Հնդկաստանի Կալկաթա քաղաքում տասնյակ հազարավոր մարդիկ գիշերը երթի են դուրս եկել՝ իրենց բողոքն արտահայտելով վերապատրաստվող բժշկուհու բռնաբարության և սպանության դեմ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
31-ամյա բժշկուհին բռնաբարվել և սպանվել է օգոստոսի 9-ին Կալկաթայի հիվանանոցներից մեկում։ Գրեթե մեկ շաբաթ է՝ Հնդկաստանում ցույցեր էին տեղի ունենում, որոնք իրենց գագաթնակետին են հասել այս գիշեր։
Սոցիալական ցանցերում հնչող կոչերից հետո հազարավոր կանայք երթի են դուրս եկել Կալկաթայում և Արևմտյան Բենգալիայի նահանգում։ Գիշերը ավելի փոքրաթիվ ցույցեր են տեղի ունեցել Հնդկաստանի այլ քաղաքներում ևս։Չնայած ցույցերը հիմնականում խաղաղ էին, սակայն դրանց ընթացքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և մի խումբ տղամարդկանց միջև, որոնք ներխուժել են հիվանդանոց, որտեղ տեղի էր ունեել բժշկուհու սպանությունը, և ավերել արտակարգ բուժօգնության բաժանմունքը։ Իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել։ Վնասվել են ոստիկանական մեքենաներ։
Օգոստոսի 8-ին՝ 36-ժամյա հերթափոխից հետո, բժշկուհին քնել էր սեմինարների սենյակում, քանի որ քնելու համար նախատեսված հատուկ վայր չի եղել։ Հաջորդ առավոտյան գործընկերները հայտնաբերել էին նրա կիսամերկ մարմինը՝ լուրջ վնասվածքներով։
Ոստիկանությունը ձերբակալել է հիվանդանոցի կամավոր աշխատակիցներից մեկին՝ բռնաբարության և սպանության կասկածանքով։
0Comments