Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին, արձագանքելով ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարությանը, թե Ուկրաինան նախապատրաստվում է քիմիական զենքի կիրառմանը, թվիթերյան գրառման մեջ նշել է, որ այս ամենը Ռուսաստանի կողմից ակնհայտ կեղծիք է, որով այն փորձում է արդարացնել իր կանխամտածված, չհրահրաված և չհիմնավորված հարձակումն Ուկրաինայի դեմ, գրում է Ամերիկայի ձայնը։
«Այժմ, երբ տեսնում ենք Ռուսաստանի կողմից այս կեղծ պնդումները, և Չինաստանը, կարծես, հավանություն է տալիս այս քարոզչությանը, մենք պետք է ակնկալենք, որ Ռուսաստանը քիմիական կամ կենսաբանական զենք կկիրառի Ուկրաինայում կամ կեղծ դրոշով գործողություն կանցկացնի՝ օգտագործելով դրանք: Տրամաբանությունը պարզ է»,- նշված է Փսակիի թվիթերյան գրառման մեջ։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարությունը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Կրեմլը «միտումնավոր բացահայտ կեղծիքներ է տարածում այս կապակցությամբ, որ Միացյալ Նահանգները և Ուկրաինան քիմիական և կենսաբանական զենք են մշակում Ուկրաինայում»: Դրա մասին հայտարարել է ասվում է պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:
Փրայսը մեղադրել է Մոսկվային ապատեղեկատվություն տարածելու մեջ՝ ափսոսանք հայտնելով, որ այդ «դավադրության տեսություններին» հավատացել են Չինաստանի որոշ պաշտոնական շրջանակներ:
«Սա կատարյալ անհեթեթություն է, և սա առաջին դեպքը չէ, երբ Ռուսաստանը նման կեղծ մեղադրանքներ է ներկայացնում այլ երկրների հասցեին։ Բացի այդ, այս պնդումները տարիների ընթացքում համոզիչ և բազմիցս հերքվել են»,- ասվում է հայտարարության մեջ։
Ըստ Փրայսի, Ռուսաստանը կեղծ պատրվակներ է հորինում՝ փորձելով արդարացնել Ուկրաինայում իր սարսափելի գործողությունները։ Միացյալ Նահանգները Ուկրաինայում քիմիական կամ կենսաբանական լաբորատորիաներ չունի և չի շահագործում, շեշտել է Փրայսը՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը լիովին կատարում է Քիմիական զենքի և կենսաբանական զենքի կոնվենցիաներով ստանձնած իր պարտավորությունները` առանց որևէ տեղ նման զենք մշակելու կամ ունենալու:
Նա նաև նշել է, որ Ռուսաստանն ինքը ակտիվորեն զբաղվում է քիմիական և կենսաբանական զենքի ստեղծմամբ և խախտում է Քիմիական զենքի և Կենսաբանական զենքի մասին կոնվենցիաները։
0Comments