուրքիայի հետ երկխոսություն, արվել են բազմաթիվ փոքր կամ ավելի մեծ քայլեր․ Միրզոյան

Մանրամասներ
քպ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումի պանելային քննարկման շրջանակներում իր կարծիքն է հայտնել տարածաշրջանային ուժային դերակատարների՝ խաղաղ գործընթացում դերի վերաբերյալ։

«Նրանք ինչ կառուցողական կամ հավանական մտահոգիչ դեր են խաղում: Կցանկանայի լսել Ձեր գնահատականը Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության գործընթացում նախ՝ Թուրքիայի դերի, և ապա՝ Ռուսաստանի դերի վերաբերյալ»՝ հարցին, ԱԳ նախարարը անդրադառնալով Ռուսաստանին և վերջինիս ունեցած դերին, հարկ է համարել նշել, որ Ռուսաստանն այն երկիրն է, որին հաջողվել է հրադադար կնքել 2020 թվականի պատերազմից հետո, հանդես գալ որպես միջնորդ և երկու երկրներին՝ Հայաստանին և Ադրբեջանին, բերել բանակցությունների սեղանի շուրջ։

«Միջնորդական առաքելությունը հետագայում շարունակեցին ԱՄՆ-ն, ԵՄ-ն, ինչպես նաև այլ գործընկեր երկրներ, ինչպիսիք են Ֆրանսիան և Գերմանիան։ Ուզում եմ հիշեցնել նաև, որ իմ և Ադրբեջանի գործընկերոջս վերջին հանդիպումը կայացել է Ղազախստանում։

Այսպիսով, մենք կրկին շնորհակալ ենք բոլոր այն երկրներին, ովքեր փորձել են մոտեցնել Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները։ Բայց մենք նաև, իհարկե, շատ լավ հասկանում ենք, որ բոլոր երկրներն ունեն իրենց շահերը, և միշտ չէ, որ վերջիններս պետք է համընկնեն Հայաստանի Հանրապետության շահերի հետ, և ես գրեթե համոզված եմ, որ Ադրբեջանի Հանրապետության դեպքում ևս այդպես է։ Կարծում եմ, որ սա պարզ աքսիոմատիկ ճշմարտություն է, և այն վերաբերում է նաև Հայաստանին և Ռուսաստանին. երկու երկրների շահերն ու տեսլականն անպայմանորեն չեն համընկնում։ Ի դեպ, ես կցանկանայի, որ իմ ռուս գործընկերը նույնպես ներկա գտնվեր և մասնակցեր քննարկմանը։

Ես ուրախ եմ, որ այսօր մենք հնարավորություն ունենք լսելու միաժամանակ Լյուքսեմբուրգի, Լիտվայի և նաև Իրանի հարգարժան ներկայացուցիչներին։ Սա է «Երևանյան երկխոսությունը»։ Այսպիսով, մենք պետք է ավելի շատ լսենք միմյանց, պետք է ավելի շատ հաշվի առնենք միմյանց դիրքորոշումները, և, ինչպես ասացի ավելի վաղ այսօր, սա լավ հնարավորություն է։ Եթե կա հնարավորություն, երկխոսությունն ու քննարկումը միակ ճանապարհն են։

Այսպիսով, նորից վերադառնալով Ձեր հարցին, նույն տրամաբանությամբ ես կցանկանայի, որ այս քննարկմանը մասնակցեր նաև իմ հարգարժան թուրք գործընկերը։ Ինչպես նաև ես կցանկանայի, որ մենք ստորագրած լինեինք խաղաղության պայմանագիրը և ուստի ես հնարավորություն ունենայի այստեղ տեսնել նաև Ադրբեջանի իմ գործընկերոջը:

Թուրքիան, իհարկե, հասկանալիորեն կարող է կարևոր դեր խաղալ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման հարցում: Դուք երևի տեղյակ եք՝ մենք սկսել ենք Թուրքիայի հետ երկխոսություն, և արդեն երկար ժամանակ է, ինչ այդ երկխոսությունը կա: Արվել են բազմաթիվ փոքր կամ ավելի մեծ քայլեր, որոնք երկու կողմերն իրականացրել են միմյանց միջև վստահություն ստեղծելու նպատակով։ Բայց ինչպես տեղյակ եք, մենք պայմանավորվել ենք դիվանագիտական հարաբերություններ հաստատել. մինչ այժմ մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք Թուրքիայի հետ, ինչպես նաև բաց սահմաններ Հայաստանի և Թուրքիայի միջև: Այսպիսով, ես կցանկանայի նշել, որ մենք լավ փոխըմբռնում ունենք, և նույնիսկ կիսվել ենք մեր հարաբերությունների ապագայի տեսլականով, բայց ինչպես ամենուր, մենք նույնպես ունենք որոշ բարդություններ։

Գիտեք, որ Թուրքիայում շատ հաճախ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կապում են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վերջնականացման հետ։ Ես անձամբ չեմ կարծում, որ սա հարաբերություններ կառուցելու ամենաարդյունավետ միջոցն է։ Ընդհակառակը, եթե մենք ունենանք շոշափելի առաջընթաց և բաց սահմաններ Թուրքիայի հետ, ապա ակնհայտ է, որ դա շատ շոշափելի և դրական ազդեցություն կունենա Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման վրա։

Այնուամենայնիվ, գործընթացը շարունակվում է, և Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը և մյուս բոլոր գործընկերները՝ Լյուքսեմբուրգն ու Լիտվան, կարող են դրական դեր ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում և խաղաղության նոր դարաշրջան բերել մեր տարածաշրջան»,- ասել է Միրզոյանը։