Պետք է պայմաններ ստեղծենք բոլոր տեղական ավիափոխադրողների համար

Մեր պատկերացումն այն չէ, որ կառավարությունը պետք է ավիաընկերություն ստեղծի և ազգային ավիափոխադրողի կարգավիճակ տա նրան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ-ում է, հանդիպել է Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Մասնակիցներից մեկը վարչապետին հարցրեց ազգային ավիափոխադրող ունենալու հեռանկարի մասին:

«Մեր պատկերացումն այն չէ, որ կառավարությունը պետք է ավիաընկերություն ստեղծի և ազգային ավիափոխադրողի կարգավիճակ տա նրան: Նախ, քննարկումների մեջ ենք «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների կառավարումը ստանձնած ընկերության հետ: Փորձում ենք համատեղ հասկանալ, թե որտեղ ինչ խնդիրներ ունենք: Ուշադիր ուսումնասիրում ենք կառավարության այն որոշումը, որով հռչակվել է բաց երկնքի քաղաքականությունը, փորձում ենք հասկանալ, թե ինչքանով է այն համապատասխանում այսօրվա մեր ապհանջներին և ապագայի մեր կարիքներին: Փորձում ենք նաև լրջորեն վերլուծել, թե մեր գործընկերների հետ հարաբերություններն ինչքանով են համապատասխանում ԻԿԱՕ-ի կողմից սահմանված ստանդարտներին»,-ասաց վարչապետը:

Միաժամանակ նա նշեց, որ տեղական ավիափոխադրողներ ունենալը ստրատեգիական նշանակության հարց է:

«Մեր պատկերացումն այն չի, որ ինչ-որ ընկերության շնորհենք մենաշնորհ: Պետք է ստեղծենք հնարավորություն, պայմաններ բոլոր տեղական փոխադրողների համար»,-ասաց Փաշինյանը: