«Պետք է տարբերակներ գտնենք միասնական տոմսային համակարգի փուլային ներդրման համար»․ Տիգրան Ավինյան

Մանրամասներ
ավինյան

 

«Նրանք, ովքեր ասում են, որ նույն գումարով կարելի է տրանսպորտային նոր համակարգը պահել, ուղղակի գիտակցաբար սուտ են խոսում»,- գործակագավարական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով միասնական տոմսային համակարգի ներդրմանը, ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Կոպեկի վերադարձ առաջարկող ընդդիմադիր գործընկերները վաղը, երբ մենք սկսենք պայքարել էդ կոպեկի դեմ և ավտոբուսները կանգնեն, մարդիկ էլ կանգառներում կագնած մնան, կասեն՝ քաղաքապետարանն է մեղավոր։ Քաղաքական բանսարկությունը նոր ժանր է դարձել»,- ասաց Ավինյանը՝ նշելով, որ չեն պատրաստվում տարբեր կարևոր ծրագրեր զոհաբերել հանուն տրանսպորտի սուբսիդավորման․ «Մի քանի քաղաքական բանսարկուներ գիտակցաբար մանիպուլյացիաներ են անում՝ մարդկանց դրդելով, որ ճնշումը մեծանա։ Առաջարկում եմ ամենանվազագույն տարբերակները գտնենք՝ միասնական տոմսային համակարգի փուլային տրամաբանությամբ ներդրման համար։

Գնային առումով, որտեղ կարող ենք ավելի ճկուն գտնվել, պետք է ավելի ճկուն գտնվել։ Մեր նպատակն այն չէ, որ մարդիկ ավելի շատ վճարեն, մեր նպատակն է, որ 4 տարի հետո էս տրանսպորտային համակարգը չմաշի գնա, ինչպես մաշել ա ամեն ինչ էս երկրում»,- ասաց Ավինյանը՝ նշելով, որ չպետք է մեկ սանտիմետր անգամ շեղվել տոմսային համակարգի ներդրման ճանապարհից և որ կոպեկի շրջանառություն չի կարող նորից սկսվել․ «Այդ կաշառակերությունը նորից չի կարող վերադառնալ համակարգ։

Պետք է շարունակենք նոր լուծումներ գտնել։ Անցումը պետք է շատ ավելի սահուն լինի և մարդկանց պետք է հնարավորություն տանք նվազագույնը առաջին մեկ-երկու ամսում ավելի խորապես ինֆորմացվել»,- նշեց Ավինյանը՝ տալով համապատասխան հանձնարարականներ։