Հայ Դատի մարմինը ողջունել է Կանադայի արտգործնախարարի կոչը՝ ի նպաստ արցախցիների ինքնորոշման իրավունքի

Մանրամասներ
կանադա

ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի մարմինը գնահատել է Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլիի կոչը՝ վստահություն հայտնելով, որ դա COP29-ի ժամանակ անդրադարձ կունենա Կանադայի դիրքորոշման մեջ։ 

Հիշեցնենք՝ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին Արցախի հայաթափման առաջին տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հատուկ հայտարարությամբ։ Նա, ի թիվս այլնի, կարևորել է Արցախի հայության ինքնորոշման իրավունքի իրացումը։ 

«ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Լիբանանի մէջ Քանատայի դեսպան Սթեֆանի ՄքՔալըմին յղեց նամակ մը, որուն մէջ անդրադարձաւ Քանատայի արտաքին գործոց նախարար Մելանի Ժոլիի Արցախի հայաթափման առաջին ամեակի առիթով 22 սեպտեմբերին հրապարակած յայտարարութեան։

Հայ դատի մարմինը մեծապէս գնահատեց արցախահայութեան ցեղային զտման վերաբերող հարցերուն նկատմամբ Քանատայի սկզբունքային դիրքորոշումը՝ վստահութիւն յայտնելով, որ այդ դիրքորոշումը պիտի ներառուի ՔՈՓ29-ի ընթացքին արտայայտուելիք Քանատայի պաշտօնական դիրքորոշման մէջ՝ «ապահովելու համար արտաքին գործոց նախարար Ժոլիի կոչի գործադրումը»։

Քանատական դիւանագիտութեան պետը 22 սեպտեմբերին իր հրապարակած յայտարարութեան մէջ Ազրպէյճանին կոչ ուղղած էր՝ ազատ արձակելու հայ պատերազմական գերիներն ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան կամայականօրէն կալանաւորուած ներկայացուցիչները, յարգելու արցախահայութեան ապահով ու արժանապատիւ տունդարձի իրաւունքը, եւ գտնելու Արցախի հարցին քաղաքական լուծում մը, որ կը յարգէ հիմնարար սկզբունքները, ներառեալ ինքնորոշման իրաւունքը», - նշվում է հաղորդագրության մեջ։