Նա պետք է որոշում կայացնի հրադադարի կնքման մասին․ Բլինքենը՝ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նոր ղեկավարի մասին

Մանրամասներ
համաս

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հավաստիացնում է, որ Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ գործարքի կնքման հնարավորությունը եւ Մերձավոր Արեւելքում իրավիճակն ընդհանուր առմամբ կախված են Յահյա Սինվարից, որն ընտրվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի նոր ղեկավար։

«Ինչ վերաբերում է Սինվարին, ապա նա եղել եւ մնում է նա, ով պետք է վերջնական որոշում կայացնի հրադադարի գործարքի կնքման մասին»,- ասել է Բլինքենը Աննապոլիսի (Մերիլենդի նահանգ) մամուլի ասուլիսում ամերիկա-ավստրալական «երկու գումարած երկու» ձեւաչափով բանակցությունների արդյունքներով։ Նրա խոսքով՝ Սինվարի ընտրությունը ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նոր ղեկավարի պաշտոնում «հաստատում է այն փաստը, որ հրադադարի եւ Գազայում խաղաղության ու անվտանգության մասին որոշումը ընդհանուր առմամբ նրան է պատկանում»։

Բլինքենի կարծիքով՝ պաղեստինյան անկլավում հրադադարի գործարքի բանակցությունները  գտնվում են ավարտական փուլում։ «Եվ ես կարծում եմ, որ այն պետք է կնքվի որքան հնարավոր է շտապ»,- նշել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։