Ալիեւն արդեն երեք անգամ շնորհավորել է Վրաստանի կառավաող կուսակցությանը խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առիթով

Մանրամասներ
Իրակլի Կոբախիձե Ալիև

2024թ. հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն արդեն երեք անգամ շնորհավորել է «Վրացական երազանքին» հաղթանակի կապակցությամբ, հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը։

«Օգտվելով առիթից՝ եւս մեկ անգամ անկեղծորեն շնորհավորում եմ ձեզ «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակի կապակցությամբ, որը դուք ներկայացնում եք ընտրություններում, եւ մաղթում նորանոր հաջողություններ ձեզ եւ ձեր ամբողջ թիմին», - հունվարի 17-ին ասել է Ալիեւը Բաքվում, Կոբախիձեի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Ձեր կուսակցության հաղթանակը առանձնակի նշանակություն ունի, որպեսզի Հարավային Կովկասն այսուհետ դառնա կայուն տարածաշրջան, եւ մենք ուրախ ենք այս հաղթանակի համար՝ որպես ձեր ընկերներ եւ եղբայրներ»,- ավելացրել է նա։

Ադրբեջան այցը Կոբախիձեի առաջին օտարերկրյա այցն է ընտրություններից հետո, տեղեկացրել է «Новости-Грузия»-ն։

Ալիեւը նշել է, որ վերջին 10 ամիսների ընթացքում Վրաստանի վարչապետը երեք անգամ այցելել է Բաքու, սակայն ներկա այցը «առանձնահատուկ նշանակություն ունի»։ Կոբախիձեն, իր հերթին, համոզված է, որ Ալիեւի հետ վերջին հանդիպումը «ուղի կհարթի Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցության հետագա ամրապնդման եւ ընդհանուր նպատակներին հասնելու համար»։

Ալիեւը նախ շնորհավորել է «Վրացական երազանքին» հոկտեմբերի 27-ին տարած հաղթանակի կապակցությամբ՝ ասելով, որ «քվեարկությամբ Վրաստանի քաղաքացիներն իրենց աջակցությունն են հայտնել զարգացմանը, կայունությանը եւ ավանդական արժեքներին»։

Նոյեմբերին նա կրկին շնորհավորել է Կոբախիձեին, այս անգամ անձամբ, Բաքվում Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ շրջանակային կոնվենցիայի շրջանակում։

Ադրբեջանի նախագահը նաեւ այն սակավաթիվ համաշխարհային առաջնորդներից է, որը շնորհավորել է Միխայիլ Կավելաշվիլուն Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Դա տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ին՝ խորհրդարանում քվեարկության ավարտից մի քանի ժամ անց, որը բոյկոտել էր ընդդիմությունը։ Ալիեւից բացի Կավելաշվիլուն շնորհավորել են Հայաստանի, Բելառուսի, Սերբիայի, Հունգարիայի, Թուրքիայի եւ Չինաստանի ղեկավարները։