Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «Անկեղծ ասած անհասկանալի է, թե ո՞րն է արտերկրում աշխատող Հայաստանի դիվանագետներին Կիրանց տանելն ու այնտեղ սահմանի սյունապատման ու փշալարապատման «էքսկուրսիա» կազմակերպելու իմաստը:
Ինչու չեմ ասում սահմանազատման ու սահմանագծման: Որովհետև Կիրանցում չի եղել սահմանազատում ու սահմանագծում, չի համապատասխանել այն միջազգային խորհրդատվություններին, որ փաստաթղթավորված են այդ առնչությամբ:
Եթե իհարկե այդ «էքսկուրսիայի» նպատակը ցույց տալն է, թե ինչ է լինում, երբ չի լինում արդյունավետ դիվանագիտություն, ապա դա արդեն կլինի ավելի հասկանալի:
Բայց, արդյո՞ք այդտեղ մեղավոր են դեսպանները: Դժվար է ասել: Բայց, հաստատ թիվ մեկ կամ առաջին մեղավորը չեն, եթե անգամ նրանց մեջ լինեն մեղավորներ:
Դա իհարկե ըստ էության ցուցադրական ակցիա է:
Պետք է հուսալ, որ դեսպանների, ԱԳՆ կենտրոնական ապարատի և երկրի քաղաքական ղեկավարության երկօրյա շփումների այսպես ասած ոչ ցուցադրական մասը անցել է առավել գործնական, ու աշխատանքային արդյունավետ մթնոլորտում:
Ըստ իս, և այդ առնչությամբ նաև գրել եմ առանձին հոդված, այստեղ կա գերագույն մի խնդիր՝ ո՞րն է Հայաստանի պետական քաղաքականության արժեհամակարգային, գաղափարական ողնաշարը, ինչի վրա պետք է հենվի դիվանագիտական որևէ առաքելություն՝ երկրի ընթացիկ հրատապ եւ միջնաժամկետ մարտահրավերները սպասարկելուց զատ:
Առայժմ, բացի «կյանքից հաճույք ստանալու» գաղափարաբանությունից, չի ներկայացվում պետական կենսագործունեության որևէ այլ իմաստ:
Եթե խիստ լավատեսական կանխավարկածով մտածենք` որ հրապարակավ դա չի արվում, որովհետեւ կա աշխարհաքաղաքական և ռեգիոնալ ռիսկերից բխող զգուշավոր մարտավարություն, ապա առնվազն աշխատանքային մակարդակներում պատկերը պետք է լինի այլ: Այլ է, թե՞ ոչ, չեմ կարող ասել: Գուցե կանխավարկածս իսկապես խիստ «մեղմասաց» է»։
0Comments