«Երբ սեփական զավակիդ ուղարկում էիր՝ քեզ ու քո ընտանիքը, հայրենիքդ պաշտպանելու, այն ժամանակ էլ էիր մտածո՞ւմ, որ Արցախն Ադրբեջան է: Ո՛չ: Ինքը հիմա փորձում է մանիպուլացնել, որ այդպես դեռ 2018-ին պետք է ասեր, որ մեղքը դնի 2018-ից առաջ եղածների վրա»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանը:
Նրա խոսքով՝ պատերազմում պարտված Փաշինյանի հետ Ալիևը չի բանակցում. «Ալիևը բանակցում է այլ երկրների հետ՝ իր շահերը տանելու առաջ: Հայաստանի հետ այլևս ոչ ոք չի բանակցում: Ծեծված մարդուց ի՞նչ եք ուզում: Երբ պարտվում ես՝ մտածում ես՝ ո՞նց անես, որ ամեն ինչ այս մեկի, այն մեկի վրա գցես»:
Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը վերջերս միայն մեկ ճիշտ բան է ասել՝ եթե ժողովուրդը ցանկանա, կփոխի իշխանությունը. «Այդ թեզը ճիշտ է, ուրեմն՝ ժողովուրդն արժանի է իր գործողին: Սրանք թեզեր են, որոնք քաղաքագիտության մեջ այլևս ֆորմուլաներ են աշխարհի համար, նույն ձևով, ինչպես լավագույնս ապացուցվել է Մոնթե Մելքոնյանի ասածը՝ կորցնելով Արցախը՝ շրջելու եք Հայոց պատմության վերջին էջը, ինչը տեսնում ենք հիմա: Ցանկացած ժողովուրդ արժանի է իր իշխանությանը»:
Նա նկատեց՝ ամեն մարդ պետք է ընտրություն անի՝ ուզո՞ւմ է Հայաստան, թե՞ ոչ, և եթե ուզում է, ուրեմն՝ պետք է պայքարի:
Դիտարկմանը՝ մարդիկ արագ փոփոխություններ են ուզում, նա այսպես արձագանքեց. «Արագ փոփոխությունը 2018 թվականն էր: Արագ փոփոխությունները կոչվում են հեղափոխություն, իսկ հեղափոխությունից վերջում օգտվում են սրիկաները: Հերթական անգամ ուզում եք՝ սրիկաներն օգտվե՞ն»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում
0Comments