iPhone 16-ը կթանկանա. Պատճառը հայտնի է

Մանրամասներ
հեռախոս

Piper Sandler ներդրումային ընկերությունը կանխատեսում է, որ Apple Intelligence արհեստական ​​բանականության (ԱԲ) համակարգի ինտեգրման շնորհիվ iPhone 16-ը կունենա բարձր պահանջարկ և բարձր գին։ Այս մասին, ըստ news.am-ի՝  հայտնում է Apple Insider կայքը՝ հղում անելով ընկերության ուսումնասիրությանը։

Ըստ վերլուծաբանների՝ ԱԲ-ի առկայությունն Apple-ի նոր մոդելներում կնպաստի վաճառքի զգալի աճին, թեև ոչ անմիջապես, քանի որ Apple Intelligence համակարգը չի գործարկվի նոր iPhone-ների թողարկման հետ միաժամանակ, այլ աստիճանաբար:

Ուսումնասիրությունում նշվում է, որ նոր սմարթֆոններն ապարատային հեղափոխական լուծումներ չեն առաջարկի, իսկ ԱԲ զարգացման մեջ զգալի ներդրումների պատճառով Apple-ն ստիպված կլինի բարձրացնել իր սարքերի գները, ինչը կարող է սահմանափակել առաջատար սարքերի վաճառքների հետագա աճը։

Միևնույն ժամանակ, Piper Sandler-ը կարծում է, որ Apple Watch SE-ի պոտենցիալ թողարկումը և AirPods-ի ավելի մատչելի այլընտրանքը, ընդհակառակը, կնպաստեն վաճառքի բարձր ցուցանիշներին։

Apple-ի It's Glowtime խորագրով շնորհանդեսը, որի ժամանակ կներկայացվեն նոր iPhone 16-ը, Apple Watch 10 (X) և AirPods ականջակալները, տեղի կունենա սեպտեմբերի 9-ին` Երևանի ժամանակով ժամը 19:00-ին։