Երեխայի հոգեկան առողջությունը բնավ չի լավանում կամ վատանում այն բանից, թե ընտանիքում կա՞ արդյոք դայակ կամ տնային դաստիարակչուհի։ Շատ ավելի հավանական է, որ նման մարդու ներկայությունն առաջին հերթին ազդի մոր հոգեկանի վրա, հատկապես եթե խոսքն այնպիսի կնոջ մասին է,ով ստիպված է աշխատել։
Ինչպես միշտ, ընդհանրացումներ անելը վտանգավոր է. երևույթն ունի թե՛ դրական, և թե՛ բացասական կողմեր։ Բայց, վերջին հաշվով, ամեն ինչ պայմանավորված է երկու գործոնով՝ ընտանիքի տնտեսական վիճակով և դայակի նկատմամբ մոր վերաբերմունքով։
Հարուստ կանայք, սովորաբար հրապուրվելով աշխարհիկ հետաքրքրություններով, հեշտությամբ են հեռանում տնից։ Երեխաների խնամքը նրանց համար,որպես կանոն, ծանր բեռ է։ Իհարկե, դա չի նշանակում,որ նրանք չեն հետաքրքրվում իրենց երեխաներով։ Պատահում է, որ երեխայի ամբողջ հոգսն իր վրա վերցնող կինը խնամելու գործը կատարում է առանց սիրո ու ցանկության՝լոկ որպես անհրաժեշտություն, միայն թե երեխան հոգեբանական դժվարություններ չունենա։ Կարճ ասած՝ դայակն իր վրա է վերցնում մայրական պարտականությունների մի մասը և հեշտացնում ընտանիքի կյանքը։
Դայակ հրավիրելն, անշուշտ, շքեղություն է, և բոլորը չէ, որ ի վիճակի են այդպես վարվել։ Շնորհիվ այն ավելի մեծ ազատության, որ մայրր ստանում է այս դեպքում, նա լավ կին մնալու և հասարակության եռանդուն անդամ լինելու հնարավորություն ունի,նրա համար ավելի հեշտ է հրճվել իր երեխաներով՝ առանց նրանցից մշտապես կախված լինելու։
Որոշ դեպքերում, երբ, օրինակ, երեխայի հոգեկան զարգացումը դանդաղ է ընթանում, փորձված դայակը կարող է մեծ օգուտ բերել.փոքրիկի կողքին կա մեկը, ով բացառապես նրանով է զբաղվում։Այս դեպքում երկու լուրջ վտանգ կա. դայակը կարող է մորն այնքան «երես տալ», որ վերջինս մոռանա իր մայրական դերը, բացի այդ, դայակի ընտրությունը կարող է անհաջող լինել: Ըստ այդմ՝ դայակ հրավիրող մայրը, ի դեմս նրա պետք է տեսնի իր օգնականին, այլ ոչ թե փոխարինողին:
Լավ դայակ ընտրելը բոլորովին էլ հեշտ չէ.առաջնահերթ կարևորություն պետք է տալ թեկնածուի անձին, այլ ոչ թե մանկական հոգեբանության իմացությանը կամ աշխատանքային փորձին:
Ձեզ անհրաժեշտ է բավականաչափ խելացի, հավասարակշռված, կյանքից քիչ թե շատ բավարարված, բավականաչափ փորձ ունեցող մեկը, ով երեխայի հետ շփվելիս կոպիտ սխալներ թույլ չի տա: Պետք է պարզել՝ սիրո՞ւմ է թեկնածուն երեխաներին, կարողանո՞ւմ է նրանց հետ խաղալ, արդյոք ժպտո՞ւմ է, երբ նայում է զվարճացող երեխաների:
Բացի այդ, անհրաժեշտ է պարզել նաև հետևյալ հանգամանքերը՝ հնարավոր է հանգիստ խոսել նրա հետ, արդյոք չի՞ նեղանում, երբ պարզվում է, որ Ձեր և իր կարծիքները տարբեր են, չափից դուրս պահանջկո՞տ է, մանկական սենյակն իր անբաժանելի թագավորությունը չի՞ համարում, որտեղ կարող է հրամայել նաև Ձեր ներկայությամբ:
Շատ դժվար է գտնել այս բոլոր դրական գծերով օժտված մասնագետ-դայակի. նրանց մեծ մասը, ցավոք, այս կամ այն չափով ծանր ճակատագիր ունեցողներ են: Եթե նկատելի են ակնհայտ թերություններ, ավելի հեշտ է դայակին փոխել, քանի որ շատ ավելի դժվար է փոխել դայակի բնավորությունը:
Սակայն դայակին հաճախակի փոխել նույնպես չի կարելի.ցանկալի է, որ դայակն աշխատի Ձեր տանը գոնե մեկ տարի, և այդուհանդերձ, եթե անհրաժեշտություն կա, առանց հապաղելու փոխեք դայակին:
0Comments