Բոլոր մայրիկներն էլ անհանգստանում են իրենց փոքրիկների սննդակարգի համար: Սակայն կան նորմեր, որոնց հետևելու դեպքում երեխան միշտ ճիշտ քանակությամբ կսնվի:
Այնուամենայնիվ հարկ է հիշել, որ ստորև ներկայացված նորմերը մոտավոր են և գրամներով ամեն ինչ չափելու անհրաժեշտություն չկա: Ամեն ինչ կախված է երեխայի ինքնազգացողությունից ու տրամադրությունից:
Առաջին հերթին հարկ է հիշել, որ օրվա տարբեր ժամերին փոքրիկը տարբեր քանակությամբ սնունդ է օգտագործում:
3200 գրամից ավել քաշով ծնված երեխան կյանքի առաջին 10 օրվա ընթացքում պետք է ուտի իր ապրած օրերի քանակությանը համապատասխան սնունդ՝ բազմապատկած 70-ով, իսկ 3200 գրամից քիչ քաշի դեպքում՝ 80-ով: Այսպիսով՝ առաջին դեպքում 5 օրական երեխան մեկ օրում ուտում է մոտ 350 մլ, իսկ երկրորդ դեպքում՝ 400 մլ:
Հատուկ մանկական խառնուրդներ օգտագործելու դեպքում հարկավոր է ուշադրություն դարձնել փաթեթի վրա նշված չափաբաժնին: Բացի այդ, հարկ է հիշել, որը կարևորը ոչ թե մեկ անգամ կերածի չափաբաժինն է, այլ ամբողջ օրվա ընթացքում կերածի, քանի որ օրվա տարբեր ժամերին երեխան տարբեր ծավալի սննունդ է ուտում:
Մեկուկես շաբաթական և ավել երեխան օրվա ընթացքում ուտում է իր քաշի 20%-ի (1/5 մասը) չափ սնունդ: Օրինակ 4 կգ քաշով 3 շաբաթական երեխան օրվա ընթացքում կուտի 800 մլ սնունդ: Այս բանաձևով երեխան կարող է սնվել մինչև 2 ամսական դառնալը:
Հարկ է հիշել, որ երեխայի օրգանիզմը կյանքի առաջին օրերին փորձում է հարմարվել սննդակարգին ու օրակարգին, ուստի պետք չէ շատ անհանգստանալ, նույնիսկ եթե նա քիչ է ուտում:Եթե սնվելուց հետո երեխան հանգիստ քնում է և կամակորություններ չի անում, ապա նա ոչնչի կարիք չունի: Ընդ որում՝ այս կանոնը գործում է նաև ավելի մեծ երեխաների դեպքում:
2-4 ամսական երեխան օրվա ընթացքում միջինում պետք է ուտի իր քաշի 1/6-ին համապատասխան քանակությամբ մայրական կաթ կամ մանկական խառնուրդ:
2-4 ամսական երեխաների սննդի օրական նորման հաշվելու համար կարելի է նաև օգտվել մակ այլ բանաձևից: Հարկավոր է քաշը (գրամներով) բաժանել հասակին (սմ), իսկ արդյունքը բազմապատկել 7-ով:
4-5 ամսական փոքրիկների համար օրական նորման քաշի 1/7 մասին համապատասխան սնունդն է:
Հարկ է նշել, որ սովորաբար 5-6 ամսական երեխաները սովորում են, մայրական կաթից կամ մանկական խառնուրդից բացի, կողմնակի սնունդ ուտել, որի քանակությունը նույնպես հարկավոր է հաշվի առնել:
Կրծքով կերակրվող երեխային հավելյալ ջուր տալու անհրաժեշտություն սովորաբար չի լինում: Նման անհրաժեշտություն կարող է ծագել օրինակ շատ շոգ եղանակին:
Երեխայի 6 ամիսը լրանալուց հետո կերակրումների քանակը պակասում է միջինում 5 անգամ: Այս ժամանակահատվածում գրեթե բոլոր երեխաները սկսում են նաև կողմնակի սնունդ ստանալ:
6-8 ամսական երեխան պետք է օրական 1000-1100 մլ սնունդ ստանա: Ընդ որում՝ միջինում այդ սննդի միայն կեսը պետք է լինի մայրական կաթը կամ մանկական խառնուրդը: Մյուս կեսը պետք է բաղկացած լինի բանջարեղենից, մսեղենից, մրգերից, խյուսերից, կաթնաշոռից, շիլաներից, ձվի դեղնուցից և հյութերից:
8 ամիսը լրանալուց հետո երեխայի սննդակարգի մեծ մասը պետք է բաղկացած լինի ոչ թե կաթից, այլ կողմնակի սննդից: 8-12 ամսական փոքրիկը պետք է օրական միջինում ուտի 1200-1300 մլ սնունդ:
Մոտ 1 տարեկանում երեխայի օրգանիզմն արդեն պատրաստ է հասարակ սննդին: Միջինում մինչև 2 տարեկան երեխան պետք է օրական ուտի 1300-1400 մլ սնունդ: Այս տարիքում շատ կարևոր է երեխային բազմազան սնունդ տալը՝ հատկապես, եթե անհրաժեշտ է կտրել մայրական կաթից:
Բացի այդ, երեխայի սննդակարգը պետք է լինի ոչ միայն բազմազան, այլև պարունակի միմյանց հետ ճիշտ համադրված սննդամթերք: Օրինակ մսի կամ ձկան հետ երեխային հարկավոր է տալ ոչ թե կարտոֆիլ, այլ բրինձ: Բացի այդ, ստամոքսում խմորման գործընթացներից խուսափելու համար անհրաժեշտ է մրգերը երեխային տալ միայն սնվելուց հետո:
2 տարեկանից հետո երեխաները օրական պետք է 3 անգամ լիարժեք սնվեն և դրանց միջև 2 անգամ թեթև որևէ բան ուտեն: Միջինում օրվա ընթացքում երեխան ընդունում է 1500 մլ սնունդ, իսկ 4-5 տարեկանում՝ 2000 մլ:
Բացի այդ, հարկ է հիշել, որ սնունդն ըստ կալորիականության հարկավոր է բաժանել հետևյալ կերպ.
· Նախաճաշին՝ 30%
· Ճաշին՝ 35%
· Հետճաշիկ՝ 15%,
· Ընթրիք՝ 20%:
0Comments