«Adjara Voyage»-ը խմբագրել է սկանդալային գրառումը, որով Լոռին, Տաշիրը և ՀՀ մշակութային հուշարձանները ներկայացվում էին «պատմական Վրաստան»

Մանրամասներ
սալոմե

Վրացական տուրօպերատորը, որը հայկական Լոռին, Տաշիրը և այնտեղ գտնվող մշակութային հուշարձանները ներկայացրել էր՝ որպես «պատմական Վրաստան», փոփոխել է դեպի Հայաստան շրջագայության նկարագրությունը՝ հեռացնելով «պատմական Վրաստան», «Մեծ Վրաստան» ձևակերպումները։

Նշենք, որ նախօրեին մեծ աղմուկ բարձրացրեց օրերս Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի անձնական ֆեյսբուքյան էջում տարածված գրառումը, որով վրացական «Adjara Voyage» տուրիստական գործակալությունն առաջարկում էր շրջագայություն դեպի ՀՀ, մասնավորապես՝ Լոռի և Տաշիր, առաջարկվում էր այց դեպի Օձունի, Ախթալայի, Հաղպատի, Սանահինի եկեղեցիներ, այց Քոբայրավանք, ինչպես նաև Դեբեդ գետի հովիտ։

«Պատմական Վրաստան։ Յուրահատուկ մշակույթ, որը, ցավոք, մնաց Լոռիում։ Հիշենք և փառաբանենք խորհրդավոր, հավերժ և Մեծ Վրաստանը», -նշված էր «Adjara Voyage» տուրիստական գործակալության գրած նկարագրությունում՝ հավելելով, որ «տխուր, բայց պարտադիր շրջագայություն է»։

Ուշագրավն այն էր, որ սա իր էջում տարածել էր Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Տուրիստական գործակալությունն այսօր տեղադրել է նույն շրջագայությունը, սակայն փոփոխված, խմբագրված։ Աղմկահարույց նկարագրությունը փոխվել է հետևյալ կերպ՝ «Վրաց-հայկական պատմությունների զարմանալի սինթեզ ճանապարհորդի հետ»։

Գրառումից հանվել են «պատմական Վրաստան», «Մեծ Վրաստան» և նմանատիպ առավելապաշտական բնույթի որակումները, որոնք Վրաստանի նախագահի կողմից տարածվելուց հետո կարող էին հանգեցնել մինչև անգամ միջպետական սկանդալի։

Հարկ է նշել, որ Զուրաբիշվիլին չի հեռացրել այդ գրառումը ֆեյսբուքյան իր էջից։

Նշենք նաև, որ երեկ համացանցի հայկական տիրույթում այս գրառման բարձրացրած աղմուկի ֆոնին բազմաթիվ էին մեկնաբանությունները, թե օգտահաշիվը, որտեղ տարածվել է վրացական տուրօպերատորի աղմկահարույց հայտարարությունը, չի պատկանում Վրաստանի նախագահին։

Շատերը նույնիսկ նշում էին հանգամանքը, որ Վրաստանի նախագահն ունի ֆեյսբուքյան վերիֆիկացված պաշտոնական էջ, իսկ գրառումը տարածած էջը չի պատկանում Զուրաբիշվիլիին և օգտագործվում է մեկ այլ անձի կողմից։

Սակայն #CivilNetCheck-ը պարզել էր, որ աղմկահարույց գրառումը տարածած օգտահաշիվն իսկապես պատկանում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, պարզապես դա Վրաստանի նախագահի անձնական էջն է։

«#CivilNetCheck-ի հետ զրույցում Վրաստանի նախագահական գրասենյակի մամուլի բաժնից հաստատել են, որ ֆեյսբուքյան էջը, որով տարածվել էր գրառումը, պատկանում է Սալոմե Զուրաբիշվիլիին։ Սա փաստացի նրա ոչ պաշտոնական էջն է, որտեղ առկա են նաև բազմաթիվ անձնական լուսանկաներ և տեղեկություններ»,- գրել էր #CivilNetCheck-ը։

Աղբյուր՝ 168.am