Փաշինյանի հրաժարականի պահանջով Կանադայի Բրիտանական Կոլումբիայի հայ համայնքը դիմում է ՀՀ դեսպանին

Մանրամասներ
կանադա

Կանադայում Հայաստանի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Տիկին Անահիտ Հարությունյանին

Դեսպան Հարությունյան,

Ես՝ Եկատերինա Թաիրյանս, այս բաց նամակով դիմում եմ Ձեզ ՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինչպես նաև Բրիտանական Կոլումբիայի հայ համայնքի անունից, որի անդամները շփոթված և անհանգստացած են հայրենիքում ընթացող զարգացումներով և խորապես մտահոգված են Տավուշի և Հայաստանի անվտանգության համար։

Ակնհայտորեն, Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ Հայաստանի ներկայիս իշխանությունը ակտիվ քայլեր է ձեռնարկել Տավուշում Հայաստանի դե ֆակտո սահմանի որոշ հատվածներ թշնամուն հանձնելու ուղղությամբ, ինչը թույլ կտա ադրբեջանական զինուժին առաջ շարժվել դեպի նոր շահեկան դիրքեր։ Այս ամոթալի արարի առանցքային դերակատարներն են վարչապետ Նիկոլ Փաշինյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով նախագահում է այսպես կոչված սահմանազատման գործընթացը, ինչպես նաև արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Տեղեկություններ կան, որ ադրբեջանական զինուժն արդեն տիրապետում է կամ շուտով կվերահսկի Ոսկեպար-Բաղանիս միջպետական մայրուղու հատվածները։ Քաղաքացիները, ովքեր ինքնակազմակերպվել են՝ բողոքելու այս վտանգավոր և անօրինական գործողությունների դեմ, ահաբեկվում և դաժանորեն հետապնդվում են ոստիկանության կողմից՝ որն ընդգծել է Freedom House-ը:

Թշնամական պետությանը (որն օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի մի շարք հատվածներ Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում) միակողմանի զիջումների այս գորընթացը, ոչ միայն հապճեպ ու խառնաշփոթ է, այլև հակասահմանադրական։

Սահմանազատման և սահմանագծման ցանկացած օրինական գործընթաց պետք է վավերացվի Սահմանադրական դատարանի և Ազգային ժողովի կողմից, և ի սկզբանե պետք է հիմնված լինի փոխհամաձայնեցված սկզբունքների և երաշխիքների վրա: Փոխարենը` տեղի են ունենում «փակ դռների ետևում» բանակցություններ՝ առանց հանրային հաշվետվողականության:

Ավելին, ներկա գործողությունները սպառնում են երկրի ազգային անվտանգությանը` թույլատրելով թշնամական պետությանը վերահսկել հիմնական մայրուղիներ ու ռազմական դիրքեր, և հեշտությամբ շրջափակել քաղաքացիական բնակավայրերը: Քաղաքացիների մեծ մասը դեմ է այդ գործողություններին, հատկապես, երբ Ադրբեջանը շարունակում է Հայաստանին սպառնալ նոր ագրեսիայով։ Ինչպես գիտեք, Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումներից անմիջապես հետո ես եկա Օտտավա Ձեզ հետ հանդիպելու։

Ես ձեզ կոնկրետ հարցեր ուղղեցի այն մասին, թե ի պաշտոնե ի՞նչ քայլեր եք ձեռնարկում պաշտպանելու Արցախի ինքնորոշման և արցախահայերի իրենց հայրենիք վերադարձի իրավունքը. դուք չկարողացաք այս հարցերին համոզիչ պատասխաններ տալ: Այդ հանդիպումից ի վեր Հայաստանի արտաքին գործերի նախարարության կայքը հեռացրել է «Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը» վերնագրով ինտերնետային էջը. գնալով ավելի ակնհայտ է դառնում, որ մեր երկրի արտաքին քաղաքականությունն աննախադեպ շրջադարձ է կատարել՝ երես թեքելով Արցախից, իսկ այժմ արդեն՝ Տավուշից։

Եթե մենք պետք է հավատանք, որ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերին ծառայելու Ձեր մտադրությունները անկեղծ են, ապա Դուք պետք է անհապաղ ձեռնարկեք հետևյալ գործողությունները.

1) Հրատապ ուղերձ փոխանցեք կառավարության Ձեզ հասու բարձրագույն օղակներին, (անձամբ կամ հեռահար), առ այն որ Դուք և Կանադայի հայ համայնքը խստորեն դատապարտում եք Տավուշում մեր պաշտպանական գծի ստատուս քվոն խախտելու հակասահմանադրական և միակողմանի քայլերը՝ դրանով իսկ | սպառնալով Հայաստանի ազգային անվտանգությանը,

2) պահանջեք որ Նիկոլ Փաշինյանը և իր կառավարությունը հրաժարական տան և հրապարակայնորեն ընդունեն, որ Տավուշում սահմանի խաթարումը հարկադրված, ոչ լեգիտիմ և հապճեպ գործընթացի հետևանք է,

3) պահանջեք, որ այսպես կոչված սահմանագծման և սահմանազատման գործընթացները կասեցվեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք չեն ընթանում բարեխղճորեն, արդար սկզբունքների ներքո և միայն Ադրբեջանի հետ համապատասխան պայմանագիր կնքելուց հետո, որը կներառի Արցախի կարգավիճակի հարցը,

4) տեղեկացրեք Կանադայի Ձեր գործընկերներին, որ վերջին զարգացումները չեն ներկայացնում Հայաստանի լավագույն շահերը, այդ գործողություններին չեն սատարում հայրենիքում և սփյուռքում ապրող հայերի ճնշող մեծամասնությունը: Եթե դուք ի վիճակի չեք կամ չեք ցանկանում կատարել վերը նկարագրված պահանջները, ապա պետք է է անհապաղ հրաժարական ս տաք ինքներդ՝ ի նշան բողոքի և կոչ անեք մյուս դեսպաններին անել նույնը:

Նվազն այլևս անընդունելի է: Դուք մեղսակից կհամարվեք մեր երկրի անվտանգության և արտաքին քաղաքականության այս աղետալի ձախողումներին և հայոց հայրենիքի թուրք-ադրբեջանական օկուպացմանը: Եվ վերջում, անձնական մի նկատառումով. վստահ եմ լավ հասկանում եք, որ մեր ժողովուրդը թևակոխել է պատմական մի շրջան, որտեղ մենք պետք է կառավարենք հայ ազգի գոյության սպառնալիքները, ինչպես 109 տարի առաջ: Իմ կարողությունների առավելագույն չափով ես փորձում եմ կայացնել որոշումներ, որոնցով կհպարտանամ ապագայում, հուսով եմ, որ Դուք կվարվեք նմանապես:

Հարգանքներով` Դոկտոր Եկատերինա (Քեյթ) Թաիրյան,

MD MPH Ավագ դասախոս

Սայմոն Ֆրեյզերի Համալսարան

Վանկուվեր, ԲԿ., Կանադա

27 ապրիլի, 2024 թ